Մեկնարկել է «Դասընթացների լաբորատորիա. ուսուցում հանուն խաղաղության» խաղաղասիրական թեմայով դասընթացների շարքը
13:38, October 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն«Ես անկեղծորեն հավատում եմ, որ համաշխարհային խաղաղություն կերտելու միակ միջոցը ոչ միայն մեր միտքը, այլև մեր սրտերն ու հոգին կրթելու միջոցով է։»
Մալալա Յուզաֆայ
(“I truly believe the only way we can create global peace is through not only educating our minds, but our hearts and our souls.”)
Malala Yousafzai
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հիմնադրման օրվանից գործունեության կարեւոր ուղղություններից է խաղաղասիրությունը: Հիմնվելով այն սկզբունքի վրա, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը չի կարող ունենալ այլընտրանք` կազմակերպությունը պարբերաբար նախաձեռնում և իրականացնում է խաղաղասիրական թեմայով դասընթացներ և ակտիվորեն համագործակցում է միջազգային խաղաղասիրական կազմակերպությունների հետ։
Գերմանիայում գործող «Եվրոպական միջմշակութային ֆորում» (European Intercultural Forum) և Վրաստանում գործող «Խաղաղության և զարգացման ակադեմիա» (Academy for Peace and Development) կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել և այժմ ընթացքի մեջ է խաղաղասիրական թեմայով հերթական դասընթացը՝ «Դասընթացների լաբորատորիա. ուսուցում հանուն խաղաղության» (Training Laboratory: Designing Learning for Peace) ծրագրի շրջանակներում, որը իրականացվելու է 2017 թ-ի օգոստոսից մինչեւ 2018 թ-ի մարտը:
Եվրոպական Միության Էրազմուս + ծրագրի շրջանակներում կազմակերպված այս դասընթացի նպատակն է նվազեցնել Եվրոպայում և հարակից երկրներում ծայրահեղականությունը՝ ամրապնդելով և զարգացնելով երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների հմտությունները խաղաղասիրական կրթության ոլորտում, ինչպես նաեւ աջակցել երիտասարդ դասընթացարավարներին նախագծել և իրականացնել խաղաղասիրությանն ուղղված դասընթացներ և սեմինարներ իրենց տարածաշրջանում՝ միտված նվազեցնելու ծայրահեղականությունը։
Դասընթացը բաղկացած է 4 փուլերից, որոնցից 2-ը իրականացվում են առցանց, իսկ 2-ը միմյանց հետ հանդիպումների միջոցով, որոնցից 1-ին առցանց ուսուցումը և 1-ին սեմինար-դասջնթացն արդեն կազմակերպվել են։
2017թ. օգոստոսին կազմակերպված 1-ին առցանց դասընթացից հետո, ծրագրում ներառված 22 երիտասարդները Եվրոպական 5 երկրներից՝ Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Լատվիա, Ուկրաինա և Հարավային Կովկասի 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, սեպտեմբերի 11-19-ին մասնակցեցին Վրաստանում՝ կրթական ծրագրի 1-ին սեմինար-դասընթացին։
ՀՔԱՎ-ի կողմից ծրագրին մասնակցեցին 3 ներկայացուցիչ՝ Անահիտ Մխիթարյանը, Անի Մալոյանը և Մանե Մարուքյանը։
Դասընթացի հակիրճ նկարագրություն։
8-օրյա դասընթացի 1-ին մասն ուղղված էր մասնակիցների և դասընթացավարների միմյանց ավելի լավ ճանաչելուն, փոխվստահության ամրապնդմանը և դասընթացի նպատակներին ու ընթացքին ծանոթանալուն՝ ստեղծելով միասին աշխատելու համար ավելի ջերմ միջավայր։
Դասընթացի սկզբում յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր ակնկալիքները դասընթացից՝ հմտություններ ձեռք բերելու եւ դասընթացին եւ խաղաղասիրական կրթության ոլորտում իր դերն ունենալու առումով։ Ապա տեսական և գործնական պարապմունքների, խմբային և թիմային քննարկումների, խաղերի և վարժությունների, յուրաքանչյուր օրվա ավարտին խմբային անդրադարձների միջոցով մասնակիցներն ավելի հիմնավոր գիտելիքներ ստացան խաղաղության, կոնֆլիկտի և բռնության, խաղաղասիրական կրթության, արմատականության և ծայրահեղականության, դասընթացավարին անհրաժեշտ հմտությունների մասին։
Աշխատանքային գործընթացի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները մշակեցին և պատկերավոր ներկայացրեցին իրենց երկրում առկա խնդիրները/կոնֆլիկտները և երիտասարդների դերը դրանց կարգավորելու գործում։ Մասնակիցները անդրադարձ կատարեցին ոչ միայն իրենց միջավայրում առկա խնդիրներին, այլև ծանոթացան մյուս երկրների սոցիալ-քաղաքական իրողությունների հետ։
Դասընթացի վերջին երկու օրերը առավելապես նվիրված էին տարբերակելու խաղաղությունը 3 մակարդակներում՝ ներքին խաղաղություն, սոցիալական խաղաղություն և շրջապատի հետ խաղաղ համակեցություն, որի հիման վրա առանձնացվեց 2 խումբ՝ խաղաղությունն անձնական մակարդակում (ներքին խաղաղություն) և խաղաղաշինություն:
Ըստ մասնակիցների նախասիրության՝ ձևավորվեց 2 թիմ՝ 11-ական մասնակցով և 1-ական դասընթացավարով։ Նախատեսված է, որ հաջորդող առցանց ուսուցման և սեմինար-դասընթացի ընթացում յուրաքանչյուր թիմ պետք է նախագծի և իրականացնի կարճատև դասընթաց՝ միտված զարգացնելու երիտասարդների ներքին խաղաղության և վարքագծի տարրերը՝ ընդդեմ ծայրահեղականության և արմատականության։ Յուրաքանչյուր թիմ կազմեց իր դասընթացի պլանը և փուլերը ըստ հաջորդականության։