«102-րդ ռազմաբազայի հրամանատարին Ավետիսյանների սպանդի համար խրախուսել են»
15:41, March 31, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանդից հետո պաշտոնազրկված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկուն ռազմաբազայից հեռացնելով ոչ թե պատժել են, այլ պարգեւատրել: Այս կարծիքին է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հիշեցնենք, որ այսօր Շիրակի մարզի իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Ռուզինսկուն ուղարկել են Ռոստով՝ նշանակելով կորպուսի հրամանատար:
«Որ հասկանալի լինի, թե ինչ է արվել, ներկայացնեմ՝ Կորպուսն ընդգրկում է 2-ից 6 դիվիզիա, ընդհանուրը 25-ից 50 հազար անձնակազմով: Գյումրիի ռազմական բազայի անձնակազմը` 3-ից 5 հազար թվաքանակով, համազոր է բրիգադային: Հիմա պատժե՞լ են, թե՞ դիրքի ու պաշտոնի բարձրացում է կատարվել: Իհարկե, բարձրացում. այ սա է Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար պուտլերյան «պատասխանատվության» բնույթը: Ոչ թե պատասխանատվության ենթարկել սպանության համար, այլ խրախուսել պաշտոնի բարձրացմամբ»,- ասաց Արթուր Սաքունցը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այդ անձը դատարանի առջեւ պետք է կանգնի ու պատասխան տա՝ ինչու Հայաստանի ոստիկանությունից գաղտնի պահվեց Պերմյակովի փախուստի փաստը: Այդ անձը, Պերմյակովի անմիջական հրամանատարը, հրամանատարի հրամանատարը, այդ գիշերվա հերթապահը, պատասխանատուն պետք է կանգնեն դատարանի առջեւ: Եթե այդ անձանց նույնիսկ զինված ուժերից չեն հեռացնում, այլ միայն Հայաստանից են հեռացնում, որովհետեւ այստեղ վատ իմիջ են ստեղծել, նշանակում է, որ Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին»:
Աղբյուրը՝ www.aravot.am