Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծ
15:54, March 13, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2012թ. «Լիդիան Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Lydian International Limited) հանքարդյունաբերական ընկերությունը ճանաչեց Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանում գտնվող Ամուլսարի երկրաբանական համալիրը որպես ոսկու մեծագույն աղբյուր երկրում: Դրանից ի վեր հանքը գրավել է ոչ միայն բազմաթիվ ներդրողների, այլև ամբողջ աշխարհի ակտիվիստների ու բնապահպանների ուշադրությունը:
2018թ.-ի փետրվարի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում ԵԿԾ կամավորը կազմակերպել էր «Ամուլսար. պետության անտարբերությունը» ֆիլմի դիտում, ինչպես նաև փաստագրական ֆիլմին հաջորդող կարճ քննարկում: Փաստագրական ֆիլմը, որը պատրաստվել է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի կողմից, հիմնականում անդրադառնում է այն բնապահպանական հետևանքներին (ինչպիսիք են ջրի աղտոտումն ու արտահոսող քիմիական նյութերը), որոնց կհանգեցնի հանքարդյունահանման ծրագրի իրականացումը Հայաստանում: Ի հավելումն սրա՝ այն նաև կենտրոնանում է քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության և համայնքների անտարբերությանը ծրագրի նկատմամբ, չնայած դրա զգալի ազդեցությանն ամբողջ երկրի և բնակչության վրա: Ֆիլմը խորությամբ անդրադառնում է երկու կողմին և խրախուսում է դիտողներին ներգրավվել հարցում: Դիտմանը հաջորդող քննարկումը հատկապես միտված էր այս անտարբերության հնարավոր պատճառները, ինչպես նաև իրավիճակը բարելավելուն ուղղված հնարավոր մոտեցումները պարզելուն: Միջոցառման ընդհանուր նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը ծրագրի բնապահպանական մեծ ռիսկերի մասին և խրախուսել մյուսներին քայլեր ձեռնարկել Ամուլսարում հանքարդյունահանման դեմ:
«Լիդիան Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերության մասին
Բրիտանական «Լիդիան Ինթերնեշնլ Լիմիթիդ» ընկերությունը, որը հիմնված է Սբ. Հելիեր Ջերսի նահանգում, զբաղվում է Կովկասի տարածաշրջանում հանքերի ուսումնասիրությամբ և զարգացմամբ: Ընկերության հիմնական թիրախը Ամուլսարի ոսկու հանքն է: Իր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղի միջոցով, որը նախկինում հայտնի էր որպես «Գեոթիմ» ՓԲԸ, 2016թ.-ին՝ իրավական և ֆինանսական խնդիրների վերաբերյալ երկարատև բանավեճերի վերջնական լուծումից և Հայաստանի կառավարությունից առաջիկա ծրագրի համար թույլտվություն ձեռք բերելուց հետո, այն հիմնեց առաջին հանքարդյունաբերական և մետաղաձուլական գործարանը 70 տոննա ոսկու հանքահանման համար: 2004թ.-ին ընկերությունը ստացավ հանքահանման իրավունք և ծրագիրը շարունակելու բնապահպանական թույլտվություն, սակայն այն մինչև 2016թ.-ը ձեռք չբերեց անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:
Բուն հանքարդյունահանման գործընթացը ծրագրվում է սկսել 2018թ.ի ընթացքում, և շահույթը գնահատվում է 3 միլիարդ դոլար:
Ամուլսարի ոսկու հանք
Ամուլսար լեռը մեծ տոկոսով ոսկի է պարունակում՝ մյուս հանածոների և մետաղների հետ համեմատած: Այս նյութերը քնած վիճակում են, քանի դեռ երկրաբանական համալիրի բնական վերին շերտն անվնաս պահպանվի: Ոսկու արդյունահանման համար այս պաշտպանիչ շերտը կհեռացվի, ինչը կհանգեցնի քիմիական անդառնալի գործընթացների և կարող է առաջացնել հավանական վտանգ ներկայացնող քիմիական գոյացություններ, որոնց գիտական գնահատականի չեն արժանացել: Նախ կհեռացվի վերին շերտը (ամուլ ժայռերը): Ապա հանքաքարը կմանրացվի և կտեղափոխվի ցիանիդային կույտային տարրալվացման հարթակ, որտեղ էլ ոսկին կառանձնացվի հանքաքարից:
Մինչև 3.3 միլիոն դոլար է բաժանվել հարևան համայնքներին, ինչպիսիք են Գնդեվազը, Սարավանը և Գորայքը, ամբողջ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարակից տարածքների վարձակալության համար: Ավելին, գյուղացիների համար սոցիալական զարգացման ծրագրեր են իրականացվել, և գումար է վճարվել ագարակատերերին՝ հանքարդյունաբերական ծրագրի համար անհրաժեշտ տարածք ճանաչված իրենց հողատարածքներից հրաժարվելու դիմաց:
Թեև գյուղացիների մեծ մասը երախտապարտ է իրենց համայնքներում ներդրումների համար, ոմանք մտահոգված են, որ ծրագիրը կարող է վնասակար ազդեցություն ունենալ իրենց կյանքի և ապագա սերունդների վրա:
Բնապահպանական ռիսկեր
Թեև «Լիդիան Ինթերնեշնլ»-ը պնդում է, որ այն գործում է բնապահպանական չափանիշներին համապատասխան, անկախ հետազոտության արդյունքները բնապահպանական լուրջ խնդիրներ են բացահայտել նախագծում: Համաձայն «Ամուլսարի ոսկու ծրագիր. Ամուլսարի ոսկու հանքի նախագծի հետ կապված մտահոգությունների, հավանական հետևանքների և հանձնարարականների համառոտագրի», որը պատրաստվել է Ավստրալիայի Blue Minerals Consultancy, ԱՄՆ-ի Buka Environmental և Կանադայի Clear Coast Consulting ընկերությունների կողմից, հանքարդյունահանման ծրագիրն ուղեկցվում է շրջակա միջավայրի համար երկարատև, զգալի բացասական ազդեցություններով: Հանքից այլ ջրային համակարգեր լցվող ջուրն ու աղտոտված հեղուկը ներկայումս կանխատեսվող ամենաբացասական հետևանքն է:
Ստորերկրյա ջրերի, գետերի, աղբյուրների և ջրամբարների աղտոտումը ոչ միայն կազդեր հարակից տարածքների վրա, այլև կտարածվեր ամբողջ Հայաստանով, քանի որ Կեչուտի ջրամբարը, որը երկրի համար խոշոր ջրամտակարար է, մեծ ազդեցության կենթարկվեր: Ավելին, ջրի նվազած հոսքը և ստորերկրյա ջրերի նվազող մակարդակը հորի ջրահեռացման և խոշոր թափոնների ու հանքաքարերի գործարանի գոյության պատճառով հավասարապես վտանգավոր են, քանի որ հանքարդյունաբերական գործարանների գերագնահատված սեյսմիկ կայունությունը վիճելի է՝ հաշվի առնելով տարածաշրջանում երկրաշարժի ներկայիս կանխատեսումները: Ավելին, թափոնների և հանքաքարի վատ և սխալ երկրաբանաքիմիական գնահատումը, ինչպես նաև աղտոտված հեղուկների կամ հանքանյութերի արտահոսքին նախորդող թթվային դրենաժի թերագնահատումը մեծ վտանգ կառաջացնեին շրջակա միջավայրի էկոհամակարգերի համար:
Ի վերջո, «Լիդիան»-ի կողմից իրականացված ոչ պատշաճ հետազոտությունը և դրա անփորձությունը հանքարդյունահանման ոլորտում, ինչպես նաև առաջացող բնապահպանական խնդիրներին հակազդելու ֆինանսական միջոցների սակավությունն Ամուլսարի հանքարդյունահանման ծրագիրը դարձնում են բարձր ռիսկայնության ծրագիր, որը պետք է վերանայվի պաշտոնյաների և ներդրողների կողմից:
Հավելյալ տեղեկատվություն
Տես Ամուլսարի հանքարդյունահանումը դադարեցնելու վերաբերյալ հանրագիրն այստեղ՝ https://www.change.org/: Հանրագրին սատարում են 31 ՀԿ-ներ, որոնց թվում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Ամուլսար. պետության անտարբերությունը» վավերագրական ֆիլմը հասանելի է հայերենով, ռուսերենով և անգլերենով այստեղ՝https://www.youtube.com/watch?v=LWhbwVIvhq8
Ծրագրին ուղեկցող բնապահպանական վտանգների և հետևանքների մասին մի քանի մանրամասն զեկույցներ հասանելի են Հայկական բնապահպանական ճակատի կայքում՝
http://www.armecofront.net/en/about-us-2/
Տես «Լիդիան Արմենիայի» կայքն այստեղ՝ https://www.lydianarmenia.am/index.php?m=pages&lang=eng&p=67
Հոդվածում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեսակետների հետ
Հեղինակ՝ Փիա Ուինթեր, ԵԿԾ կամավոր ՀՔԱ Վանաձորի գրասենյակում