ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Հայկ Կալեյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը
15:40, April 29, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2014 թ. ապրիլի 28-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ե. Դարբինյանի, վերսկսվեց ՊԲ թիվ 35383 զորամասում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Կալեյանի գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր դատաքննությանը մեղադրող կողմի ներկայությունն ապահովելու նպատակով:
Սույն դատական նիստին ներկայացել էին ամբաստանյալներ Սանթուր Դոմբրյանը, Արմեն Երեմյանը և Նարեկ Սերոբյանը, Սանթուր Դոմբրյանի շահերի պաշտպանը, տուժողի իրավահաջորդ Մերուժան Կալեյանը և նրա ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Գործով մեղադրող, ք.Ասկերանի թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Հայկ Մկրտչյանը չէր ներկայացել, և դատարան ներկայացվել էր տեղեկանք վերջինիս ստացիոնար բուժման մեջ գտնվելու մասին: Դատական նիստին ներկայացել էր Անահիտ Եղիազարյանը, ով դատարանին ներկայացրեց զինվորական դատախազի տեղակալի կողմից տրված լիազորագիրը՝ գործով մեղադրանքի կողմում ներգրավվելու համար:
Դատաքննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցը և ամբաստանյալ Ս.Դոմբրյանի շահերի պաշտպանը ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքների հիմնավորումները: Գործով մյուս ամբաստանյալներ Ա. Երեմյանը և Ն. Սերոբյանը հայտնեցին, որ համաձայն են Ս.Դոմբրյանի պաշտպանի ներկայացրած բողոքին և առարկեցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի դեմ:
Մեղադրող Ա. Եղիազարյանը հայտնեց, որ գործով նոր է ներգրավվել և ծանոթ չէ գործի նյութերին, ուստի խնդրեց ժամանակ տրամադրել՝ հատկապես Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքին մանրակրկիտ պատասխան ներկայացնելու համար: Բացի այդ, Ա. Եղիազարյանը տեղեկացրեց, որ գործով մեղադրող Հ. Մկրտչյանը ցանկություն ունի մասնակցել դատաքննությանը, որի պատճառով ևս խնդրեց հետաձգել դատական նիստը:
Գործով տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև Սանթուր Դոմբրյանի պաշտպանը չառարկեցին դատական նիստը հետաձգելու դեմ, իսկ Ս. Դոմբրյանը խնդրեց դատական նիստը հետաձգել հնարավորինս կարճ ժամանակով, քանի որ ինքն արդեն մեկուկես տարի պատիժ է կրում փակ տեսակի ուղղիչ հիմնարկում:
Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014թ. մայիսի 19-ին, ժամը 12:00-ին: