ՀՀԿ-ն ընտանեկան բռնության կողմնակից է. Ինչ խաղ է խաղում Սերժ Սարգսյանը
10:10, October 31, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Կառավարությունը թեև հաստատել է «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀօրենքի նախագիծը, ՀՀԿ-ականները նշում են, որ նախագիծը լուրջ փոփոխությունների կենթարկվի, որ հակասում է իրենց կուսակցության գաղափարախոսությանը և այլն։ Ստացվում է, որ իրենք մինչև հիմա խնդիր չէին տեսնում իրենց ներկայացրած նախագծի հետ կապված, հիմա տեսնում են։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
Իշխանությունն «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի և ընդհանրապես որևէ օրենքի հետ կապված չի կարող ունենալ տարակարծություն։ Դա կնշանակի, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին։ Ես սա ավելի շատ համարում եմ խաղ, որովհետև արդարադատության նախարարը և փոխնախարարը առանց նույն Սերժ Սարգսյանի համաձայնության՝ չէին պաշտպանի օրենքի նախագիծը, նույն կերպ պատգամավորական թևը նույն Սերժ Սարգսյանի հետ առանց համաձայնեցնելու՝ չէին քննադատի օրենքը։ Որպեսզի հասկանանք, թե այս դեպքում ինչով է պայմանավորված այս խաղի իմաստը, պետք է մի կարևոր հանգամանք նկատի ունենանք, որ այս օրենքն ըստ էության Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակներում իշխանության վերցրած պարտավորություններից մեկն է։ Նպատակն այս խաղի միջոցով այնպիսի տպավորություն ստեղծելն է, թե իբր հանրության մեջ կա դժգոհություն, և իրենց թանկացնելու, այսպես ասած զոհաբերության գինը և սեփական նշանակությունը բարձրացնելու, հնարավոր ֆինանսական հոսքերն էլ ավելի մեծ չափով հիմնավորելու համար։
Ի դեպ, նման տարակարծություն մենք չտեսանք «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված. թե գործադիրը՝ հանձինս Վիգեն Սարգսյանի, թե օրենսդիրը՝ հանձինս ՀՀԿ պատգամավորական խմբակցության, և ոչ միայն, բոլորն ունեին միասնական կարծիք։ Իսկ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագծից դժգոհողները նույն իշխանական կառույցների կողմից հսկվող զանգված են։ Հիշեցնեմ մի կարևոր փաստ, որը, չգիտես ինչու, մոռացության է տրվում. Երբ ժամանակին Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հնչեցրեց Սերժ Սարգսյանի համար ոչ հաճելի հարցեր՝ կոռուպցիայի, կազինոների հետ կապված և այլն, այդ նույն զանգվածը հրապարակեց, որ կդիմավորի Զարուհի Փոստանջյանին համապատասխան ձևով։ Եվ նախագահականից եղավ հայտարարություն, որ չենք ողջունում նման մոտեցումը, և բոլոր այդ դժգոհողները միահամուռ ծպտուն չհանեցին և ոչ էլ երևացին։ Այսինքն՝ այդ դժգոհությունը կառավարելի է։ Եվ առաջին հայացքից թվացյալ այս հակասությունը նույնպես կառավարվող հակասություն է, որի նշեցի՝ ցույց տալու, թե տեսեք ինչ մեծ ճիգերի գնով ենք փորձում հաղթահարել այդ հանրային այսպես կոչված դժգոհությունն օրենքն ընդունելու համար։ Ասում եմ արհեստական է, քանի որ ՀՀԿ-ն իր գաղափարախոսությամբ ընդհանրապես ընտանեկան բռնության կողմնակից է։
Այսինքն՝ ՀՀԿ-ն ընդհանրապես ի սկզբանե չպե՞տք է քննարկեր այս նախագիծը։
Հենց դա է, որ ինչպես պարտավորությունն է ձևական, այնպես էլ այդ դժգոհությունն է ձևական խաղերի առումով։ Այսինքն՝ ինքն ումի՞ց է դժգոհում, ինքն իրենի՞ց։ Սա աբսուրդ է, երբ ինքն իրենից դժգոհում է։ Համ առաջարկողն եք դուք, համ դժգոհողն եք դուք։
Դուք նշում եք, որ մեկ հոգու համաձայնությամբ է ՀՀԿ-ի այս կամ այլ քայլը պայմանավորված։ Ապրիլից հետո հնարավո՞ր է իրավիճակի փոփոխություն, երբ կառավարման համակարգը փոխվում է։
Մենք պառլամենտական համակարգին միայն ձևական ենք անցնում, անունով է պառլամենտական համակարգ, իսկ իրականում դա միակուսակցական համակարգ է, դարձյալ մեկ անձի իշխանության համակարգ է, ուղղակի պառլամենտական փաթեթավորմամբ։ Մինչև հիմա նախագահական փաթեթավորմամբ էր, բայց քանի որ ժամկետը լրանում էր, և այլևս երրորդ անգամ առաջադրվելու իրավունք ինքը չուներ, իր իշխանության փաթեթավորումը ներկայացրեց պառլամենտական ձևով: Այդ նույն անձն է որոշումը կայացնելու և այդ նույն անձը ուղղակի ստեղծեց այս դժգոհությունների ֆոնի միջոցով փաստարկ, գործոններ ԵՄ-ի հետ իր բանակցությունների ժամանակ օգտագործելու նպատակով։
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կլինի՞ հենց նոյեմբերի 24-ին, թե դրա միջակայքում, ինչպես նշել էր Յոհանես Հանը։ Իշխանությունն ասում է, որ գնդակը ԵՄ դաշտում է։
ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ որևէ խնդիր չկա, հերքել է խնդիրների մասին հայտարարությունները: ԵՄ համաձայնագրի հետ կապված իբր թե տեխնիկական խնդիրների առկայությունը ԵՄ անդամ երկրների կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Եվ մտածում եմ, որ դա էլ մտածված խաղ է հանրային ներքին հարցերի օգտագործման համար, որը նպատակ ուներ հնարավոր հրաժարումը, ինչպես 2013-ի հրաժարումը, պատճառաբանել ԵՄ մեղքով, հանրային ընկալումների մեջ ստեղծել տպավորություն, թե իբր թե ԵՄ անդամ երկրներն են մեղավոր, եթե հանկարծ համաձայնագիրը չստորագրվի։ Բայց այս անգամ ԵՄ-ն հստակ արտահայտվեց, որ չկա նման թարգմանության խնդիր, կամ դեմ լինող երկրներ, որովհետև նախաստորագրումը նշանակում է, որ համաձայնվել են անդամ բոլոր 28 երկրները: Սա հերթական խաղն էր և հերթական կեղծիքը, որը բացահայտվեց, իսկ այդ կեղծիքը իրականացնողներն էլ կամ այն անձինք, որոնց միջոցով այդ կեղծիքը իրականացվեց, նրանք էլ բացահայտվեցին։ Այնպես որ, չկա որևէ հարց, կա իշխանության մտահոգությունը, որը շատ լավ գիտենք, որ Կրեմլի ճնշումն է, և քանի որ հնարավոր է այդ ճնշմանը չդիմանան ինչ-որ մի պահի, քանի որ իրենք վստահ չեն իրենց վրա, իրենք ուղղակի ստեղծում են կեղծ փաստարկներ, իսկ թե կստորագրվի, թե ոչ, ամբողջովին կախված է իշխանություններից։ Եթե նախորդ անգամ Սերժ Սարգսյանը հանդիպեց Պուտինի հետ եւ մեկ գիշերվա ընթացքում մտափոխվեց, հիմա հանդիպում եղավ Մեդվեդևի հետ, որի այցի հայաստանյան մասի ոչ նպատակն էր հասկանալի, ոչ էլ իմաստը։ Ես դա ուղղակիորեն կապում եմ առաջիկայում ԵՄ-ի հետ կնքվելիք պայմանագրին, և եթե մինչև նոյեմբերի 24-ի գագաթնաժողովը Սերժ Սարգսյանին բերման ենթարկեցին Կրեմլ, և նա հանդիպում ունեցավ Պուտինի հետ, ապա կարող եմ վստահաբար ասել, որ շատ մեծ կասկածի տակ է, որ Հայաստանը կստորագրի։ Նոյեմբերին կարող է շատ անակնկալ հայտարարեն, որ Սերժ Սարգսյանին հրավիրում են Մոսկվա աշխատանքային այցով։
Իսկ Կրեմլի համար ո՞ր պաշտոնյան է ավելի ընդունելի՝ Կարեն Կարապետյա՞նը, թե Սերժ Սարգսյանը։
Կրեմլի համար ով էլ լինի Հայաստանի ղեկավար, նշանակություն չունի։ Այս քաղաքական կադրային բանկի առումով ով էլ լինի, նշանակություն չունի, որովհետև բոլոր հիմնական ինստիտուտները՝ տնտեսություն, էներգետիկա, արդեն ԶՈՒ, բոլորը վերցված է։ Եվ չկա որևէ մեկը, որ ռուսական ազդեցությունը պայմանավորող այդ գործոնների վերացման ուղղությամբ քայլ կատարի։ Սերժ Սարգսյան, թե Կարեն Կարապետյան, ի՞նչ տարբերություն Կրեմլի համար։ Եվ ում շանսերը ավելի շատ կլինեն Կրեմլի մոտ դաբրո ստանալու իշխանությունը շարունակելու, այդ պարագայում Կրեմլի համար դա պայմանավորված կլինի նրանով, թե ով ավելի շատ խոստումներ կտա ավելի մեծ ծավալով ծառայելու իրեն։ Սա է լինելու որոշիչը, այնպես որ, արհեստական են խոսակցությունները, թե ով է ավելի հարմար. երկուսն էլ հարմար են։ Այնպես չէ, որ նրանցից մեկը կողմ է Կրեմլին, մյուսը՝ դեմ, այլ ով ավելի շատ պատրաստակամություն, կարողություն և խոստումներ կտա Կրեմլին՝ նրա հրահանգները կատարելու համար։