Մաշտոցի պողոտայի ցուցարարի գործով հաջորդ դատական նիստին կհետազոտվի պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը
15:46, November 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Հավաքների և միավորումների ազատություն, Տեղաշարժի ազատություն, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2017 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց Մաշտոցի պողոտայի ցուցարար Գեղեցիկ Տոնոյանի գործով դատաքննությունը:
Հիշեցնենք՝ Ոստիկանությունը պահանջում է ցուցարարին պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Գ. Տոնոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս․ Մելիքյանն իր բացման խոսքում պնդեց ներկայացված հայցադիմումը՝ Գ․ Տոնոյանի իրավախախտումներ կատարելու մասով, և հակընդդեմ հայցադիմումի դեմ ներկայացված առարկությունները:
Ի պատասխան Գ. Տոնոյանի ներկայացուցչի հարցերին՝ Ս․ Մելիքյանը հայտնեց, որ հավաքի մասնակիցները խախտել են հավաքի բնականոն ընթացքն այնքանով, որ փակել են փողոցի երթևեկելի հատվածը, խոչընդոտել երթևեկությանը։ Միաժամանակ նշեց, որ ոստիկանության ծառայողները չեն իմացել, թե ինչ հավաք է իրականացվում, բարձրախոսով պահանջ չեն ներկայացրել։
Պատասխանող կողմն առարկեց հայցի դեմ՝ նշելով, որ Գ․ Տոնոյանի արարքում բացակայում են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումները, քանի որ վերջինս հավաքի բնականոն ընթացքին խոչընդոտող որևէ գործողություն չի կատարել, բացի դրանից՝ նրան օրենքով նախատեսված որևէ պահանջ չի ներկայացվել։ Այդպիսով՝ Տ․ Սիրադեղյանը խնդրեց ամբողջությամբ մերժել ՀՀ Ոստիկանության հայցը։
Գ․ Տոնոյանի ներկայացուցիչը ներկայացրեց նաև հակընդդեմ հայցով բացման խոսքը: Նշեց, որ հավաքի ժամանակ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները չեն բխել ՀՀ օրենսդրության պահանջներից և խախտել են հակընդդեմ հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ անձնական ազատության և անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի, խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, կարծիքի ազատ արտահայտման և հավաքների ազատության իրավունքները: Մասնավորապես՝ հավաքի մասնակիցներն առանց հիմքերի ցրել են հավաքը, անհիմն վարչական ձերբակալման ենթարկել Գ․ Տոնոյանին, այդ ընթացքում թույլ տալով ձերբակալման կարգի խախտումներ, ինչպես նաև անհիմն ֆիզիկական ուժ են գործադրել նրա նկատմամբ։ Տ․ Սիրադեղյանը խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության գործողությունները:
Ապացույցների հետազոտման փուլում պատասխանողի ներկայացուցիչը դիրքորոշում հայտնեց, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է օրենքի խախտմամբ, քանի որ դրանում բացակայում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտման էությունը, մասնավորապես, արձանագրությունում, որպես կատարված իրավախախտում նշված է միայն օրինական պահանջը չկատարելը: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը հակադարձեց, որ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտող գործողություններ կատարելու հիմքով է ներկայացվել պահանջը։
Դատական նիստի ընթացքում հետազոտվեց հայցվոր կողմի ներկայացրած տեսանյութը։ Պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը տեխնիկական պատճառով հնարավոր չեղավ հետազոտել դատական նիստում, ուստի՝ Տ․ Սիրադեղյանը խնդրեց դատական նիստը հետաձգել՝ տեսանյութի այլ օրինակ դատարան ներկայացնելու համար։
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ․ նոյեմբերի 22-ին՝ ժամը 16։30-ին։