Ավետիսյանների հարազատներին սպառնացել ու վախեցրել են կրիմինալով
22:41, August 31, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԱյսօր Գյումրու Մյասնիկյան 188 տանը, որտեղ, հիշեցնենք, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, ասուլիս էին հրավիրել Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինեն ու Անահիտը:
Լուսինե Ավետիսյանը հայտարարեց, թե իրենց դեպքի առաջին իսկ օրվանից խաբել ու համոզել են, թե տեղի ունեցած աղմկոտ սպանության իրական դրդապատճառը կբացահայտվի, սակայն թե նախաքննությունը եւ թե դատաքննությունը ցույց տվեցին մեկ բան, որ ՀՀ իշխանությունների թելադրանքով գործը կոծկվել է:
«Առաջին պահից խաբել են մեզ բոլորը, սկսած դատավարությունից, ամբողջ քննությունից, ամեն ինչից դժգոհ ենք, մենք չունենք իշխանություն, մենք չունենք երկրի նախագահ, եթե իրենք լինեին, իրոք մարդ լինեին, կմտածեին, որ նույն բանը կարող էր լինել իրենց հարազատների հետ կամ հենց իրենց հետ: Ես վախենալու բան չունեմ, եթե սպանելու են, թող ինձ էլ սպանեն, եթե ես էս ամեն ինչը չպիտի իմանամ, ինչի պետք է իմ երկու բալեն մահանային, իսկ իրենք այդ ամենն անպատասխան թողնեին այս ամեն ինչը: Ռուսաստանում օդաչու սպանեցին, մինչեւ հիմա Պուտինն ասում է՝ ծնկաչոք թուրքը թող ներողություն խնդրի, հիմա յոթը հոգու սպանեցին, որից երկուսը՝ մանկահասակ, ինչի՞ չպիտի պատասխան տան, պետք է պատասխան տան բոլորը: Այս տանը թափված արյունն անպատասխան է մնացել»,- նշեց Լուսինե Ավետիսյանը:
Ավետիսյանների դուստրերը պնդում են՝ իրենց համար շատ կարեւոր հարցեր անպատասխան են մնացել, իրենք անհավանական են համարում առաջ քաշված վարկածը, թե Պերմյակովը միայնակ է գործել, իսկ դատաքննությունն էլ թատրոն են համարում:
«Մեր բոլոր հարցերն անպատասխան մնացին, ոչ մի միջնորդություն չբավարարվեց, իրենց ուղղակի պետք էր, որ ասեին՝ արեցինք վերջացրեցինք, ոչ մեկը մեր ոչ մի հարցի պատասխան չտվեց: Խամաճիկների թատրոն էր՝ սկսած դատավորից, դատախազից, էնտեղ գտնվող բոլորը, իրենց թատրոնը ցույց տվեցին, իրենց կերպարը կատարեցին: Մենք հավատում էինք, որ ի վերջո կարող է արդարություն լինի, քանի որ ոմանք տղամարդու խոսք էին տվել, ու ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը մեր թիկունքին է, մեր թիկունքին մեծ բանակ կունենանք, ոնց որ առաջին օրն էր, որ կանգնեցրին, բայց շատ եմ ափսոսում, որ կանգնեցրին, երբ մենք կանգնենք, մեր հայ ազգը մեր թիկունքին է, առաջինը գյումրեցին»,- նշեցին Ավետիսյանների դուստրերը:
Իսկ Լուսինեի ամուսինը հայտարարեց, թե առաջին իսկ օրվանից իրենց նկատմամբ եղել են սպառնալիքներ ու ահաբեկումներ, երբ ողջ Գյումրին ոտքի էր կանգնել ու պահանջում էր Պերմյակովին հանձնել հայկական կողմին:
Լուսինե Ավետիսյանն էլ ասաց, թե գործի էր անցել կրիմինալը:
«Էս պետությունը պետություն չի, առաջին իսկ օրվանից վախեցրել են մեզ, կոնկրետ սպառնալիքներ են եղել, թե կանգնեցրեք միտինգը: Նախագահի պատվիրակությունն եկավ Գյումրի մեզ համոզեց, թե՝ ժողովուրդ ջան, նախագահը ձեր կողքին է, ինչ խնդիր լինի, կլուծվի, իսկ մեր խնդիրը մեկն էր, ոչ փող, ոչ իշխանություն, ոչ պաշտոն, այլ արդարություն, բացահայտել այս ընտանիքի սպանության պատճառը»,- հայտարարեց Ավետիսյանների փեսան՝ Եգոր Ադամյանը:
«Համ սպառնացել են, համ էլ հորդորել են, որ կանգնեցրեք, դուք կարող եք, ձեր սուգը թող չքաղաքականացնեն»,- իր հերթին նշեց Լուսինե Ավետիսյանը:
Նշում են՝ ամեն ինչ անելու են, որ արդարությունը բացահայտվի եւ սպանության իրական դրդապատճառը հայտնի դառնա բոլորին: Գործը հասցնելու են մինչեւ Եվրոպական դատարան: