«Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի». անհայտ կորածների ընտանիքները դեռ սպասում են
12:19, August 30, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հակամարտություններից տուժածների իրավունքներՕգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Լատինական Ամերիկայում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Վանաձորում, Բաքվում, Թբիլիսիում, Գյանջայում և Ստեփանակերտում:
Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով ավելի քան 10 տարի առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Այն իրավասու պետական կառույցների ուշադրությանն արժանացավ միայն 2010 թ.-ին: ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսվեցին օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 2011 թ. ապրիլին դրանք արդեն ավարտվել էին, սակայն ՀՀ Ազգային Ժողովում օրենքի նախագծի վերջնական ներկայացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:
ՀՀ Արդարադատության նախարարությունը 2015 թ.-ի օգոստոսի 4-ի գրությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան, օրենքի նախագծի ընդունումը համարել է ոչ հրատապ:
1994 թ.-ի զինադադարից հետո հրադադարի ռեժիմի խախտման և պարբերական թեժացման հետևանքով երկուստեք կորուստները շարունակվում են, ղարաբաղաադրբեջանական բաժանարար գծում և հայ-ադրբեջանական սահմանագծում գերևարվում և անհայտ կորչում են բազմաթիվ անձինք: Խնդրին բախվեցինք նաև բոլորովին վերջերս՝ 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:
Այս իրավիճակում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը ոչ միայն հրատապ է, այլև դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ և հնարավորություն տալ ապահովելու անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը:
Լոռու մարզի Թումանյան քաղաքի իր փոքրիկ տանը ամուսնու հետ ապրող 67-ամյա տիկին Անահիտը դժվարությամբ է հիշում, թե վերջին անգամ երբ է իրեն երջանիկ զգացել: Որդու՝ անհայտ կորած համարվելուց ավելի քան 20 տարի է անցել, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հույսը ընտանիքը չի կորցրել: Բայց և ինչպես այդ հարցում, այնպես էլ իրենց սոցիալական խնդիրները լուծելու հարցում պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել և ստանալու ակնկալիք էլ չունեն:
«20 քանի տարի անցել ա…ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ոչինչ չենք ակնկալում: Օտարերկրացին կօգնի, բայց իրանցից հույս չկա». վրդովված ասում է նա:
Տիկին Անահիտի որդին՝ Արամ Զաքարյանը, անհայտ կորած է համարվում 1994 թ.ից:
«Տեղեկանք են տվել, որ դիրքում է եղել երևանցի տղայի հետ, էդ ժամանակ շրջափակման մեջ են ընկել և մնացել այնտեղ, – պատմում է մայրն ու սրբում աչքերը, – [….] դրանից հետո ոչ մի բան: Երբեմն իրենք (պետական կառույցների ներկայացուցիչները.-հեղ.) են գալիս, հարցնում ընթացքի մասին, նորություններ փորձում իմանալ»:
Ընտանիքը սեփական միջոցներով է փորձել գտնել նրան կամ գոնե տեղեկություն իմանալ. «Կարմիր Խաչին էլ ենք դիմել, ուրիշ կառույցների էլ, ոչ մի բան: Երևան ենք գնացել, Ղարաբաղ, հարցուփորձ ենք արել»:
Սոցիալական խնդիրների մասին են պատմում, թե ինչպես են ամեն օր ստիպված լինում հաղթահարել դրանք, ինչպես են փորձում լուծել առողջական խնդիրները. «Վերջերս վիրահատվել եմ, գումար չունեինք, որ վճարենք, վարկ ենք վերցրել: Պարտքերի մեջ գնըմ ենք»:
Հարցնում ենք՝ ինչպես եք կազմակերպում ձեր առօրյան, այ օրինակ վաղը ի՞նչ եք անելու: «Լա քնենք, վեր կենանք, մնա վաղը».- ծիծաղելով զրույցին է միանում Արմենակ Զաքարյանը՝ Արամի հայրը, ապա ավելացնում. «Գնում եմ անտառ, գալիս, գնում եմ ձկնորսության: Տանը, որ մնամ, կհիվանդանամ»:
Ապա մեկը մյուսին լրացնելով՝ հայրը, մայրը, եղբայրը՝ Հայկազը, հիշում են Արամին, պատմում՝ ինչպիսին էր նա: Տապակած կարտոֆիլ էր սիրում ուտել, սիրում էր ծաղիկներ քաղել ու նվիրել: Շատ քաղաքավարի էր, մաքրասեր: Նկարչական կրթություն ուներ, երաժշտական գործիքներ էլ էր նվագում, երգում հայրենասիրական երգեր, լուսանկարում: Պատմում են հարազատներն ու հիշում նրա հետ վերջին հանդիպումը:
«Նոյմբերի 23-ն էր, ձյուն էր: Սահնակի վրա նստեցրած նրան ու ընկերոջը տարանք Քոբեր կայարան՝ ճանապարհելու: Գնացքով էին գնում: Նստեցրինք սահնակին, ամբողջ մայրուղում քաշելով տարանք, հասցրինք կայարան». կիսաժպիտ հիշում է եղբայրը:
Վերջինը հայրն է նրան տեսել, երբ այցելել է դիրքեր 1993 թ.-ին:
«Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի: Գնում եմ եկեղեցի, ամեն օր աղոթում, որ գոնե տեղեկություն իմանանք: Հաճախ զգում եմ նրա ներկայությունը, բայց գիտեմ, որ էստեղ չի». եզրափակում է տիկին Անահիտն ու առաջարկում տեսնել այն սենյակը, որտեղ պահվում են Արամի իրերը. ոչինչ չի փոխվել, լուսանկարչական սարքերը, դհոլը, սիրելի իրերն ու լուսանկարները:
Ռազմական գործողությունների հետևանքով հարյուրավոր զինծառայողներ Հայաստանում համարվում են անհայտ կորած, նրանց հարազատները դեռևս անորոշության մեջ են, իսկ նրանց իրավական, սոցիալական, առողջապահական և շատ այլ խնդիրները մնում են չլուծված:
Տես նաև՝