Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով քրեական գործ չի հարուցվել. ՀՔԱՎ-ը բողոք է ներկայացրել Դատախազություն
17:23, October 6, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԻրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ 2017 թ. սեպտեմբերի 19-ի որոշումից:
Նշենք, որ Մարինա Պողոսյանի նկատմամբ իրականացված «Ներքին դիտումը» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է, որի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները հետևում են անձին, վերահսկում նրա գործողությունները իր բնակարանում և արձանագրում դիտման արդյունքները: Դա կարելի է իրականացնել ինչպես հատուկ տեխնիկական սարքերի միջոցով, այնպես էլ առանց դրանց:
Ընդ որում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և անհրաժեշտ տեղեկատվությունն ուրիշ որևէ միջոցով ձեռք բերել հնարավոր չէ:
Դատարանը Մարինա Պողոսյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու որոշում կայացրել է 2015 թ. սեպտեմբերի 14-ին, երբ վերջինս քրեական գործում ներգրավված է եղել որպես վկա, կասկածյալի կարգավիճակ չի ունեցել:
Իրականացված գործողության մասին Մարինա Պողոսյանն իմացել է միայն իր նկատմամբ ապօրինի հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում՝ 2017 թ. օգոստոսին:
Իսկ Մարինա Պողոսյանի՝ 2016 թ. օգոստոսի 17-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ա. Ասատրյանը հայտնել էր, թե «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հանցագործության մասին հաղորդմանը 2017 թ. օգոստոսի 15-ին արձագանքել էր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հակոբյանը: Նա կասկածյալի կարգավիճակ չունեցող Մարինա Պողոսյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ հետախուզական գործողություն իրականացնելը իրավաչափ էր համարել՝ պնդելով, թե «կասկածյալ» և «կասկածվում է» հասկացությունները նույնը չեն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երկրորդ անգամ ՀՀ Գլխավոր դատախազություն է դիմել 2017 թ. օգոստոսի 22-ին, դիրքորոշում հայտնել այն մասին, որ ՀՀ Ոստիկանությունը այն կառույցը չէ, որ պետք է պատասխաներ ՀՀ Գլխավոր Դատախազությանն ուղղված հաղորդմանը և պահանջել է տրամադրել հաղորդման հիման վրա կայացված որոշումը: Որից հետո էլ ստացվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 2017թ. սեպտեմբերի 19-ի որոշումը:
Դրանով ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչի պաշտոնակատար Գ. Մարգարյանը հանցակազմ չէր տեսել ինչպես ոստիկանների գործողություններում, այնպես էլ հաղորդում ներկայացրած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի գործողություններում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված սուտ մատնության հիմքով:
Ընդ որում՝ Մարինա Պողոսյանի հարցմանը ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Ս. Ասատրյանի՝ ոչ ճիշտ պատասխան տրամադրելը մեկնաբանել էր նրանով, որ դա վերաբերել է միայն ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ստորաբաժանումներին: Ստացվում է, որ ամբողջական տեղեկություն ստանալու համար անձը պետք է դիմի ՀՀ Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին առանձին-առանձին, ինչը դուրս է ողջամտության սահմաններից:
2017 թ. հոկտեմբերի 3-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը ՀՀ Գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմինը արդյունավետ քննություն չի իրականացրել: Իսկ սուտ մատնության հիմքով քրեական գործի բացակայության պարագայում իրավապաշտպանին քրեական հետապնդման ոլորտ ներգրավելը և նրա նկատմամբ անուղղակի քրեական հետապնդում իրականացնելը իրավապաշտպանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում՝ հանցագործության մասին բարձրաձայնելուց խուսափելու նպատակով: Հատկապես, որ հանցակազմի բացակայությունը վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն է միայն, քանի որ այդ ուղղությամբ քննություն չի իրականացվել: