Սարի թաղի միջադեպի մասնակից-ոստիկանները բերման էին ենթարկվել դատարան
18:24, October 30, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա ԾռերԷրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր «Սարի թաղի գործի» քննությունը:
Հիշեցնենք, որ Սարի թաղի բնակիչներ Հրաչյա Բոյաջյանին, Արման Ադամյանին եւ Ժորա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության ծառայողների հանդեպ բռնություն գործադրելու համար: Նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին, երբ ոստիկանությունը փակել էր Սարի թաղից Խորենացի փողոց տանող ճանապարհը, բախում էր տեղի ունեցել նրանց եւ քաղաքացիների միջեւ:
Դատավոր Արթուր Օհանյանն արձանագրեց, որ պաշտպանները ներկա չէին՝ աշխատանքային զբաղվածության պատճառով, ուստի նիստը հետաձգվեց եւ նշանակվեց նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին:
Ի դեպ, դատարան էին եկել այս գործով վկա ոստիկանները, որոնք նախորդ նիստերում չէին ներկայանում: Դատարանը նրանց հանդեպ բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Վկաների թվում են ոստիկաններ Ազարիա Գեւորգյանը, Գուրգեն Ավագյանը, Արմեն Առուշանյանը, Հրաչյա Մուրադյանը, Վիլեն Համբարձումյանը: