«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղաշարժվելն արժե 10․000-30․000 դրամ
18:03, October 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Քրեակատարողական հիմնարկներՊահման պայմանները, բուժսպասարկումը, խտրականությունը խոցելի խմբերի նկատմամբ, մահվան դեպքերը, կոռուպցիոն ռիսկերը շարունակում են անհանգստացնել քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկում անցկացնող դիտորդներին։ Դիտորդական խումբը, որում ընդգրկված են 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսօր ներկայացրեց 2016թ․ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները։ Հաշվետվությանը զուգահեռ՝ «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին նաեւ Հայաստանի տարբեր ՔԿՀ-ներում կատարված լուսանկարներ, որոնցում արտացոլված են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաունցին, օրինակ, մտահոգում է, որ ՔԿՀ-ներում խոցելի խմբերի ներկայացուցիչները չեն բարձրաձայնում իրենց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։ Դիտորդ Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ կոռուպցիոն դրսեւորումներին՝ նշելով, որ դրանք ավելի շատ ի հայտ են գալիս հանձնուքի, վաղաժամկետ ազատման ժամանակ, ինչպես նաեւ առողջապահության ոլորտում։ Նրանք իրենց ելույթներում նշեցին նաեւ, որ ՔԿՀ-ներում բժիշկների աշխատավարձը ցածր է։
Հաշվետվությունում մանրամասն անդրադարձ կա ազատությունից զրկված անձանց ճաշացանկին, սննդի պահման պայմաններին, անձնական հիգիենային, խցային պայմաններին, ինքնավնասման եւ ինքնասպանության դեպքերին։ Օրինակ՝ 2016թ․ ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնավնասման 879 դեպք, կանխվել է ինքնավնասման 135 դեպք։ Հատկանշական է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նշված ժամանակահատվածում շուրջ 250 ինքնավնասման դեպքերը կատարվել են ընդամենը 2 դատապարտյալի կողմից։ Ինքնավնասումները հիմնականում դրսեւորվել են աջ եւ/ կամ ձախ նախաբազուկների, որովայնի, պարանոցի վնասումներով։ Արձանագրվել են նաեւ ոտքերը հատակին գամելու դեպքեր։ Դիտորդների կարծիքով՝ չի իրականացվել արդյունավետ քննություն, չի քննվել այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր էր կանխել ինքնավնասումները։
2016թ․ դիտորդների խումբն ուսումնասիրել է նաեւ 2011-2016թթ․ ԱՆ ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը։ 2016թ․ արձանագրվել է ինքնասպանության 7 դեպք (բոլոր 7 դեպքերով հարուցվել են քրեական գործեր)։ 2011-2015թթ․-ի ընթացքում արձանագրվել է ինքնասպանության ընդհանուր 18 դեպք։ Այսպիսով՝ նախորդ վեց տարիների ընթացքում ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնասպանության ընդհանուր 25 դեպք։ Պարզվում է, որ եթե 2012թ․ ինքնասպանությունների թիվը 2,3 անգամ կրճատվել էր, ապա 2016թ․ այդ թիվը նույնքան աճել է։
Ըստ դիտորդների՝ վաղաժամկետ ազատվելը շատ մեծ գումար է կազմում, ինչպես նաեւ պարտադիր է բարձրաստիճան պաշտոնյայի կամ որեւէ «հեղինակության» միջնորդություն։ 2016թ․ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ անկախ հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո դատարանի հաստատումը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 140 հազարից մինչեւ 240 հազար ՀՀ դրամ։ Բաց ռեժիմ տեղափոխվելն էլ, պարզվում է, որ բավականին թանկ հաճույք է․ այն կազմել է 700․000 եւ ավելի դրամ։ Բաց ռեժիմից 20 օրով արձակուրդ գնալը կազմում է 140․000-240․000 դրամ։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարկում տեղաշարժվելու արժեքը 10․000-30․000 դրամ է, պատժախուց չտեղափոխվելը՝ 25․000-50․000 դրամ։ 2013թ․ եւ 2016թ․ ուսումնասիրությունների արդյունքները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օրինակով ցույց տվեցին, որ կոռուպցիոն դրսեւորումները ՔԿՀ-ում ոչ միայն չեն վերացել, այլեւ որոշ դեպքերում նույնիսկ տեղի է ունեցել վճարումների դրույքաչափերի աճ։
2016թ․ տվյալներով՝ ՔԿՀ-ի բուժկետում մեկ ամիս գտնվելու համար կալանավորված անձը կամ դատապարտյալը հիմնականում վճարում է ամսական մոտ 90․000 դրամ, իսկ 2013թ․ այդ «ծառայության» արժեքը 50․000-60․000 դրամ էր։ Եթե ՔԿՀ-ում պահվող անձին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց հետազոտվելու համար, ապա նրան տեղափոխող աշխատակիցներին (պահակախումբ) նա վճարում է հիմնականում 5000 դրամ եւ/ կամ բենզինի գումարը (ինչպես 2013թ․, այնպես էլ 2016թ․ տվյալներով)։ 2016թ․ տվյալներով՝ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու թույլտվության ստանալու համար վճարը կազմել է 200-250 ԱՄՆ դոլար, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելու համար՝ 240․000-480․000 դրամ, իսկ «ԴՀ» ՔԿՀ-ում մեկ ամիս գտնվելու համար վճարվում է 50․000-70․000 դրամ։ 2013թ․ բջջային հեռախոսը ՔԿՀ մտցնելու գինը 5000-10․000 դրամ էր, իսկ 2016թ․ այդ «ծառայության» արժեքը բարձրացել է՝ կազմելով 30․000-50․000 դրամ։ Ընդ որում՝ 30․000 դրամը վճարվում է հասարակ բջջային հեռախոսների համար, իսկ 50․000 դրամը՝ բջջային հեռախոսի, որով հնարավոր էր օգտվել համացանցից։
Խուզարկության դեպքում կալանավորված անձի եւ/ կամ դատապարտյալի մոտ բջջային հեռախոս հայտնաբերելու եւ առգրավելու դեպքում գումար է վճարվում այն վերադարձնելու համար՝ 10․000-15․000 դրամի չափով։ ՔԿՀ-ում պահվող անձինք, որպես կանոն, չեն օգտվում նամակագրության իրենց իրավունքից։ Գրավոր հաղորդակցությունը հիմնականում կիրառվում է իրենց քրեական գործերով տարբեր ատյաններ դիմումներ ուղարկելիս։
Տես նաև՝ news.am