Ցուցարար Վ. Պետրոսյանի ներակայացուցիչը պահանջում է կարճել գործի վարույթը
18:52, May 29, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2017 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործի քննությունը:
Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ցուցարարին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով, իսկ Վ. Պետրոսյանը հակընդդեմ հայցով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:
Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը և Վ. Պետրոսյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Ս. Մելիքյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը: Նշեց, որ ներկայացված հայցով պահանջում են Վ. Պետրոսյանին վարչական պատասխանատվության ենթարկել 2016 թ. մարտի 24-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում իրականացված հավաքի ժամանակ հավաքի բնականոն ընթացքը խախտելու և ներկայացված պահանջը չկատարելու համար:
Վ. Պետրոսյանի ներկայացուցիչն առարկեց ներկայացված հայցի դեմ և պահանջեց ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը: Ս. Մելիքյանը նշեց, որ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ մեկ արձանագրությունը, որն էլ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի նյութերի հետ ներկայացվել է դատարան:
Տ. Սիրադեղյանը գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է միայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված իրավախախտմանը, իսկ դատարանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը կարող է քննարկել միայն համապատասխան արձանագրության առկայության դեպքում:
Դատարանը հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնա գործն ըստ էության լուծող դատական ակտով:
Այնուհետև Տ. Սիրադեղյանը ներկայացրեց հակընդդեմ հայցի հիմքերը և առարկան: Նա նշեց, որ ոստիկանության գործողությունները հանգեցրել են Վ. Պետրոսյանի՝ հավաքների ազատության, կարծիքի ազատ արտահայտման, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտմանը:
Դատարանն անդրադարձավ նաև ապացուցման ենթակա փաստերի պարզմանը, որոնք, ըստ դատարանի, Վ. Պետրոսյանի կողմից հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող գործողություններ կատարելու, նրան պահանջ ներկայացնելու, այդ պահանջի օրինական լինելու, նրան ձերկալելիս ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները ներկայացնելու, ազատության զրկումից բխող իրավուքները և ազատությունները պարզաբանելու փաստերն են:
Դատաքննության օր նշանակվեց 2017 թ. հուլիսի 7-ը՝ ժամը 14:30-ը:
Հիշեցնենք, որ Վ. Պետրոսյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին: Հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ: