Մեկնարկում է երիտասարդ իրավաբանների վերապատրաստման «Իրավաբանական կլինիկա-2018» ծրագիրը. ընդունվում են հայտեր
12:01, March 28, 2018 | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը սկսում է «Իրավաբանական կլինիկա-2018» ծրագիրը, որի նպատակն է բարելավել մարզերում բնակվող երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունները իրավաբանական խորհրդատվությունների տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման բնագավառում:
Իրավաբանական կլինիկայի մասնակից կարող են դառնալ մինչև 27 տարեկան մարզաբնակ երիտասարդները, որոնք ունեն իրավաբանական կրթություն կամ սովորում են իրավաբանական ֆակուլտետների 3-րդից բարձր կուրսերում:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) և հետաքրքվածության նամակ achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեին մինչև 2018 թ. ապրիլի 25-ը:
Յուրաքանչյուր մարզից կընտրվի 3 իրավաբան:
Ծրագիրը բաղկացած է 2 փուլից՝ տեսական և գործնական: Ծրագրի տևողությունը՝ 3 ամիս:
Տեսական փուլը ներառում է եռօրյա դասընթացներ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների, իրավաբանական խորհրդատվության տրամադրման և իրավաբանական փաստաթղթերի կազմման տեխնիկայի վերաբերյալ:
Տեսական փուլը կանցկացվի 2018 թ. մայիսին (անցկացման վայրի մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները): Կեցության և տրանսպորտի ծախսերը հոգում են կազմակերպիչները:
Դասընթացները կանցկացնեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները:
Գործնական փուլը կանցկացվի 2018 թ. մայիսի երկրորդ կեսից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակում ուսանողները տեսական փուլում ստացած գիտելիքները կկիրառեն գործնականում:
Ծրագրի ավարտից հետո յուրաքանչյուր մարզից կընտրվի մեկ իրավաբան, որի հետ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կշարունակի աշխատել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, իրավաբանական փաստաթղթերի կազմման, Կազմակերպության թիրախ խմբերին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու շրջանակներում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Անի Չատինյանին achatinyan@hcav.am էլ. փոստի հասցեով կամ (374)093-81-92-75 հեռախոսահամարով կամ այցելել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59 հասցեով:
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրն իրկանացվում է 2013 թ.-ից: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 70 իրավաբաններ որոնց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքներն ու հմտությունները մասնագիտական գործունեության ոլորտում: