Հովհ. Ղազարյանի դեմ Ոստիկանության հայցի քննությունը հետաձգվեց
15:03, November 30, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Հիմնադիր Խորհրդարան2016 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Լ. Հակոբյանի, «ՀՀ Ոստիկանությունը՝ ընդդեմ Հովհաննես Ղազարյանի» գործով նշանակված էր նախնական դատական նիստ: Նշենք, որ դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Հ. Ղազարյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը, ինչպես նաև պատասխանողի կողմից լիազորված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը:
Դատարանը նախ ստուգեց կողմերի ինքնությունը, և Տ. Սիրադեղյանի լիազորությունները չհաստատվեցին, քանի որ վերջինս դատարան ներկայացրեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Հովհ. Ղազարյանի կողմից հասարակ գրավոր ձևով տրված լիազորագիր, սակայն, Հովհ. Ղազարյանի բացակայության պայմաններոմ պետք է ներկայացվեր պատշաճ կարգով վավերացված լիազորագիր:
Միաժամանակ, նախագահող դատավոր Լ. Հակոբյանը հայտնեց, որ 2016 թ. նոյեմբերի 18-ին դատարան է մուտքագրվել Հովհ. Ղազարյանի դիմումն այն մասին, որ ինքը ցանկանում է մասնակցել սույն գործի քննությանը, և քանի որ գտնվում է նախնական կալանքի տակ, խնդրել էր ապահովել իր ներկայությունը դատական նիստերին:
Հաշվի առնելով, որ հնարավոր չի եղել ապահովել Հովհ. Ղազարյանի մասնակցությունը դատական նիստին, իսկ նրա ներկայացուցչի լիազորությունները պատշաճ ձևակերպված չեն՝ դատարանը նպատակահարմար չհամարեց նախնական նիստը շարունակելը և որոշեց հետաձգել այն:
Սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը կկայանա 2017 թ. հունվարի 18-ին՝ ժամը 16:30-ին:
Հիշեցնենք, որ Հովհ. Ղազարյանը ևս մասնակցել է 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սարֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, և ի թիվս հավաքի այլ մասնակիցների, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրա նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: