Իշխանությունը կոռուպցիան գերադասում է պետության անվտանգության խնդիրների լուծումից
12:14, March 8, 2018 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ կոռուպցիայի հետ կապված, հերթական անգամ արձանագրում են, որ Հայաստանում, չնայած իշխանության և քաղաքական մեծամասնության կողմից բազմիցս արված հայտարարություններին, կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ չէ:
Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով՝ այդ մասին դեսպանը դիվանագիտական մեղմ լեզվով է ասում, բայց իրականում այդ հայտարարությունը նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքար չի մղվում: «Ավելին, այն ֆինանսավորումը, որը հատկացվել էր կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով, կոնկրետ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության համար, վարչապետի հետ քննարկան արդյունքում գտել են, որ արդյունավետ չէ, ուղղել են այլ նպատակների: Այսինքն՝ արձանագրվում է նաև, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որպես մարմին, արդյունավետ չի կարելի համարել: Հիշեցնեմ, որ ժամանակին թե ԱՄՆ դեսպանի կողմից, թե Եվրամիության դեսպան Սվիտալսկու կողմից բազմիցս էր ասվել, որ կոռուպցիան արդեն Հայաստանում դարձել է անվտանգության խնդիր: Այդ մասին բազմիցս բարձրաձայնել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այսպիսով, արձանագրում ենք նաև, որ անվտանգության խնդիրը իշխանությունների համար առաջնային չէ: Ավելին, կոռուպցիան գերադասում են պետության անվտանգության խնդիրների լուծումից»,- ասաց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ երկրի զարգացմանը խոչընդոտող հիմնական պատճառը կոռուպցիան է: «Թե աղքատությունը, թե արտագաղթը, թե պետության ու իշխանությունների նկատմամբ վստահության անկումը, թե ներքին և թե արտաքին բազմաթիվ մարտահրավերներին ոչ պատշաճ դիմագրավելու հիմնական պատճառը կոռուպցիան է: Կարծում եմ, որ հանրային օրակարգում, որպես գլխավոր խնդիր, պետք է դրվի կոռուպցիայի դեմ պայքարի հարցը: Դա այն խնդիրն է, որի վերաբերյալ, համոզված եմ, չի կարող որևէ մեկի կողմից լինել առարկություն՝ թե իշխանության, թե ընդդիմության և թե հանրության: Հետևաբար, հանրային մոբիլիզացիայի հիմնական նպատակը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարը», ասաց նա:
Սաքունցի խոսքով՝ ռեսուրսները ոչ թե պետք է վատնել կամ ուղղել իշխանության կամ քաղաքական սահմանափակ խնդիրների լուծմանը, այլ հենց կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով արդյունավետ մարմնի ձևավորմանը: Որպես օրինակ, իրավապաշտպանը բերում է Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը:
Նրա խոսքով՝ պետք է կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մոդելի հիմնադրման նպատակով օրենք ստեղծվի: Սա այն կարմիր գիծն է, որը յուրատեսակ բացահայտում կլինի, թե իրապես իշխանություններն ունեն ցանկություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրական քայլ կատարելու:
«Եվ սրա առաջին հասցեատերը հանդիսանում է հենց քաղաքական մեծամասնությունը, որի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի կարևորության մասին: Եթե կարևորում եք, ապա պետք է ընդունեք օրենք՝ կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մոդելի մասին, որը պետք է ունենա քննչական, կրթական և իրազեկման գործառույթներ»,- նշեց նա: Ըստ Սաքունցի՝ քաղաքացիական շարժումն իր օրակարգում պետք է ձևավորի հենց այս պահանջը:
«Շատ լավ գիտակցում ենք, որ քաղաքական կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարը պայմանավորված է իշխանությունների ոչ պատշաճ կամքի առկայությամբ, բայց ես կարծում եմ, որ նման կերպով հանրային պահանջ առաջադրելու դեպքում, երբ չենք պահանջում, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը զիջեն իշխանությունը, այլ դնում ենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մոդելի ձևավորման պահանջը, ապա դա այն ճանապարհն է, որով հնարավոր է ՀՀ-ում հասնել հաջողության: Այդպիսի մարմին ստեղծելու դեպքում, վստահեցնում եմ, որ մեկ տարվա ընթացքում արդյունքներն ավելի քան ակնհայտ կլինեն: Եվ ես պատրաստ եմ այդպիսի մարմնում աշխատել»,- ասաց նա: