Զեկույց. ՔԿՀ-ներում չգրված օրենքներն ավելի ազդեցիկ են, քան իրավական ակտերը
19:40, October 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբն արդեն 13-րդ տարին է, ինչ գործում է, ամեն տարի ներկայացնում կալանավորների և ազատազրկվածների պահման պայմանները, սննդի որակը, բուժսպասարկումը և այլն:
2016թ.-ի տվյալներով, բուժսպասարկման հասանելիությունը և որակն օրակարգային թիվ մեկ խնդիրն է. ՔԿՀ-ներն ապահոված չեն համապատասխան մասնագիտական բուժանձնակազմով, դեղամիջոցներն էլ իրենց հերթին ճշգրիտ չեն բաշխվում, նաև թույլ է զարգացած հոգեբանական ծառայությունը:
«Դրական տեղաշարժի մասին, եթե խոսենք, կարձանագրենք միայն որոշ ՔԿՀ-ների բուժհաստատությունների բարվոք և սանիտարահիգենիկ վիճակը, համապատասխան սարքավորումների առկայությունն ու բուժսպասարկումը»,- իր զեկույցում նշեց Նարե Մեսրոպյանը:
Դիտարկելով ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում կալանավորների պահման պայմանները՝ խմբի անդամներն արձանագրեցին, որ ոչ բոլոր տեղերում է պահպանվել կալանավորի նվազագույն բնակելի տարածությամբ ապահովելու օրենսդրական պահանջը և բնակության պաշտաճ՝ արժանապատվությունը չնսեմացնող պայմանները:
Առկա է սանհանգույցների, ջրի, լոգարանների և զուգարանների հիգենիկ պայմանների, անգամ սպիտակեղենի, ինչպես նաև գերբնակեցման խնդիր: Ըստ զեկույցի՝ սարսափելի է ոչ միայ սննդի որակն ու քանակը, այլև դրաց պահման պայմանները: Արձանագրվել է դեպք, երբ հացը հատակին գցված է եղել, ճաշը պատրաստվել է թթված բանջարեղենով, սննդի միջից էլ միջատներ են դուրս եկել:
«ՀՀ ողջ տարածքում գտնվող ՔԿՀ-ներում դիտարկվել են 95 խուց, որոնց բարվոքության վիճակը գնահատվել է 15,6%-ի դեպքում՝ գերազանց, 28%-ի դեպքում՝ բարվոք, 43,6%-ի դեպքում՝ միջին, 10,8%-ի դեպքում՝ ոչ բարվոք, իսկ 2%-ի դեպքում՝ պայմաններն ուղղակի անմարդկային էին»,- արձանագրում է Զարուհի Հովհաննիսյանը:
Նախորդ տարիների համեմատ, ըստ սահմանված չափանիշների չեն բարելավվել ՔԿՀ-ների սննդի որակն ու պատրաստման պայմանները. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ,
3833 կալանավորից 359-ը հրաժարվում է սննդի օրական իր չափաբաժնից: ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ շաբաթվա ճաշացանկը սահմանում է՝ կալանավորներն ամեն օր՝ բացի կիրակիից, ընթրիքին ուտում են կարտոֆիլ մակարոնով, իսկ կիրակի օրն այն տրամադրվում է նախաճաշին: Հատկանշական է, որ ճաշացանկում ներառված է նաև ձեթը, մինչդեռ այն ոչ թե պատրաստի սնունդ է, այլ հումք՝ սնունդ պատրաստելու համար:
Դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումներին, նշելով, որ 2016թ. մեկ հանձնուքի արժեքը տատանվում է 30 000-80 000 դրամի սահմաններում, իսկ տոնական օրերին կարող է հասնել մինչև 100 000 դրամի:
Զեկույցի քննարկմանը ներկա ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հաստատեց այս փաստը. «Կոռուպցիա կա, բոլորս էլ գիտենք, բոլոր համակարգերում էլ կա, բայց հանձնուքների հատվածն այնպես ներկայացվեց, որ կարծես բիզնես է դրված: Իրականում, շատ դեպքերում այդ խնդիրները վերացված են: Մենք չենք կարող գնալ ամեն մեկի ձեռքից բռնել, բայց եթե վերացնենք կամ նվազեցնենք, ապա այդ խնդիրը կվերանա։ Եթե ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը լուծենք, խնդիրը նվազագույնի կհասցվի»:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Արայիկ Զալյանն անցում կատարեց կալանավորների ինքնավնասմանը և հացադուլին:
2016թ. արձանագրվել է հացադուլ հայտարարելու 385, իսկ ինքնավնասման՝ 879 դեպք, որից կանխվել է 135-ը: Փաստենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են 2 դատապարտյալի կողմից:
Փաստաբան, դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանն իր խոսքում նշեց կալանավայրերում քրեական ենթամշակույթի առկայության մասին: «ՔԿՀ-ներում ամենախնդրահարույց հարցը, թերևս քրեական ենթամշակույթի առկայությունն է, չգրված օրենքներն ավելի ազդեցիկ են, քան իրավական ակտերը: Հենց սա է պատճառը, որ առկա են տարբեր շերտավորումներ` «խուց նայող», «զոն նայող»: Վատը նա է, որ աշխատակիցներն էլ իրենց հերթին զոհ են դառնում այդ ենթամշակույթին: Իրենք էլ են սկսում հաշվի նստում դրա հետ»:
Զեկույցի քննարկման վերջում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը փաստեց, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այն եզակի ինստիտուտներից մեկն է, երբ իշխանության մարմինների հետ` տվյալ դեպքում Արդարադատության նախարարության հետ կա ռեալ համագործակցության հարթակ, որտեղ խնդիրները ոչ միայն բարձրաձայնվում են, այլև փորձում են հնարավորինս լուծում տալ դրանց: