Ցուցարար Վ. Պետրոսյանի գործով ցուցմունք կտան ոստիկանները
17:45, October 5, 2017 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2017 թ. հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վարչական դատարանում կհարցաքննվեն ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով որպես վկա ներգրավված ոստիկանները:
Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտեց դեպքի մասին լրատվամիջոցներով տարածված տեսանութերը և որպես վկա հարցաքննեց նաև Վահրամ Պետրոսյանին:
Ապա հայցվոր կողմի ներկայացուցչից պարզեց, թե ոստիկանության որ աշխատակիցներն են պահանջ ներկայացրել Վ․ Պետրոսյանին և որոշեց գործով որպես վկա ներգրավել ու հարցաքննել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներ Է. Ռշտունուն և Գ. Ավագյանին։
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները: