«Սվետլանա Սարգսյանը՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի» գործով կայացավ առաջին նախնական դատական նիստը
10:42, March 30, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. մարտի 29-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Ավետիսյանի, կայացավ ըստ հայցի Սվետլանա Սարգսյանի՝ ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի գործով առաջին նախնական դատական նիստը: Դատարան ներկայացված հայցով Ս. Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ զինվորական կոմիսար Հ. Մուրադյանի՝ 2015 թ. մայիսի 11-ի միջամտող վարչական ակտը, պարտավորեցնել վերջինիս վճարել իրեն չվճարված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի գումարները, ինչպես նաև պարտավորեցնել իր նկատմամբ 2015 թ. հունվարի 1-ից նշանակել պարգևավճար:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր Սվետլանա Սարգսյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Պատասխանողը դատական նիստին չէր ներկայացել, սակայն միջնորդություն էր ներկայացրել գործով պատշաճ պատասխանող ներգրավելու մասին այն պատճառաբանությամբ, որ Կառավարության որոշմամբ ՀՀ Զինվորական կոմիսարիատը ներառված է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքում, որը ՀՀ Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է:
Տ. Սիրադեղյանը նշեց, որ հայցադիմումի ներկայացման պահին պատասխանողի ընտրությունը կատարվել է վերապահումով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորին կերակրողին կորցնելու կենսաթոշակը նշանակվել և վճարվել է զինվորական կոմիսարիատի կողմից:
Հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը միջնորդեց գործով որպես պատասխանող ներգրավվել նաև ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև որպես երրորդ անձ ներգրավվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը:
Բավարարելով ներկայացված միջնորդությունը՝ Դատարանը հետաձգեց դատական նիստը՝ գործով ներգրավված մյուս մարմիններին ծանուցելու նպատակով և նշանակեց ևս մեկ նախնական դատական նիստ:
Հաջորդ նախնական դատական նիստը տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 27-ին, ժամը 11:30-ին: