«Ապրիլյան պատերազմի զոհերին հերոսացնելով՝ կոծկել սեփական հանցագործությունը, անբարոյականություն է»
12:01, April 3, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱպրիլյան պատերազմից հետո հնչող շատ հարցեր մինչ այժմ պատասխան չունեն: Պատերազմի արդյունքում բացահայտված թերացումների մասին խոսեցին նաև իշխանությունները, հարուցվեցին քրեական գործեր, սակայն թերացումների պատասխանատու պաշտոնյաներին հասարակությունն այդպես էլ չտեսավ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անցյալ տարվա մարտին ԱԺ-ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: «Դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր վարչապետը:
Վարչապետի հայտարարությունից հետո պատասխան տվողներ չեղան: Օրեր անց ՀՀ գլխավոր դատախազությունը մամուլով հերքեց վարչապետին՝ ասելով, որ, քննելով ապրիլյան պատերազմում զոհվածի հոր համանման հայտարարությունը, պարզել է, թե 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և, հետևաբար, մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել, ու թեման փակվեց:
Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Forrights.am-ի հետ զրույցում պատասխանելով Ապրիլյան պատերազմից քաղած դասերի առթիվ հարցին՝ ասաց.
«Ամենակարևոր «դասը», որ քաղել են, Արցախի ՊՆ Մովսես Հակոբյանին առաջխաղացման են ենթարկել, նշանակել են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ: Ուրիշ դաս չկա: Առաջխաղացում է ունեցել այն ժամանակվա Արցախի պաշտպանության նախարարը»: Մինչդեռ թերացումների պատասխանատուն, ըստ նրա, նախևառաջ Արցախի պաշտպանության նախարարն էր: Քոչարյանը նաև հավելեց, որ իհարկե որոշ մարդիկ հեռացվել են բանակից.
«Երևի էդքանը բավարար են համարել: Ես կարծում եմ, դա բավարար չէր: Մինչև ապրիլը պետք է անընդհատ բանակը բերված լիներ անհրաժեշտ պատրաստվածության»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համակարծիք է, որ Ապրիլյան պատերազմի արդյունքում զինված ուժերում բացահայտված համակարգային խնդիրների և լուրջ հանցագործությունների առթիվ քրեական գործերի հարուցում և քննության իրականացում չտեսանք:
«Պատերազմական իրավիճակում բացթողումներն արժենում են մարդկային կյանքեր, իսկ զոհերին հերոսացնելով՝ կոծկել սեփական հանցագործությունը, դա անբարոյականություն է: Ավելին, եթե չկա պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը, ապա ի՞նչ երաշխիք, որ հիմա էլ բացթողումներ չկան, կամ որ խախտումները վերացնելու ուղղությամբ պատշաճ քայլեր են կատարվում»,-հարց բարձրացրեց իրավապաշտպանը: Արթուր Սաքունցը նաև հավելեց.
«Ես չեմ կարծում, որ գլխավոր հրամանատարությունը չգիտի, թե ինչ թերացումներ և խայտառակ բացթողումներ են բացահայտվել: Համոզված եմ, որ իրենք ավելի շատ տեղեկատվության են տիրապետում, բայց որդեգրվեց բացթողումները կոծկելու, սքողելու ճանապարհը: Որդեգրվեց այդ բացթողումների մասին հրապարակային հաշվետվություն և բացատրություն չտալու վարքագիծը»:
Նրա խոսքով՝ հարց է առաջանում՝ ով է պատասխան տալու այն ամենի համար, ինչ չի արվել դիրքերում մինչև ապրիլյան պատերազմը: «Կամ այդքան տարի ուր են գնացել այդ միջոցները, որոնք հատկացվել էին այդ նպատակներով: Այստեղ տեսնում ենք նաև բացթողումների համար պատասխանատուներին պատասխանատվության չենթարկելու վարքագիծը»,-տեսակետ հայտնեց իրավապաշտպանը՝ եզրակացնելով, որ պատերազմից դասեր չեն քաղել. «Որովհետև համակարգն ինչպես եղել է կոռումպացված, այնպես էլ մնում է, համակարգում ինչպես մնացել են անպատիժներ, այնպես էլ մնում են»:
Արցախի նախկին հրամանատարներից ազատամարտիկ Վահան Բադասյանը, ով այսօր էլ առաջին գծի մոտ է ապրում, գոհ է դիրքերի ներկա վիճակից: Ասում է, որ այո, մենք կիսատ ինժեներական կառույցներ դիրքերում ունեցել ենք, նաև՝ մի շարք սարքավորումների պակաս, սակայն հիմա շատ բաներ կան, որ չեն եղել մինչև ապրիլը:
«Ահագին փոփոխություններ են կատարվել, մինչ այդ ինչ թերություններ ունեցել ենք, շտկված են: Առաջնագծի ինժեներական այնքան աշխատանք է արվել, որ 20 տարվա մեջ չէր արվել: Բացի դրանից, ստեղծվել են գաղտնի կոմունիկացիաներ, որոնց շնորհիվ մեր կողմն իմանում է թշնամու ներթափանցման փորձերի մասին: Թշնամու անօդաչու սարքերն առաջվա պես չեն վխտում մեր տարածքում և հետախուզություն չեն կարողանում կատարել: Հակառակ դրա, մենք արդեն կարողանում ենք հետախուզություն կատարել: Մեր պաշտպանությունը բաղկացած է մի քանի գծերից և գաղտնի դիրքեր ունենք, որտեղ որ գիշերը դարանակալում են հնարավոր դիվերսիոն թափանցումները կանխելու, որսալու և ոչնչացնելու համար»,-ասաց Արցախում ապրող ազատամարտիկը:
Վահան Բադասյանը համոզված է, որ արվածը հնարավորություն կտա հարձակման նոր փորձերը կանխել:
«Ես վստահ եմ, որ կանխվելու են, իսկ նեգատիվ երևույթները, որ եղել են մինչև ապրիլը, կարող ենք ասել՝ մի մասը քրեական են, կապված բանակի բարձրագույն հրամանատարության հետ, գտնում եմ, որ պաշտոնանկությունները ճիշտ են եղել, բայց նույնիսկ քիչ են եղել: Դաշտային հրամանատարները շատ լավ տղաներ են, մարտական լավ անցյալն ունեն, սակայն չեն կարողացել արագ կողմնորոշվել և օպերատիվ գործողություններ ձեռնարկել»,-եզրափակեց ազատամարտիկը: