Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով. սևանցի աշակերտի գործը ևս հասավ ՄԻԵԴ
10:06, August 8, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՈւսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները 2017 թ. հունիսի 19-ին գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն է, որով ամրագրվում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը:
Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին: Ֆիզիկայի ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը, փորձելով սաստել առանց իր թույլտվության տեղից վեր կացած Մեսրոպին, որը մոտեցել էր կախիչին վերարկուն հագնելու նպատակով, վեր է կացել տեղից և սպառնալով մոտեցել կախիչին ու այն հրել աշակերտի ուղղությամբ: Նրա գործողությունների արդյունքում Մեսրոպ Խաչատրյանը կորցրել է ձախ աչքը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ․ ապրիլի 25-ի որոշմամբ Հասմիկ Մարգարյանը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) նախատեսված արարք կատարելու մեջ և տուգանվել 200.000 ՀՀ դրամով: Հայցվոր կողմը նաև վնասի փոխհատուցման պահանջ էր ներկայացրել, սակայն այն մերժվել էր դատարանի կողմից: Մեկ ամիս անց վճիռը բողոքարկվել է, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 2016 թ. հուլիսի 27-ին վնասի փոխհատուցման մասով գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանն ու Արայիկ Զալյանը ՄԻԵԴ ներկայացրած գանգատով հիմնավորումներ են ներկայացրել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտման մասին: Նրանք անդրադարձել են այն հանգամանքին, որ ուսուցչի գործողությունների արդյունքում Մեսրոպը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ուժեղ ցավ է զգացել: Ծնողների և համադասարանցիների պնդմամբ, որոնց աչքի առաջ տեղի է ունեցել դեպքը, առաջադիմությամբ աչքի ընկնող, կենսուրախ տղան այժմ իրեն ճնշված է զգում, կատարվածը վերապրելու վախից դպրոց էլ չի ուզում հաճախել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններն ուշադրություն են հրավիրել նաև նրան, որ քննության առարկա չի դարձել անչափահասների դասասենյակում երկաթյա կախիչի առկայությունը, որն ինքնին վտանգ է ներկայացնում: Պետությունը, ի դեմ դպրոցի ղեկավարության, պատասխանատվություն վերցնելով անչափահաս երեխաների համար, չի կանխատեսել երկաթյա կախիչի հնարավոր վտանգը:
Դիմումատուների պնդմամբ՝ գործի քննությունն էլ ամբողջական չի եղել. դպրոցի ղեկավարության որևէ ներկայացուցիչ պատասխանատվության չի ենթարկվել, իսկ ուսուցչին նշանակված 200.000 ՀՀ դրամ տուգանքն էլ համարժեք չէ նրա կատարած արարքի բնույթին ու վտանգավորության աստիճանին: Աշակերտը կորցրել է աչքն ու տեսողությունը, իսկ պետությունը բավարարվել է չնչին տուգանք նշանակելով, և մերժել տուժող կողմի բոլոր միջնորդությունները:
ՄԻԵԴ-ից հաստատել են դիմումի ստացումը: