ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի
18:14, December 7, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Քրեակատարողական հիմնարկներ2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ:
Դիտորդական խմբի անդամներ Արման Սահակյանն ու Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներ են այցելել քվեարկության ընթացքը դիտարկելու և կալանավորված անձանց տեսակցելու նպատակով: Իմանալով, որ քվեարկության ընթացքը դիտարկելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել՝ դիտորդները որոշել են իրացնել միայն ՔԿՀ-ներում դիտորդի՝ իրենց իրավասությունը, սակայն դիմադրության են հանդիպել:
«Նուբարաշեն» ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանը դիտորդներին արգելել է մուտք գործել ռեժիմային գոտի՝ պատճառաբանելով, որ դեպի այնտեղ տանող ճանապարհն անցնում է ընտրատեղամասի տարածքով, որտեղ ընտրական գործընթացի մասնակից չհանդիսացող անձինք չեն կարող գտնվել:
Իսկ «Կենտրոն» ՔԿՀ պատասխանատու-հերթապահ Վարդան Աղաբալյանը դիտորդներին ՔԿՀ տարածք արգելել է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ընտրություններով են զբաղված և դիտորդներին ընդունելու ժամանակ չունեն:
Այնինչ՝ ՔԿՀ աշխատակիցները դիտորդների մուտքը խոչընդոտելու որևէ օրինական հիմք չեն ունեցել: Դիտորդներն իրավունք ունեն անարգել մուտք գործելու քրեակատարողական հիմնարկներ և մարմիններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քննիչը արգելանք է դրել տեսակցությունների վրա: Ինչն այս դեպքում չի եղել:
ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների գործունեությունը կամայականորեն խոչընդոտելու դեպքի առթիվ նույն օրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ն. Օսյանը բացատրություններ է վերցրել և ՔԿՀ աշխատակիցներից, և ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամներից, սակայն ունենալով իրարամերժ տվյալներ՝ հիմնվել է միայն ՔԿՀ աշխատակիցների բացատրությունների վրա և հանցակազմի բացակայության հիմքով 2017 թ. ապրիլի 12-ին քրեական գործի հարուցումը մերժել է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցն ու Դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը բողոքարկել են քննիչի որոշումը՝ հիմնավորելով, որ այն չի բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից:
ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է բողոքը, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թ. նոյեմբերի 13-ին որոշել է վերացնել քննիչի որոշումն ու պարտավորեցնել ՀՀ Դատախազությանը հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել:
Դատարանը եզրակացրել է, որ ձեռք բերված փաստերը բավարար չեն քրեական գործ հարուցելը մերժելու համար: Վարույթն իրականացնող մարմինը բացատրություն է վերցրել միայն շահագրգիռ անձանցից և ունենալով իրարամերժ տվյալներ՝ նախապատվությունը տվել է ՔԿՀ-ների աշխատակիցների բացատրություններին՝ փոխանակ դրանք պարզելու ուղղությամբ լրացուցիչ գործողություններ ձեռնարկելու:
Դատարանի որոշմամբ՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի: