Վիզաների ազատականացումը կարող է ոչ թե արտագաղթին նպաստել, այլ հակառակը՝ ներգաղթի պատճառ դառնալ
12:30, December 4, 2017 | Համատեղ, Հայտարարություններ«Ես ձեզ վստահեցնում եմ՝ մինչև Հայաստանը չկատարի ԵՄ-ի հետ կնքած համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, բարեփոխումները, վիզաների ազատականացում չի լինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով կարծիքներին, թե վիզաների ազատականացումը կհանգեցնի արտագաղթի նոր ալիքի։
Սաքունցի խոսքով՝ նրանք, ովքեր կարծում են, թե վիզաների ազատականացումը կարող է հանգեցնել արտագաղթի աճին, նրանք հիմնվում են այն դրույթի վրա, որ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները չեն իրականացվելու։ Բայց եթե իրականացվեն ժողովրդավարական բարեփոխումներ, ազատ և արդար ընտրություններ անցկացվեն, հզորացվեն մեխանիզմները մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, եթե անկախ դատական իշխանություն ձևավորվի, եթե անձի սեփականության ինստիտուտի անձեռնմխելիությունը ապահովված լինի, մարդու իրավունքները պաշտպանված լինեն, ապա նման պարագայում վիզաների ազատականացումը, իրավապաշտպանի խոսքով, հանդես է գալու որպես լրացուցիչ խթան ներդրումների, մարդկանց համագործակցության շրջանակների ընդլայնման, երկրում իրենց պոտենցիալը իրականացնելու համար։
«Բայց ես կրկնում եմ՝ եթե այս փոփոխությունները չլինեն, վիզաների ազատականացում չի լինի, դա մտացածին պատրվակ է։ Ավելին, նման կարծիք հայտնողները մոռանում են, որ ներկա պայմաններում արտագաղթի հիմնական պատճառը իմ նշած ինստիտուտների բացակայությամբ և կոռուպցիայի առկայությամբ են պայմանավորված։ Իսկ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը ենթադրում է հենց առկա խնդիրների լուծում։ Այն ուղղված է հենց արտագաղթի կասեցմանը, պետության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանը, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձին։ Հակառակը պնդողները մանիպուլյացիա են անում։ Հենց ԵԱՏՄ-ի ջատագովներն են, պուտինիստներն են նման կարծիքներ տարածում»,- նկատեց Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ երկրում բարեփոխումներից հետո վիզաների ազատականացումը ոչ թե նպաստում է, որ մարդիկ փախչեն այդ երկրից, այլ հակառակը՝ մնան և դրսևորվեն իրենց երկրում։ Ավելին, Սաքունցի խոսքով, վիզաների ազատականացումը կարող է նաև ներգաղթի հանգեցնել։ Եվրոպական երկրներում գտնվող մեր այն քաղաքացիները, ովքեր անլեգալ ձևով են այնտեղ, կարող են վերադառնալ։ Նրանք այնտեղ մնալու ոչ մի պատճառ այլևս չեն ունենա։
Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նույնպես նկատեց, որ ամեն ինչ կախված է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումից։ «Վրաստանն ազատականացրեց վիզաների ռեժիմը, և, այո, որոշակի արտագաղթի աճ կա Վրաստանից։ Բայց դա մեկ տարվա կտրվածքով հնարավոր չէ ասել։ Դա մի քիչ երկարաժամկետ պրոցես է, որից հետո նոր միայն կարելի է եզրակացություն անել՝ նպաստե՞լ է դա արտագաղթին, թե՞ ոչ։ Եվ հետո՝ կարող է մարդիկ գնան Եվրոպա, մի քանի ամիս մնան և հետ գան։ Այսինքն՝ միայն մի քանի տարի անց կարելի է ասել՝ մարդիկ մշտակա՞ն են մեկնում, թե՞ ոչ»,- նշեց ժողովրդագրագետը։
Արտակ Մարկոսյանի խոսքով՝ Հայաստանը ունի բավական շատ հայրենակիցներ, ովքեր գտնվում են Եվրոպայում արտաքսման վտանգի տակ։ Ավելի լավ կլինի այդ խնդրով զբաղվել։ «Մենք ունենք պայմանագրեր, որոնք նախատեսում են, որ պետք է հետ ընդունենք նրանց։ Չգիտեմ՝ ինչ պայմաններով և ինչպես պետք է գործի դա, բայց մենք առաջին հերթին հենց նրանց մասին պետք է մտածենք, որ այնտեղ ունենք բավական մեծ թվով հայրենակիցներ, և նրանք պետք է վերադառնան։ Այսինքն՝ մենք նաև ռեէմիգրացիայի խնդիր ունենք Եվրոպայից»,- ասաց Մարկոսյանը։