Արմավիր ԲԿ-ում 2 տարի առաջ մահացած 4 տարեկան Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդը վնասի փոխհատուցում է պահանջում
10:35, September 5, 2017 | Մամլո հաղորդագրություններ | Կարինե Հովհաննիսյան2017 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի 2015 թ. հունիսին Արմավիր ԲԿ-ում մահացած 4 տարեկան Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի՝ վնասի փոխհատուցման պահանջով հայցի քննությունը:
Իրավահաջորդ Հ. Հովհաննիսյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը պատճառված վնասի փոխհատուցում են պահանջում բժշկուհի Անահիտ Պետրոսյանից: Վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով:
Նա այժմ իր պատիժն է կրում «Աբովյան» ՔԿՀ-ում: