Սաքունց, ես քեզ սպանելու եմ. իրավապաշտպանին սպառնում են
16:55, June 6, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրերս իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ես մի բան չեմ հասկանում, ուրեմն օրը ցերեկով առնվազն տասը մարդ եք սպանել, ապօրինաբար բանտարկել եք տարիներով, զրկել եք ունեցվածքից, տնից տեղից, հարյուր հազարավորները թողել գնացել են պետությունից, ընկել են չոլերը՝ փախչելով Ձեր անպատիժ անարդարություններից, դեռ համարձակվում եք Ձեր մանկլավիկների միջոցով Ձեր հակամարդկային քաղաքականության, իշխանության դեմ դուրս եկածների հասցեին էլ հաչա՞ք․․․
Լրիվ եք խելքներդ թռցրել, թե մտածում եք, եթե ժողովուրդը համբերատար դեռ տանում է, այդպես էլ մնալու է, Դուք էլ Ձեր համար շարունակելու եք թալանել ու լափե՞լ․․․ : Ձեր մանկլավիկ թղթակից, չգիտեմ ինչ սպասարկող բլոգեր է, խորհրդական է, փողով ստատուս գրող է, ինչ զահրումար է, հավաքեք, ու ասեք ձայնները կտրեն․․․
Թե՞ Ձեր համարձակությունը չի հերիքում, իրենց եք քսի տալիս հանրային դաշտ․․․․: Կոռեկտության սահմաններն անցածները կոռեկտության կոչ են անում, խելքի աշեցեք․․․․»:
Իրավապաշտպանի այս գրառումից հետո, ոմն Աշոտ Ավանեսյանը հրապարակային սպառնացել է նրան: Նա իրավապաշտպանի հրապարակման տակ մեկնաբանույթուն է թողել գրելով.«Սաքունց, ես քեզ սպանելու եմ…… քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք. Ամեն վայրկյան սպասիր ինձ. Ես հետևից կրակողներից չեմ. Կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9մմ տրամաչափի փամփուշտով. Սպասիր ինձ Սաքունց»,-գրել է օգտատերը:
Ի դեպ պետք է նկատել, որ օգտատիրոջ ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա եղել է «Զբաղվածության պետական գործակալություն» աշխատակից, իսկ այժմ աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղիներում»:
Հետաքրքիր է, որ Ոստիկանությունը դեռևս շարունակում է անարձագանք թողնել սպառնալիքը և դեռ հայտնի չէ, թե որևէ քայլ իրականացվել է իրավապաշտպանին սպանել սպառնացող քաղաքացու դեմ: