Վանաձորում կայանալիք միջազգային բարքեմփի ընթացքում կքննարկվեն մարդու իրավունքներին, շրջակա միջավայրին ու անկախ մեդիային առնչվող հարցեր
13:06, April 9, 2018 | Մամլո հաղորդագրություններ2018 թ. ապրիլի 13-15-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ու չեխական NESEHNUTÍ անկախ սոցիալ-էկոլոգիական շարժման նախաձեռնությամբ Վանաձորում (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12) տեղի կունենա «Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ը:
Այն իր շուրջ կհամախմբի ավելի քան 70 ակտիվիստների Հարավային Կովկասից, Չեխիայից ու Ռուսաստանից, որոնք կկիսվեն քաղաքացիական արշավների իրենց փորձով, կներկայացնեն հաջողված ու ձախողված օրինակներ, ինչպես նաև կքննարկեն մարդու իրավունքներին ու շրջակա միջավայրին առնչվող հարցեր, կխոսեն անկախ մեդիայի առջև ծառացած խնդիրներից և այնպիսի արդիական հարցերից, ինչպիսիք են ապատեղեկատվությունն ու պրոպագանդան:
Միջոցառումը բաց է լուսաբանման համար, լուսաբանման դեպքում ցանկալի է նախապես տեղեկացնել ՀՔԱ Վանաձորի գրասենյակին:
Բարքեմփի շրջանակում Հարավային Կովկասի տարբեր փորձառու և նորաստեղծ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի ոլորտում, հնարավորություն կունենան դիտարկելու համագործակցության նոր հնարավորություններ ու հարթակներ:
Բացի բանախոսներից՝ իրենց փորձառությամբ կիսվելու հնարավորություն կունենան նաև Բարքեմփի մասնակիցները: Բարքեմփի 3 օրերի ընթացքում նախտեսված են ավելի քան 15 դասախոսություններ, վարպետաց դասեր ու քննարկումներ:
Նախորդ տարի Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացված համանման բարքեմփի մասին՝ այստեղ:
«Քաղաքացիական բարքեմփ-Վանաձոր 2018»-ի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ՝ http://civicbarcamp.org/
«Քաղաքացիական բարքեմփն իր ձևաչափով եզակի է Վանաձորում և կարևոր քայլ է Հարավային Կովկասում քաղաքացիական համերաշխության ձևավորման ուղղությամբ՝ ընդդեմ տարածաշրջանում դրսևորվող ավտորիտար միտումների»
Արթուր Սաքունց,
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ
«Քաղաքացիական Բարքեմփ-Վանաձոր 2018»-ը անցկացվում է «Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության ընդլայնում» ծրագրի շրջանակներում՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ (Դրամաշնորհ թիվ 19792): Բարքեմփի շրջանակներում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և Չեխիայի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումների հետ: