ՀՀ Վճռաբեկ դատարանը «Մատաղիսի» գործով բողոքն ուղարկել է նոր քննության. դատական նիստը 2017թ. հունիսի 9-ին է
18:04, June 8, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, «Մատաղիսի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թ. մարտի 19-ի վճռի հիման վրա Արայիկ Զալյանը 2016 թ. սեպտեմբերի 13-ին դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու հարցով:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: Մասնավորապես, ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը ապօրինաբար զրկվել են ազատությունից, և Պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել նրանց խոշտանգումների ենթարկելու փաստով:
Նշենք, որ ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ տուժողների՝ 2005 թ. դեկտեմբերի 12-ի հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ չէր հարուցել: Դատախազության որոշման դեմ 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքը մերժվել էր ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 2017 թ. ապրիլի 12-ի որոշմամբ հիմնավոր է համարել Ա. Զալյանի՝ վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոքը և հղում կատարելով ՄԻԵԴ նախադեպային որոշումներին՝ վերահաստատել. «Եթե իշխանությունները վատ վերաբերմունքի համար պետական գործակալներին չպատժեն, այլ բավարարվեն միայն տուժածին փոխհատուցում տրամադրելով, ապա վերջիններս հնարավորություն կստանան անպատիժ մնալու և ոտնահարելու իրենց հսկողության տակ գտնվող անձանց իրավունքները»:
ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը Ա. Զալյանի մասով բեկանելն ու նոր քննության ուղարկելն է:
Այսպիսով՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ տուժողների բողոքը մերժելու՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի որոշումները:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Զալյանի և մյուսների 2006 թ. հունվարի 8-ի բողոքը կքննի 2017 թ. հունիսի 9-ին՝ ժամը 16:30-ին: