Արթուր Սաքունցը՝ Արարատ Խանդոյանի և մյուս «Սասնա ծռերի» ծեծի մասին
15:00, June 29, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա Ծռեր«Իշխանությունները կամ վստահ չեն իրենց կողմից իրականացրած քրեական գործի հիմնավորվածության վրա և փորձում են կամ դատական պրոցեսն ամբողջովին վերցնել իրենց հսկողության ներքո՝ ճնշումներ բանեցնելով թե Սասնա ծռեր խմբի անդամների, և թե նրանց փաստաբանների նկատմամբ, նաև դատական պրոցեսին մասնակցող քաղաքացիների նկատմամբ, որովհետև բռնություններ և բերման ենթարկման փորձեր կատարվել են նաև դատարանի դահլիճում գտնվող անձնանց նկատմամբ, կամ հրապարակավ պատժիչ գործողություններ են իրականացնում ՝ ցույց տալու համար, որ որևէ դիմադրություն, բողոք չեն հանդուրժելու, որպեսզի իրենց արդեն իսկ նախագծված սցենարը պարտադրեն»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նկուղային հարկում ծեծի ենթարկված Սասնա ծռեր խմբի անդամ Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի և մյուսների հետ տեղի ունեցած դեպքին:
Հիշեցնենք, որ ծեծի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել էր Արա Ղարագյոզյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Մեր հարցին՝ գուցե իշխանությունը մտավախությունի ունի այն առումով, որ 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել, այդ պատճառով էլ նման քայլերի են գնում, Սաքունցը պատասխանեց. «Իշխանությունները թքած ունեն ընդհանրապես հետո ինչ կանեն, կարդարացնեն, ՄԻԵԴ-ը ինչ որոշում կկայացնի, իրենց համար կարևոր է, որ խնդիրը լուծվի այս պահին, նրանք հետոյի մասին չեն մտածում: Կանցնի մի 5 տարի կանդրադառնան:
Նրանք ոչ թե հեռանկարային մտածողություն ունեն, այլ միայն կարճաժամկետ խնդիրներ լուծելու մարտավարություն»: