Պահանջում ենք անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները. հայտարարություն
11:55, March 6, 2018 | Համատեղ, ՀայտարարություններԵրեւանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։ Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է լքել շենքը։
Հանրային քննադատությանն արժանացած այս միջադեպից հետո քաղաքային իշխանությունը մտադրություն հայտնեց կանոնակարգել լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում, սակայն իրականում, ինչպես երեւում է առաջարկված փաստաթղթից, փորձում է իր գործունեությունը լուսաբանելու անհիմն սահմանափակումներ կիրառել։ Այս մոտեցման ջատագովները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերությունների նոր պայմանների անհրաժեշտությունը հիմնավորում են քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում ներառված լինելու հանգամանքով: Մինչդեռ ներկայացված առաջարկներն ուղղված են բուն ավագանու աշխատանքները ոչ թափանցիկ դարձնելուն:
Լրագրողների քննարկմանը ներկայացված փաստաթուղթն, ըստ էության, հավատարմագրման նոր կարգ է, որն իր տրամաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների չափանիշներին եւ հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Զանգվածային լրատվության մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների մի շարք դրույթների։
Հաշվի առնելով այս ամենը, մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստակամություն ենք հայտնում երկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանում եւ ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել եւ ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ Երեւանի քաղաքապետարանից պահանջում ենք.
- կասեցնել վերոհիշյալ փաստաթղթի ընդունման գործընթացը,
- անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները՝ բացառելով որեւէ խտրականության եւ անհիմն սահմանափակումների դրսեւորումները եւ հարգելով խոսքի ու տեղեկատվության ազատությունները, լրագրողի անկաշկանդ գործելու, ինչպես նաեւ հանրության՝ իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները։
2018, 5 մարտի, Երեւան
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԱՄԲՐԵԼԼԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՑԱՆՑ» ՀԿ
«ԱԶԱՏ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ
«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ
FACTOR.am ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ
ILUR.am ԱՌՑԱՆՑ ՕՐԱԹԵՐԹ
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ
«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
«ՎԵԼԵՍ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ
«ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԿ
ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ ՀԱՈՒՍ – ԵՐԵՎԱՆ
«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՊՐՈՄԵԴԻԱ-ԳԵՆԴԵՐ» ՀԿ
«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
ՍԱՌԱ ԽՈՋՈՅԱՆ, ԲԼՈՒՄԲԵՐԳԻ հայաստանյան թղթակից
ԱՆՆԱ ՊԱՊԻԿՅԱՆ, լրագրող («Հրապարակ» օրաթերթ)
ՏԱԹԵՎ ԱՅՎԱԶՅԱՆ, լրագրող (armday.am)
ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ֆոտոլրագրող
ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, անկախ լրագրող