Երեխայի մահվան գործով փորձագետի հարցաքննությունն անցավ շիկացած մթնոլորտում
14:31, June 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Երեխաների իրավունքներ | Լիա ՄիսակյանԱրաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չավարտվեց անփութության համար մեղադրվող «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկաբույժներ Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի վերաբերյալ քրեական գործով հրավիրված փորձագետ, բժշկագիտության թեկնածու, դոցենտ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Նա հունիսի 5-ին երրորդ անգամ կհրավիրվի դատարան: Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան համար առկա են փորձագիտական եզրակացություններ: Նախորդ նիստին պաշտպանական կողմից Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը խնդրել էր փորձագետին դատարան գալ այն գրականությամբ, որից օգտվել էին:
Փորձագետը դատարան էր ներկայացել համացանցային քաղվածքներով, ՌԴ առողջապահության նախարարության կողմից երաշխավորված դասագրքով, որի հեղինակն էր Ն.Շաբիլովան: Դասագիրքը նախատեսված էր ՌԴ բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ու Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դեմ էին, որ փորձագետն այս գրքից հղումներ անի: Մի գրքից, որն ըստ նրանց պետության կողմից չի ընդունվել: Իսկ տուժողների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ գործող սահմանադրությամբ նախատեսվում է տեղեկության տարածումը, գիտական, մասնագիտական գրականության, ցանկացած ձեւով, անկախ սահմաններից:
Պաշտպանական կողմն առաջնորդվում էր առողջապահության համաշխարհային կազմակերպության`ԱՀԿ չափորոշիչներով, ինչն էլ բուռն վեճի, փոխադարձ հանդիմանանքի առիթ դարձավ: Փորձագետը «հորդորեց» առաջնորդվել ԱՀԿ «պրոտոկոլներով», որը նման ելքի է հանգեցնում: Վեճին փորձեց միջամտել դատախազը, նույնքան տաքարյուն Դավիթ Կարապետյանը: Դատավոր Լեւոն Ավետիսյանին այլ բան չէր մնում ասել, քան նկատել, որ «այսօր կողմերից որեւէ մեկն իրեն նման չի»:
Ու երբ փորձագետը թարգմանաբար հղումներ էր անում այս ռուսալեզու դասագրքից, ուր թոքաբորբի բնորոշ առանձնահատոկություններն էին նշված, ասելով, թե իր հետ դահլիճում նստածներն էլ կհամաձայնեն, որ բարձր ջերմությունը, փսխումը, խզզոցով հազը, մաշկի գույնի փոփոխությունը, ջրազրկումը, ախորժակի բացակայությունը, կոկորդում` թարախը թոքաբորբի նշաններն են, դատական նիստին հետեւող բուժկենտրոնի բժիշկները ոչ միայն բարձր ծիծաղեցին, այլ տեղից միաժամանակ ասացին «համաձայն չենք»:
Փորձագետն ուզում էր ասել, որ թե՛ դասագրքում արձանագրվածը, թե՛ իրենց կողմից տրված եզրակացությունը, ինչպես նաեւ երեխայի հիվանդության պատմության նկարագրությունը համապատասխանում էին իրար: Երեխան ընդունվել է բուժկենտրոն, եւ առաջինն արձանագրվել է այն նշանները, որոնք հայտնել է երեխայի մայրը: Մայրը նկարագրել էր ճիշտ այն, ինչ արձանագրել էր բուժկենտրոնը: Պաշտպանական կողմը համաձայն չէր, որ մոր ասածները դրվել են փորձագիտական եզրակացության մեջ, իսկ փորձագետն էլ հարցնում էր, որ այդ դեպքում ինչու՞ է ընդունող բժիշկը Լիայի վիճակը գնահատել ծանր:
Ըստ փորձագետի՝ երեխայի մահը վրա է հասել թոքաբորբից, որը ժամանակին չի ախտորոշվել, եւ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացվել, իսկ պաշտպանական կողմն այսօր մի նոր վարկած առաջ քաշեց հարցի ձեւով. արյան քաղցկեղի: Փորձագետն ասաց, որ արյան մեջ փոփոխություններ չեն հայտնաբերվել:
«Ելնելով փորձագետի հանձնաժողովի արձանագրված դիրքորոշումից, ենթադրվում է, որ արյունաբանի կոնսուլտացիան էլ հնարավորություն կտար պարզելու երեխայի մոտ առկա հիվանդությունը եւ նշանակել համապատասխան բուժում»,-արձանագրել էր ԱՆ դատաբժշկագիտական գիտագործնական կենտրոնը: Առանձին վեճի առարկա դարձավ ռենտգենի պարտադիր -ցանկալի լինելու հարցը:
Փորձագետին ուղղված հարցերը որոշ դեպքերում կրկնվում էին: Ըստ դիակի դատաբժշկական եզրակացության՝ Լիա Միսակյանը տառապել է թարախային նշիկաբորբով, որոնք առաջացել են մինչեւ հիվանդանոց ընդունվելը: Լիայի մոտ թոքաբորբը եւ նշիկաբորբն ունեն մահվանից ` թոքաբորբը մոտ չորս-հինգ օր, նշիկաբորբը` յոթ օր առաջ վաղեմություն: Փորձագետներն արձանագրել էին, որ երեխայի հիվանդության պատմագիրը լրացված է ոչ պատշաճ, բացակայում են հիվանդի դինամիկ հսկողության մասին վկայող գրառումները, գրանցումները:
Ըստ բժշկագիտության թեկնածու, դոցենտ Գագիկ Հարությունյանի եզրակացության. «Եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լ. Միսակյանի առողջական օբյեկտիվ վիճակը, կազմակերպվեր ճիշտ հետազոտություններ, կատարվեր ճիշտ եւ ժամանակին ախտորոշում եւ համապատասխան բուժում, ապա չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխելու հիվանդության արագ եւ հարաճուն բացասական պրոգրեսիվ ընթացքը, սակայն եւ հարկ է նշել, որ անգամ այդպիսիք կատարվելու պատարագում էլ միանշանակ ասել, թե արդյոք բուժումը կարող էր լինել հաստատապես էֆեկտիվ, հնարավոր չէ»: Հաջորդ դատական նիստին կշարունակվի Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցաքննությունը: Նա միջնորդել է, որ փորձագիտական եզրակացության մահվան վերաբերյալ հետեւությունները հիմք չընդունվեն:
Աղբյուրը՝ www.aravot.am