Զորակոչիկ Հովհ. Մոսյանի տարկետման գործով դատաքննությունը վերսկսված է
08:36, May 30, 2017 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՏեղեկացնում ենք, որ 2017 թ. մայիսի 30-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կվերսկսվի Հովհաննես Մոսյանի առողջական վիճակի մասին ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը վերացնելու վերաբերյալ հայցադիմումի քննությունը:
Հայցադիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի արձանագրությամբ Հովհաննես Մոսյանին ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանի 5-րդ հոդվածի գ կետի առաջին սյունակի պահանջի հիման վրա տրամադրվել է 10 ամիս ժամկետով տարկետում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից, մինչդեռ հայցվորի հիվանդության առկայության պայմաններում պետք է կիրառվեին հիշյալ հրամանի այլ հոդվածի դրույթներ, որով տարկետում է տրամադրվում 3 տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ 2017 թ. փետրվարի 23-ին կայացած դատական նիստի ընթացքում Նախագահող դատավոր Կ. Բաղդասարյանը պարզաբանեց, որ Հովհ. Մոսյանի մոտ ախտորոշված հիվանդության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով կիրառելի հոդվածի պարզման համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքներ, ուստի՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն է առաջացել:
Դրանով պայմանավորված՝ գործի վարույթը կասեցվեց:
Հովհ. Մոսյանի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: