Պերմյակովին ռազմաբազայում դատելն ամբողջապես չի բավարարում գյումրեցիների պահանջները, բայց դա միակ լուծումն է. Շիրակի թեմի առաջնորդ
15:37, March 31, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՌուսական կողմի վերջին հայտարարությունը` Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Գյումրու 102-րդ ռազմաբազայի տարածքում դատելու մասին, ամբողջապես չի բավարարում Գյումրու բնակչության պահանջները, բայց, ցավոք, միակ լուծումն է: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ , Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
«Ամբողջական բավարարված չէ, բայց կարծում եմ, որ տրամաբանության և իրականության սահմաններում միակ լուծումն է: Ցավոք, գուցե: Գործի քննության համար երևի էսպես ավելի նպատակահարմար է»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել էր, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար, կկայանա Հայաստանի տարածքում։ Նշենք նաև, որ նույն հայտարարությամբ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հանդես էր եկել վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Այսօր առանց ավելորդ կոմպլեմենտարության քննչական մարմինն իրականացրել է մեծածավալ աշխատանք: Միայն 4 հազար վկաներ են հարցաքննվել: Ռուսաստանի քննչական մարմինները շատ սերտ համագործակցել են հայաստանյան քննչական մարմինների հետ և, արդեն կարելի է ասել այն մասին, որ հետաքննության մեջ որոշակի առաջընթաց է արձանագրվել: Ես իրավասու չեմ խոսել այնպիսի բաների մասին, որոնք հասկանալիորեն նախաքննական գաղտնիք են հանդիսանում, բայց դատը կկայանա տեսանելի ապագայում: Ինչպես հայկական կողմն է խնդրել, դատը՝ զինվորական տրիբունալը, տեղի կունենա այստեղ՝ Հայաստանի տարածքում, Գյումրիում, բնականաբար։ Դատավճիռը կլինի համարժեք», – ասել էր Սլուցկին:
Հարցին, էլ, թե դատավարությունը կընթանա բաց, թե փակ ընթացակարգով, Սլուցկին դժվարացել էր պատասխանել, այդուհանդերձ նշել էր, որ որպես պատգամավոր, իր համար ընդունելի է դատավարության բաց տարբերակը:
Շիրակի թեմի առաջնորդից տեղեկացանք նաև, թե արդյոք քաղաքում այն ցավը, ցնցումը, որ կար, երբ տարեսկզբին տեղի ունեցավ Ավետիսյանների զարհուրելի ոճրագործությունը, հաղթահարվել է, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նկատեց, որ գյումրեցիները շատ տոկուն և դիմացկուն ժողովուրդ են:
«Գյումրեցիները երկրաշարժ են հաղթահարել, 12 000 մարդու կորուստ են հաղթահարել, այնպես որ, այս կորուստն էլ կհաղթահարեն: Եվ արդեն հաղթահարել են»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը:
Ավետիսյանների սպանված հարսի հոր` Անդրանիկի շահերի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ, փաստորեն, ռուսական կողմը հայտարարել է, որ ինչպես կուզեն, այնպես էլ գործընթացը կիրականացնեն և Հայաստանին փորձում են զրկել դատական այդ պրոցեսին լիարժեք մասնակցությունից: Նա նաև հիշեցրեց, որ Սլուցկին այլ հայտարարություններ էլ է արել:
«Եվ եթե շատ խնդրենք, կարող է թույլ տան ներկա գտնվենք»,- ասաց Արթուր Սաքունցը և ավելացրեց. «Այս վերջին պատվիրակությունն ասես հատուկ եկել էր Պերմյակովի գործով ինչ-որ որոշումներ հրապարակայնացնելու համար և այդ թվում, որ ՀՀ կառավարության խնդրանքով է նախաքննությունը և դատաքննությունն իրականացվելու ՀՀ տարածքում: Եվ նաև ուրիշ այլ միտք էին արտահայտել, որ եթե նույնիսկ դատական նիստերը փակ լինեն, այսինքն` անհասանելի լինեն տուժողների իրավահաջորդների կամ նրանց շահերի ներկայացուցիչների, կամ հայ հասարակության համար, ապա դատական վճիռը կլինի դռնբաց»:
Իրավապաշտպանը հավելեց, որ հիմնական խնդիրն այն է, որ Ավետիսյանների գործով սպանության քննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի կողմից և նախաքննության ավարտից հետո նյութերն ուղարկվելու են Հայաստանի դատարան:
«Մենք Ավետիսյանների սպանության գործով ռուսական կողմից իրականացվող քննության հետ որևէ առնչություն չունենք: Եվ չենք էլ ուզում ունենալ»,- ավելացրեց Արթուր Սաքունցը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը Tert.am-ի հարցին, թե արդյոք դատարան է ուղարկվելու երկու գործ`մեկը ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացվող նախաքննության վարույթի իրականացման ավարտին, մյուսը` ռուս իրավապահների, ասաց. «Կարող եմ միայն հավաստել, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:
Ինչ վերաբերում է հարցին, թե գործը, այնուամենայնիվ, ուղարկվելու է ՀՀ դատարան, Սոնա Տռուզյանն ասաց, որ երբ նախաքննությունն ավարտվի, նյութերն ուղարկվելու են նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հիշեցնենք, որ նախկինում հայտարարվել է, թե գործերը հնարավոր է միացվեն:
Եվ ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնեց քրեադատավարական իրավունքի մասնագետը, հնարավոր է, որ մեկ գործով երկու նախաքննություն իրականացվի, սակայն երկու դատավարություն չի կարող իրականացվել, ուստի բնական է, որ ինչ-որ մի փուլում գործերը միացվեն:
Աղբյուրը՝ www.tert.am