Բարձրագույն դատական խորհուրդն իր կամքով պետք է հրաժարական տա
11:03, June 7, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Դատական իշխանությունը շարունակում է մնալ նախկին իշխանությունների ձեռքին։ Այսպիսի հրաժարականները որքանո՞վ կարող են նպաստել դատական իշխանության բարեփոխմանը։
Համակարգը ոչ թե նախկին իշխանության ձեռքին է, այլ ինքը նախկին քաղաքական իշխանության գործիք է եղել, որի մասին բազմիցս ենք բարձրաձայնել, որ փաստացի հանդիսացել է նոտարական վավերացնողը այն մեղադրական վճիռների, որոնք կայացվում էին կամ դատախազությունում, կամ Բաղրամյան 26-ում, Սերժ Սարգսյանի աշխատակազմում, հատկապես այն դեպքում, երբ կային քաղաքական կամ տնտեսական շահեր։ Շատ քիչ բացառությամբ դեպքերում, երբ այդ շահերը բացակայել են, դատավորները հնարավորություն են ունեցել ինչ-որ կերպ իրականացնել արդարադատություն։ Նախկին կառավարման ամբողջ ավտորիտար համակարգը հիմնված էր մի կողմից դատական իշխանության, մյուս կողմից օրենսդիր մարմնի վրա, որովհետև օրենսդիրում նրանք գերիշխում էին, և այնպիսի գործիքների վրա, ինչպիսիք էին ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազությունը։ Հիմա, երբ քաղաքական իշխանությունը հեռացավ, փոխվեցին նաև որոշ ղեկավարներ՝ ոստիկանության պետ, ԱԱԾ պետ, և թվում է՝ տրամաբանորեն պետք է ակնկալել նաև մնացած կառույցների ղեկավարների փոփոխություն, այդ թվում՝ դատարանների։ Այստեղ խնդիրը պետք է տեսնել ոչ թե անձի մեջ, չնայած անձերը շատ կարևոր են, այլ հիմնական խնդիրը իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի իրականացումն է։ Դատական իշխանության խնդիրը ոչ թե հենց իր մեջ է, այլ գործադիր իշխանությունից կախվածության մեջ է։ Երկար ժամանակ այդ կախվածության տրամաբանության մեջ գտնվելով, ցավոք սրտի, ինքն էլ վարկաբեկվել է։ Այդ վարկաբեկման կրողը հենց Վճռաբեկ դատարանի նախագահն է, և այլևս չունենալով քաղաքական հովանավորություն՝ հանձինս Սերժ Սարգսյանի, նաև որևէ բարոյական հիմքեր չուներ նախկին թելադրանքի սկզբունքով իրականացնել իր իշխանությունը։ Հիշեցնեմ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտնի զեկույցը, ըստ որի՝ վճիռները, որոշումները ստորին դատական ատյաններում գրվում էին վճռաբեկ դատարանի կողմից։ Կարծում եմ՝ Մկրտումյանը ավելի շուտ պետք է հրաժարական տար, երբ Եվրոպական դատարանի որոշման մեջ ուղղակի հիշատակվում էր նրա անունը որպես անմիջական պատասխանատու արդարադատության խախտման համար։
Այդուհանդերձ, ես սա համարում եմ ճիշտ քայլ, որովհետև դրանով ինքը նաև ամրագրում է, որ հանդիսացել է քաղաքական իշխանության մաս։ Սա կարևոր սկիզբ է, բայց ոչ ամբողջական, որովհետև եթե նույնիսկ ամբողջ դատական համակարգում դատավորներ նշանակվեն ամենաազնիվ, ամենասկզբունքային, ամենագրագետ մարդիկ, բայց չապահովվի դատական իշխանության տարանջատումը գործադիրից և չապահովվի դատական իշխանության, դատավորների ինքնակառավարումը, ապա մենք կշարունակենք ունենալ նույն դատական համակարգը, նույն գործելակերպով ու վարքագծով դատավորներ, որ նախկին ժամանակահատվածում ունեինք։
Քանի դեռ արտահերթ ընտրություններ էլ տեղի չեն ունեցել և կառավարությունն էլ ժամանակավոր է, մենք բեկումնային փոփոխություններ չենք կարող ակնկալել նաև դատակա՞ն իշխանությունից։
Իհարկե, արմատական փոփոխություններ չենք կարող ակնկալել, բայց միաժամանակ պետք է հասկանանք, որ, այնուամենայնիվ, դատավորները, ազատված լինելով քաղաքական հրահանգներից, վերադաս հրահանգներից, կաշկանդված չլինելով որևէ պայմանականություններով, հնարավորություն ունեն իրենց դեմքը փրկելու և իրականացնելու արդարադատություն։ Քանի դեռ ունենք դատական իշխանության բարձրագույն մարմինը՝ հանձինս Բարձրագույն դատական խորհրդի, որի վերաբերյալ մենք ժամանակին մեր հստակ գնահատականները տվել ենք, չեմ կարծում, թե մենք ունենք լիարժեք հնարավորություն առողջացնելու և բարեփոխելու դատական իշխանության ներսում իրավիճակը։ Տեսեք, գործադիր իշխանությունը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի և իր համախոհների, փոխվեց, և եթե դա բարերար ազդեցություն ունեցավ կառավարության քաղաքականության բնագավառում, ապա նման փոփոխությունը դատական իշխանության բնագավառում կարող է տեղի ունենալ միմիայն Բարձրագույն դատական խորհրդի փոփոխությամբ։ Բարձրագույն դատական խորհուրդը սեփական կամքով պետք է հրաժարական տա, և ընտրվի նոր խորհուրդ, որը առաջիկայում պետք է ձևավորի դատական իշխանությունը։
Որքանո՞վ է հավանական, որ Բարձրագույն դատական խորհուրդը հրաժարական կտա, քանի որ որևէ ակնարկ նրանց կողմից այս պահին չկա։
Ընդհանրապես Հայաստանում մեկ բան պետք է հասկանալ. երբ ասում ենք Հայաստանում մթնոլորտ է փոխվել, դա ոչ թե վերացական հասկացողություն է, այլ այն պայմանավորված է գործելակերպի փոփոխությամբ։ Երբ խոսվում է մթնոլորտի փոփոխության մասին, ապա առաջին հերթին օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքն է, որը վերաբերում է նաև գործադիր իշխանությանը, և ըստ էության՝ անկախ պաշտոնից, զբաղեցրած դիրքից, եթե խախտում կատարեն, ապա անպայման պատասխանատվություն են կրելու։ Եվ սա չի կարող չանդրադառնալ թե դատախազության, թե քննչական մարմինների, թե նաև դատական իշխանության մարմինների վրա, իսկ ազդեցությունը անպայման կարտահայտվի նման հրաժարականներով, որովհետև այն մտածելակերպը և վարքագիծը ունեցող մարդիկ, ովքեր կարող էին դրսևորվել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի գործադիր իշխանության օրոք, նոր իշխանության օրոք այդ գործելակերպով և մտածելակերպով չեն կարող դրսևորվել, չեն կարող լինել լիարժեք։ Հետևաբար, այստեղ գալիս է հակասություն մթնոլորտի ձևավորման հիմք հանդիսացող սկզբունքային վարքագծի և այն վարքագծի միջև, որը որդեգրել էին նախորդ իշխանություններից մնացած մարդիկ։ Եվ նրանց ոչ մեկը չպետք է ասի՝ պետք է հրաժարական տաք, չպետք է ապօրինի պահանջներ դնի, ապօրինի ասելով նկատի ունեմ առանց իրավական մեխանիզմի։
Կարծում եմ՝ իրենց շահերից է բխում օր առաջ Հայաստանում ունենալ արդարադատություն, որը հաշվի կառնի բոլոր հանգամանքները և գուցեև հաշվի առնի նաև մեղմացուցիչ հանգամանքները, եթե այդպիսիք նրանք կներկայացնեն։
Կարծում եք՝ դատական համակարգում Արման Մկրտումյանի հրաժարականին կհաջորդեն այլ հրաժարականներ նո՞ւյնպես։
Գտնում եմ, այո, այս շղթան պետք է շարունակվի։