Վճռաբեկ դատարանի բեկանելուց հետո «Մատաղիսի գործով» բողոքը կրկին առաջին ատյանի դատարանում է
18:41, June 9, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքԱյսօր՝ 2017 թ. հունիսի 9-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մատաղիսի գործի» շրջանակում 2006 թ. հունվարի 8-ին ներկայացված բողոքի քննությունը:
Հիշեցնենք՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը իրենց ապօրինաբար ազատությունից զրկելու և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ 2005 թ. դեկտեմբերի 12-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Վերջինս մերժել է քրեական գործ հարուցել: Որոշման դեմ 2006 թ. հունվարի 8-ին բողոք է ներկայացվել Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բողոքը մերժել են ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2016 թ. մարտի 19-ի վճռից հետո, որով ՄԻԵԴ-ը ճանաչել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների խախտումը, 2016 թ. սեպտեմբերի 13-ին Արայիկ Զալյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու հարցով:
Վճռաբեկ դատարանն այն վարույթ է ընդունել և 2017 թ. ապրիլի 12-ի որոշմամբ բեկանել բողոքը մերժելու՝ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների որոշումներն ու գործը Արայիկ Զալյանի մասով ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2017 թ. հունիսի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում Ա. Զալյանը ներկայացրեց 2006 թ. հունվարի 8-ի բողոքը:
ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը նշեց, որ հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ 2007 թ.՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց երկու տարի անց, քննություն իրականացվել է, կատարվել են որոշ քննչական գործողություններ, և դրանց վերաբերյալ նյութեր ներկայացրեց դատարան:
Արայիկ Զալյանը խնդրեց տրամադրել ներկայացված նյութերի պատճենները և ժամանակ խնդրեց դրանց ծանոթանալու համար:
Բողոքի քննությունը կշարունակվի 2017 թ. հունիսի 13-ին՝ ժամը 13:00-ին: