Ցուցարար Ա. Միքայելյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
18:44, January 31, 2018 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2018 թ. փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը կքննի ցուցարար Արմեն Միքայելյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը:
Վերջիններս վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2017 թ. փետրվարի 17-ի որոշման դեմ, որով դատարանը բավարարեց ցուցարարի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և որոշեց նրան վարչական պատասխանատվության ենթարկել 100.000 ՀՀ դրամի չափով:
Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է Գևորգ Սարֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցների մի մասը, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը:
Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: