Դատախազը լիազորագիր չուներ. գործի քննությունը կշարունակվի փետրվարի 28-ին
16:06, February 5, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. փետրվարի 5-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Կենտրոն նստավայր) հետաձգեց ՀՀ Գլխավոր դատախազության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը:
Դատարան ներկայացած դատախազ Շահբազյանը համապատասխան լիազորագիր չուներ:
Գործի քննությունը հետաձգվեց մինչև 2018 թ. փետրվարի 28-ը՝ ժամը 15:00:
Հիշեցնենք՝ Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է պարտավորեցնել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ 2017թ. դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների համաձայն որոշում կայացնելուն և այն Կազմակերպությանը տրամադրելուն:
ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդման մեջ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ չէր տեսել, որոնք «կարող են հիմք հանդիսանալ ստուգելու, քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար»: