Լոռու մարզի դատախազի ունեցած տվյալները իրական վիճակագրությանը չեն համապատասխանում
10:41, January 30, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խտրականության արգելում2018 թ. հունվարի 12-ին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին՝ Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանի «հակաիրավական վարքագիծ ունեցող» բնակիչների նկատմամբ հսկողություն սահմանելու հարցով:
Դատախազն իր միջնորդագրում հիշատակել էր վերջին շրջանում հանրակացարանում կատարված մի դեպքի մասին և ընդհանրացնելով՝ նշել, որ «հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության [….] դեպքեր»:
Միջնորդագրում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի դատախազին ուղղված 2018 թ. հունվարի 15-ի հարցմամբ փորձել է պարզել, թե ինչ նկատի ունի Լոռու մարզի դատախազը «հակաիրավական» հասկացության տակ, ինչպես է դա որոշել, և ինչ փաստական հանգամանքների հիման վրա է ներկայացրել այդ միջնորդությունը:
Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվական հարցումներով դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին և ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնին՝ տեղեկատվություն հայցելով 2016-2017 թթ. վերոնշյալ հանրակացարանում կատարված հակաիրավական դեպքերի և դրանց հիման վրա հարուցված քրեական գործերի և ահազանգերի քանակի վերաբերյալ:
Չնայած Լոռու մարզի դատախազի միջնորդությամբ ներկայացված իրավախախտման և հանցագործության դեպքերի վերաբերյալ գնահատականին՝ ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության տրամադրած տեղեկատվությունն այլ պատկեր ունի. 2016 և 2017 թթ.-ին հանրակացարանում կատարված դեպքերի հիման վրա հարուցվել է 1-ական քրեական գործ:
Ինչ վերաբերում է Ոստիկանության ստացած ահազանգերին, ապա 2016 թ. ստացված 39 և 2017-ին ստացված 23 ահազանգերից միայն մեկական անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության:
Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման պատասխանում հրաժարվում է մեկնաբանել «հակաիրավական» եզրույթի բովանդակությունը և բավարարվում է հղում կատարելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին, որում, սակայն, վերոնշյալ եզրույթը հիշատակված չէ:
Իսկ Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանը, ՀՔԱՎ-ի հարցմանն ի պատասխան, վստահեցրել է, որ հանրակացարանում հսկողություն է իրականացվում ինչպես պարետի, այնպես էլ համայնքապետարանի ներկայացուցչի միջոցով: Մ. Ասլանյանը հավելել է, որ «հնարավորության դեպքում նախատեսված է սենսորային լուսավորության համակարգ և տեսախցիկներ տեղադրել»:
Ի դեպ, հանրակացարանում բնակվում են 31 ընտանիք և 6 միայնակ քաղաքացիներ, ընդհանուր թվով՝ 72 հոգի:
Այսպիսով՝ ակնհայտորեն գործ ունենք ըստ բնակության վայրի մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, խարանի ձևավորման փաստերի հետ, որը ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի (Խտրականության արգելքը) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում է: