Դատարանը գտել է, որ Գայանե Առուստամյանի իրավունքներն ու ազատությունները չեն խախտվել
12:01, March 31, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե ԱռուստամյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. մարտի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թադևոսյանի՝ 2015 թ. օգոստոսի 8-ի որոշման դեմ ներկայացրած բողոքը, որով վերջինս պահանջել էր գործն ուղարկել նոր քննության և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել Գայանե Առուստամյանի իրավունքների և ազատությունների խախտումները:
Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսի 8-ին Գայանե Առուստամյանի, իսկ մայիսի 13-ին՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 2015 թ. մայիսի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից Գայանե Առուստամյանի նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի վերաբերյալ:
2015 թ. մայիսի 13-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ավելի ուշ կարճվել է:
ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Թադևոսյանի՝ 2015 թ. օգոստոսի 8-ի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին վերոնշյալ որոշումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բողոքարկվել էր նախ վերադասության, ապա՝ դատական կարգով:
Դատարան ներկայացված դիմում-բողոքը հիմնավորվել է նրանով, որ նախաքննության մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով, գործում առկա ապացույցները օբյեկտիվորեն չեն գնահատվել, և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացվել է Գ. Առուստամյանի իրավունքների և ազատությունների խախտմամբ:
2016 թ. մարտի 17-ի որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ա. Սաքունցի ներկայացրած դիմում-բողոքը՝ գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքներն ու ազատությունները խախտված չեն:
Դատարանը գտնում է, որ իրականացվել է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն: Միաժամանակ նախաքննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքները հիմք չեն տալիս ենթադրելու, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններում առկա է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գայանե Առուստամյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատրաստվում են բողոքարկել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանանքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. մարտի 17-ի որոշումը: