Ապրիլյան պատերազմը պետք է դառնա խորհրդարանական լսումների թեմա. Արթուր Սաքունց
09:54, August 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, երբ «Սասնա ծռեր» ջոկատը հսկողության տակ վերցրեց Երեւանի Էրեբունու ՊՊԾ գունդը, տեղի ունեցան ՀՀ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ բռնության ակնհայտ դեպքեր։ «Սասնա ծռեր» ջոկատի անդամներն առ այսօր գտնվում են կալանքի տակ, նրանք ունեն առողջական խնդիրներ։
Հիմա, երբ տեղի ունեցած իրադարձություններից անցել է որոշ ժամանակ, կարծում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները պետք է հրավիրեին լսումներ՝ պատասխանատու պաշտոնյաների, իրավապաշտպանների մասնակցությամբ, հանրային քննարկման թեմա դարձնեին տեղի ունեցածը, որպեսզի հետագայում էլ բացառվի անպատժելիությունը։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 32-րդ հոդվածն է սահմանում. «Հանձնաժողովները իրենց վերապահված ոլորտներին վերաբերող հարցերով յուրաքանչյուր հերթական նստաշրջանում առնվազն մեկ անգամ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ այդ մասին տեղյակ պահելով ԱԺ նախագահին»։
ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հեռախոսն անջատած էր, եւ մեզ չհաջողվեց իմանալ՝ առաջիկայում, երբ ԱԺ-ն սկսի իր հերթական նստաշրջանը, պատրաստվու՞մ են կազմակերպել խորհրդարանական լսումներ, թե՞ ոչ։
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, որը մասնակցում է հրավիրվող խորհրդարանական լսումներին, մեր հարցին ի պատասխան, արձագանքեց. «Սասնա ծռեր»-ի զինված գործողություննեը չեն կարող ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դառնալ խորհրդարանական լսումների թեմա։ Խորհրդարանական լսումների թեմա կարող է դառնալ ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մահվան հանգամանքների ուսումնասիրությունը, Պաշտպանության նախարարության թերացումների թեման։ Պետք է քննարկել, թե որոնք էին այն պատճառները, որոնք հանգեցրին այդքան մեծ թվով զոհերի»։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռեր» ջոկատի գործողությունների ժամանակ լրագրողներին եւ ՀՀ քաղաքացիներին բռնության ենթարկելու փաստերի ուսումնասիրությանը, ապա Արթուր Սաքունցը նշեց, որ դրանց համար խորհրդարանական լսումներ պետք է կազմակերպի ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։ «Ոչ միայն «Սասնա ծռեր»-ի գործողությունների ժամանակ խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնությունների թեման պետք է արծարծվի այդ լսումների ժամանակ, այլ նաեւ՝ անցյալ տարի, «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ կիրառված բռնություններին։ Այս ամենը պետք է դառնա հանրային լսումների թեմա»,- կարծում է Արթուր Սաքունցը։
Փորձեցինք խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին իմանալ նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի կարծիքը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։