Պետական մարմինները քանի՞ միավոր զենք են պարգևատրել և ու՞մ
17:11, July 30, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԲուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշեցինք պարզել, թե քանի միավոր զենք է պարգևատրվել, որ պետական մարմնի կողմից և ում:
Մեր տեղեկատվական հարցումներն ուղարկվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության և ոստիկանության ծառայություններ, ՀՀ Կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն: Հարցմամբ պահանջվել էր տեղեկատվությունը տրամադրել 1992թ.-ից մինչև օրս/2015թ հունիսի 29-ը/ ընկած ժամանակահատվածում պարգևատրված զենքերի վերաբերյալ:
Ըստ պետական մարմիների տրամադրած տեղեկատվության անցած 23 տարիների ընթացքում պարգևատրվել են ընդհանուր թվով 2291/երկու հազար երկու հարյուր իննսուն մեկ/ միավոր զենքով: Առավել շատ զենք պարգևատրել է պաշտպանության նախարարությունը՝ 873 միավոր, այնուհետև ոստիկանությունը՝ 787 միավոր, ՀՀ կառավարությունը՝ 418, ազգային անվտանգության ծառայությունը՝ 174 միավոր, և առավել քիչ թվով ՀՀ նախագահի աշխատակազմը՝ 39 միավոր: Ի դեպ, ՀՀ Նախագահի աշխատազմի կողմից զենքով պարգևատրումները կատարվել են 1998թ-ից:
Բոլոր պետական կառույցները հայտնել են, որ չեն կարող տրամադրել այն անձանց տվյալները, որոնք պարգևատրվել են զենքով, հղում կատարելով տարբեր իրավական նորմերին:
Ազգային անվտանգության ծառայությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին: «1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք. 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.», իսկ մնացած մարմինները՝ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածին. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»:
Այսպիսով, ըստ պետական մարմինների մոտեցման, զենքով պարգևատրվածների անուն ազգանունները տվյալները համարվում են անձնական գաղտնիք: Այս հարցն իհարկե մեր կողմից կուսումնասիրվի, կփորձենք հասկանալ նման մոտեցման տրամաբանությունը՝ իրավական հիմնավորումների տեսակետից:
Այնուամենայնիվ, գտնում ենք. ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ բացի ուժային և իրավապահ մարմինների ներկայացուցիչներից, զենք կրելու իրավունք ունեն նաև ՀՀ այլ քաղաքացիներ, որոնք կարող են որոշ իրավիճակներում նաև կիրառել այդ զենքը: