Նման մեթոդներով արդեն հնարավոր չէ կանխել այն, ինչ լինելու է
00:16, July 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններLragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, երեկ գիշեր մենք ականատես եղանք ոստիկանության կողմից ցուցարար քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնությունների ու գործողությունների: Ի՞նչ է տեղի ունենում:
Փաստորեն, Սերժ Սարգսյանն անցավ թիրախային պատժիչ գործողությունների ոչ միայն Սարի թաղի բնակիչների, այլ նաև բոլոր այն գործիչների նկատմամբ, ովքեր ըստ էության փորձում էին քաղաքացիների բողոքի գործողություններին տալ կազմակերպված բնույթ: Շատ լավ գիտակցելով, որ այդ կազմակերպված գործողությունները շատ ավելի լուրջ փոփոխության կհանգեցնեն, որովհետև ըստ էության ձնագնդի էֆեկտով կարող են տարածվել, ոստիկանությունը փորձեց բռնի ուժով, հատուկ միջոցների կիրառմամբ, անթաքույց ահաբեկչությամբ ստիպել մարդկանց, որպեսզի նրանք վախենան: Դրա հետևանքով քաղաքացիների ստացած մարմնական վնասվածքներն այս լարվածությունն էլ ավելի կմեծացնեն: Այդ բռնի գործողություններն այնքան անզուսպ էին, որ նույնիսկ տարածվում էին հիվանդանոցներում, այսինքն՝ նաև առողջական խնդիրներ ունեցող մարդկանց էին փորձում բերման ենթարկել: Իհարկե, հասկանալի է, որ նման մեթոդներով հնարավոր չէ կանխել այն, ինչ լինելու է, և Սերժ Սարգսյանն արդեն հստակ անցավ ռուբիկոնը: Նա արդեն գտնվում է Յանուկովիչի մոդելի մեջ, այսինքն՝ չգիտի հասարակական կամ քաղաքական որևէ այլ գործիք, որը կարող է աշխատել: Ինքը դարձել է նաև իր իսկ ստեղծած իրավիճակի զոհը, և անխուսափելի է նրա հեռանալը:
Երեկվա ակցիայի ժամանակ կա՞ր ցուցարարների կողմից արված այնպիսի գործողություն, որի համար ոստիկանությունը պետք է նմանօրինակ գործողությունների դիմեր: Այսինքն՝ անօրինականություն եղե՞լ է ցուցարարների կողմից:
Քաղաքացիներն իրենց գործունեության ճիշտ շրջանակներում ինքնաբուխ հավաքներ են արել, որոնք ունեցել են խաղաղ բնույթ: Տեսնելով, որ այդ ամենն իրապես օրինական է, փորձեցին մի քանի անգամ, նաև երեկ իրենց իսկ կողմից ուղարկված սադրիչների միջոցով հրահրել բախումներ, որպեսզի տպավորություն լինի, որ խաղաղ ցույցն այլևս դադարում է որպես այդպիսին լինելուց: Այսինքն՝ հող ստեղծեցին իրենց կողմից բռնություններ կիրառելու համար: Բայց երեկ Սարի Թաղում չկար բախումների որևէ էլեմենտ, ավելին, ոստիկանության կողմից կային բացարձակ ապօրինի պահանջներ, և հենց ի սկզբանե հակված էին ուղղակի կատարել բռնի գործողություններ, որն ուղեկցվեց լայնածավալ ահաբեկումներով, ընդհուպ մինչև մարդկանց բնակարաններ մուտք գործելով: Երեկ նաև նոր գործոն ներգրավվեց, դա օլիգարխների, տվյալ դեպքում Թոխմախի Մհեր կոչվածի թիկնազորի կամ նրան ենթակա մարդկանց ներգրավումն էր ընդդեմ քաղաքացիների բռնի գործողությունների: Սրա մասին կան բազմաթիվ վկայություններ նաև Սարի թաղի բնակիչների կողմից:
Այստեղ շատ կարևոր մի հարց կա, որը պետք է արձանագրել: Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր գործողություններով կազմալուծեց բոլոր իրավական ինստիտուտները, իրավական ամբողջ համակարգը դադարեց գոյություն ունենալուց, և գործում են միայն հրահանգները, որոնք կարող են ըստ պահի պայմանավորվել միայն սուբյեկտիվ ընկալումներով: Իսկ այդ սուբյեկտիվ ընկալումների հիմքում վախն է, վախ՝ կորցնելու իշխանությունը, վախ՝ ենթարկվելու պատասխանատվության, որն անխուսափելիորեն կրելու է ինքը՝ և մինչ այդ կատարած ապօրինությունների, և այդ 13 օրվա ընթացքում կատարվածի համար, որոնք աննխադեպ էին իրենց շարունակականությամբ ու դաժանությամբ: Կարծում եմ, որ պահն է եկել, որ իրապես արդեն մարտահրավերը ընկալվի և ընկալվելու է ամբողջ հանրության կողմից՝ անկախ նրանց բնակության վայրից: Երկրորդը, միջազգային կառույցներն անպայման պետք է լուրջ իրենց ներկայությունը ցույց տան, որպեսզի հետագա արյունահեղությունն ու լարվածությունը կանխվի, որովհետև իշխանությունները բացարձակապես չեն գիտակցում իրենց գործողությունների հետևանքները, ինչը կարող է հանգեցնել հետագա արյունահեղության:
Նաև լրագրողների նկատմամբ աննախադեպ բռնությունների ականատես եղանք, ի՞նչ նպատակ էր սա հետապնդում:
Լրագրողների նկատմամբ գործողություններ էլի են եղել, բայց երեկ իրենց պահվածքը շատ նման էր հուլիսի 23-ի պահվածքին, երբ Երանոսյանի կողմից հրահանգ տրվեց առգրավել ու ոչնչացնել լրագրողների գործիքներն ու նյութերը, նաև բռունցքներ օգտագործել լրագրողների նկատմամբ: Սա ևս փաստում է, որ հրահանգը՝ իրապես բռնություններ կիրառել առանց որևէ փաստերի պահպանման, հստակ այդպիսին էր: Լրագրողները միայն այդ պահին օպերատիվ փաստագրողներն էին, և նրանց նկատմամբ այդ բռնությունները նաև միտված էր կոծկելու իրենց այդ գործողությունները, որպեսզի չփաստագրվեն: