Մշակութային կոկտեյլ Վանաձորում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորների նախաձեռնությամբ
10:16, March 21, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱնցած ուրբաթ՝ 2018 թ. մարտի 16-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Եվրոպական կամավորական ծառայության կամավորներ Էվա Յաշկովան ու Փիա Ուինթերը «մշակութային կոկտեյլ» էին նախաձեռնել Վանաձորի «Թեյնիկ հակասրճարանում»:
Մշակութային կոկտեյլը միավորել էր արտասահմանցի կամավորների, որոնք ներկայացնում էին իրենց երկրների մշակույթն ու լեզուն՝ հետաքրքիր խաղերի ու տեղեկատվական նյութերի միջոցով:
Բացի Հայաստանում արտասահմանցի կամավորներից՝ Էվայի ու Փիայի նախաձեռնությանը միացել էին նաև կամավորներ Վրաստանի տարբեր քաղաքներից:
Լիտվացի կամավոր Ռենատան միջոցառմանը մասնակցող երիտասարդներին փորձում էր լիտվերեն սովորեցնել, նա նաև լիտվական մշակույթի ու պատմության վերաբերյալ տեղեկատվական նյութեր էր բերել և այցելուներին ցույց էր տալիս, թե որտեղ է գտնվում իր հայրենիքը քարտեզի վրա՝ կես-կատակ շեշտելով, որ «այն ոչ Լատվիան է, ոչ էլ Էստոնիան, չպետք է շփոթել»: Ռենատայի մոտ ուրախ ու մարդաշատ էր միջոցառման ողջ ընթացքում:
Գերմանացիներն էլ բաց չէին թողել իրենց լեզվի ողջ հմայքը ցույց տալու հնարավորությունը. նրանք շեշտադրել էին գերմաներենի առանձնահատկությունները՝ անծայրածիր երկար բառերն ու դրանց բարդ արտասանությունը: Ագնեսը նաև փոքրիկ հարցաշար էր պատրաստել գերմանական մշակույթի ու պատմության մասին, բայց գերմաներեն ամենաերկար բառը նա այդպես էլ չկարողացավ հիշել, այնուամենայնիվ փորձեց նկարագրել՝ ինչ է դա նշանակում:
Գերմանական մշակույթը ներկայացնող սեղանի մոտ ևս ուրախ էր. այցելուները հնարավորություն ունեին նաև համտեսելու գերմանական ուտելիքներ ու զանազան քաղցրավենիքներ:
Լեհական աղցանից ու համեղ կոնֆետներից բացի (աղցանն, ի դեպ, շատ նման էր Հայաստանում մեծ տարածում ունեցող «Մայրաքաղաքային» աղցանին՝ բացառությամբ որոշ բաղադրիչների)՝ Լեհաստանը ներկայացնող եռյակը նաև լեհական մշակութային մթնոլորտ էր ստեղծել՝ Մարտինան ազգային հագուստով էր դիմավորում հյուրերին, իսկ Յակուբը կիթառի ուղեկցությամբ լեհերեն երգեր էր երգում:
Ֆրանսիացի կամավորներ Լեան ու Սելինն էլ իրենց մշակույթը ներկայացնում էին ինտերակտիվ խաղերի միջոցով:
Սլովակիան ներկայացնող Մարտինն ու Դաշան կամավորներ են Վրաստանի Գորի քաղաքում. նրանք սիրով միացել էին նախաձեռնությանը և եկել էին աջակցելու իրենց հայաստանաբնակ գործընկերներին:
Դաշայի ու Մարտինի սեղանի մոտ այցելուները կարող էին համտեսել շոկոլադ ու բանջարեղենային կոտլետ՝ դրան զուգահեռ ուսումնասիրելով սլովակերենի այբուբենը, ծանոթանալով Սլովակիայի տեսարաժան վայերին:
Բելգիացի կամավոր Ֆլորիսն այցելուներին ծանոթացնում էր բելգիական մշակույթի առանձնահատկություններին ու խաղերի միջոցով առաջարկում բացահայտել այն: Հյուրերի հարցերին ի պատասխան՝ նա նաև ներկայացնում էր մի երկրում երեք տարբեր լեզուներով խոսելու դժվարությունները, պատմում Բելգիայի կրթական ու քաղաքական համակարգի մասին:
Կանադական կրթության ու առողջապահության համակարգին էլ օգնում էր ծանոթանալ ծագումով հայ Սաշկան: Ցանկացողներին նա սիրով պատմում էր կանադական մշակույթի, պետական խորհրդանիշերի ու տեսարժան վայրերի մասին:
Չեխուհի Էվան ու ավստրուհի Փիան առանձնահատուկ պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը: Էվան չեխական ավանդական հաց ու կարկանդակներ էր պատրաստել և փորձում էր սովորեցնել չեխերեն բառեր ու չեխական այբուբենի առանձնակի դժվարություն հարուցող հնչյունները:
Իսկ Փիան Ավստրիայի պատմության կարևոր իրադարձություններն էր շեշտադրել ու տեղեկատվական պաստառի միջոցով հանգամանորեն բացատրում էր, թե որտեղ է Ավստրիան, ինչ լեզու ու մշակույթ ունի, նա նաև կատակով «ներողություն էր խնդրում», որ Ավստրիան Ավստրալիան չէ և որ կենգուրուների հետ ոչ մի կապ չունեն:
Ինտերակտիվ խաղերի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեին ստուգելու Ավստրիայի մասին իրենց գիտելիքներն ու համալրելու դրանք:
Իրենց երկրների մշակույթն ու պատմությունը ցանկացողներին ներկայացնում էին նաև ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայացուցիչները:
«Մշակութային կոկտեյլի» բոլոր մասնակիցները յուրահատուկ «միջմշակութային-միջպետական անձնագրեր» էին ստանում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների ստորագրությամբ:
Վանաձորյան մշակութային կոկտեյլը յուրօրինակ հնարավորություն էր ինչպես տեղացի երիտասարդների, այնպես էլ արտասահմանցի կամավորների համար: Նրանք հնարավորություն ստացան ավելին իմանալու միմյանց մասին, վերագնահատելու տարբեր երկրների մասին իրենց պատկերացումները, ինչու չէ՝ կոտրելու կարծատիպերն ու միֆերն այդ երկերների ու ժողովուրդների մասին:
Միջոցառման մյուս լուսանկարները հասանելի են այստեղ