Ֆաշիզմի դեմ պայքարը
16:25, November 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվությունՖաշիզմի և հակասեմիտիզմի դեմ համաշխարհային օրը այս տարի ևս նշվում է նոյեմբերի 9-ին՝ ի հիշատակ 1938թ.-ի «Բյուրեղապակյա գիշերվա» ջարդի, որը սկիզբ դրեց աշխարհի ամենամեծամասշտաբ ցեղասպանությանը՝ հետագայում հայտնի դարձած որպես Հոլոքոստ: 1938թ. նոյեմբերի 9-ին էր, որ ֆաշիստական Նացիստական կուսակցությունը նախաձեռնեց հրեա ժողովրդի սիստեմատիկ ոչնչացումը՝ ավերելով նրանց տներն ու ունեցվածքը, ինչպես նաև հրկիզելով սինագոգները, ընթացքում վիրավորելով և սպանելով բազմաթիվ հրեաների: Հրեական խանութների կոտրված պատուհանների և ամբողջ քաղաքի ապակու բեկորների պատճառով էլ ի վերջո այս գիշերը պատմության մեջ մտավ որպես «Կոտրված ապակիների գիշեր»: Այն, ինչ սկսվել էր որպես խտրականություն ու օտարում, շուտով վերածվեց 6 միլիոն հրեաների և գերմանական պետության 5.5 միլիոն «թշնամիների»՝ համասեռականների, հանցագործների, տարբեր կրոնական համայնքների, ինչպես նաև մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց, քաղաքական հակառակորդների և փոքրամասնությունների սպանության: Հոլոքոստը տեղի չունեցավ մի օրում. այն աստիճանաբար ուժգնացող աղետ էր, որ մշակված էր քայլ առ քայլ և արդյունավետ էր միայն ճնշող մեծամասնության համատարած լուռ համակերպման և աջակցության պատճառով:
Չնայած 1945թ. աշխարհին թվում էր, թե այն ոչնչացրել է Եվրոպայում ֆաշիզմի ցանկացած հետք և երդվել է այլևս թույլ չտալ այս ամենի կրկնությունը, ֆաշիզմի և այլատյացության գաղափարախոսություններին հաջողվել է գոյատևել, և դրանք այժմ կրկին ծիլեր են արձակում համաշխարհային քաղաքականության մեջ: Չնայած ֆաշիզմն այլևս ակնհայտ չի դրսևորվում, այն դեռ ամենուր է՝ թաքնված աջ ազգայնամոլության աճի, օպորտունիստական նպատակներով տարբեր «սպառնալիքների» բացահայտման, քավության նոր նոխազների ստեղծման և լուռ համաձայնող ու քայլեր չձեռնարկող հասարակության տակ:
1992թ.-ից ի վեր UNITED for Intercultural action Եվրոպական ցանցը պայքարում է ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի դեմ և ի աջակցություն գաղթականների ու փախստականների: Իր՝ 2017թ.-ի «Ավելի բարձր ասենք՝ այլևս երբեք» արշավով ցանցը ևս մեկ անգամ հորդորում է ամբողջ աշխարհի կազմակերպություններին, անհատներին ու համայնքներին միանալ ֆաշիզմի դեմ պայքարին և դեմ գնալ ատելությանը՝ քայլեր ձեռնարկելով: Հիմա, ավելի քան երբեք, կարևոր է համոզվել, որ տոտալիտար ռեժիմների կողմից հալածանքները, ճնշումները եւ խտրականությունը չեն կարող արտահայտում գտնել, և որ այլևս երբեք-ը իսկապես նշանակում է այլևս երբեք:
Փիա Ուինթեր