4 զինվորի սպանության գործով քննիչն արդեն անթույլատրելի ապացո՞ւյց է սարքում
00:00, December 11, 2010 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր4 զինծառայողի սպանելու և 3 զինծառայողի հրազենային վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող զինծառայող Մանվել Հազրոյանի դատապաշտպանները միջնորդություն էին ներկայացրել վերջինիս նկատմամբ պաշտպանության միջոց կիրառելու և ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխելու մասին:
Պաշտպանները համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Մանվելի կյանքն ու առողջությունը ռեալ վտանգի տակ են: Նրա պաշտպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ միջնորդությունը բավարարվել է, և Հազրոյանին վաղն առավոտյան Երևան են տեղափոխելու:
Էդմոն Մարուքյանը «Ժամանակ»-ին հայտնեց, սակայն, որ մինչ տեղափոխելը ՊՆ քննչական վարչության քննիչ Շահեն Պետրոսյանն ուզում է իրենց պաշտպանյալին անօրինական ձևով` առանց իրենց ներկայության քննել, թեև ինքը և մյուս պաշտպանը` Կարեն Թումանյանը, նախապես խնդրել էին Հազրոյանի հետ որևէ քննչական գործողություն անելուց մեկ-երկու օր առաջ իրենց զգուշացնել, որպեսզի իրենք կարողանան հասնել ԼՂՀ` Ստեփանակերտի հոսպիտալ: Պաշտպանները խնդրել են մի փոքր հետաձգել, սակայն քննիչը չի համաձայնել և ասել է, որ Հազրոյանի հարցաքննությունը կանի ԼՂՀ փաստաբանական պալատի հանրային գրասենյակի փաստաբանի ներկայությամբ:
Հայաստանից ներգրավված պաշտպանները քննիչին զգուշացրել են, որ նման դեպքում դա անօրինական ապացույց կդիտվի։ ԼՂՀ ՓՊ-ի անդամ փաստաբանն իրավունք չունի ներգրավվել այս գործում, և ,բացի այդ, նա կասկածյալի հարազատների համաձայնությամբ չի ներգրավվել: ՀՀ ՓՊ-ի անդամները մոտ 30 րոպե են կարողացել խոսել Մանվել Հազրոյանի հետ՝ ռազմական ոստիկանության աշխատակիցների «վիզուալ» հսկողության տակ. չնայած նրանք հիվանդասենյակից դուրս են եկել, բայց ընդամենը երկու մետր հեռավորությունից, բաց դռնից ակնապիշ հետևել են պաշտպանների և նրանց պաշտպանյալի խոսակցությանը, որի պարագայում նրանց խոսակցությունը, բնականաբար, չէր կարող անկաշկանդ լինել:
Էդմոն Մարուքյանը նաև հաստատեց այն տեղեկությունը, որ Մանվել Հազրոյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, բայց առայժմ ձեռնպահ մնաց դրա հավաստիության հետ կապված մեկնաբանություններ անելուց` նախաքննության շահերից ելնելով:
Աղբյուրը՝ http://www.zhamanak.com/