«Իրավաբանական կլինիկա-2018» ծրագիրը մեկնարկեց. մասնակիցներն ակնկալում են հմտանալ իրավագիտության մեջ ու ավելի մրցունակ դառնալ աշխատաշուկայում
17:40, June 8, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն2018 թ. մայիսի 25-ին Դիլիջանում մեկնարկեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Իրավաբանական կլինիկա-2018» ծրագրի տեսական փուլը:
Եռօրյա տեսական դասընթացի շրջանակում մասնակիցներն ստացան մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների մասին ընդհանուր գիտելիքներ, ապա գիտելիքներն ամրապնդեցին գործնական աշխատանքներով:
Դասընթացի առաջին օրը մարդու իրավունքների, մարդու իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքներին առնչվող ներպետական ու միջազգային իրավական փաստաթղթերը ներկայացրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Արայիկ Զալյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:
Իսկ երկրորդ օրը վերջիններս ներկայացրին մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները ներպետական ու միջազգային ատյաններում, անդրադարձան իրավական փաստաթղթերի կազմման տեխնիկային:
Դասընթացի վերջին օրը նվիրված էր վարչարարության սկզբունքներին ու վնասի փոխհատուցման ձևերին: Թեման ներկայացրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբան Արտուր Հարությունյանն ու Տաթևիկ Սիրադեղյանը:
Եռօրյա հագեցած դասընթացը ամփոփեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը՝ մարդու իրավունքների սահմանումների ու դասակարգումների, մարդու՝ որպես գերագույն արժեքի կարևորման, պետության կողմից մարդու իրավունքների հարգման պարտականությունների թեմայով:
Առաջիկայում ծրագրի գործնական փուլն է, որի շրջանակում ծրագրի մասնակիցները գործնականում կկիրառեն ստացած գիտելիքները, այդ թվում՝ կկազմեն իրավական փաստաթղթեր, կտրամադրեն իրավական խորհրդատվություն:
«Իրավաբանական կլինիկա» ծրագիրը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրականացնում է 2013 թ.-ից: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են 70-ից ավելի իրավաբաններ: Նրանց մի մասը հաջողությամբ կիրառում է ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ոլորտում:
«Իրավաբանական կլինիկա-2018» ծրագրի շրջանակում վերապատրաստվում են 18 իրավաբաններ ՀՀ տարբեր մարզերից ու Երևան քաղաքից:
Վայոց Ձորի մարզից Մանե Ասրյանը իրավագիտական կրթություն է ստացել 7 տարի առաջ, նա կարճ փորձառություն է ունեցել ընտանեկան իրավունքի ոլորտում, այժմ կամավոր է: «Իրավաբանական կլինիկային» մասնակցում է մասնագիտության մեջ ավելի հմտանալու և ավելի մրցունակ մասնագետ դառնալու ակնկալիքով:
«Իրավաբանական կլինիկայի տեսական մասում շատ գիտելիքներ ստացա հատկապես մարդու իրավունքների մասին:
Վստահ եմ, որ «Իրավաբանական կլինիկան» ինձ ավելի մրցունակ մասնագետ կդարձնի և աշխատանք գտնելու հնարավորություններս ավելի կմեծացնի». նշում է Մանեն:
Երևանից Էմմա Շահինյանը մասնագիտանում է իրավագիտության մեջ: Ծրագրի տեսական փուլում արդեն շատ գիտելիքներ է ստացել և ամրապնդել բուհում սովորածը. «Մինչ այս հասցրել էի հիասթափվել դատարանների աշխատանքից, բայց դասընթացի արդյունքում հասկացա, որ դատարանի աշխատանքի վրա ազդելու իրավական մեխանիզմներ կան, որոնք պետք է կիրառել»:
Սյունիքի մարզից Ավետ Դիշունցն ու Լոռու մարզից Նաիրա Մխիթարյանը ևս մասնագիտանում են իրավագիտության ոլորտում և մի հարցում համակարծիք են՝ բուհում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություններ գրեթե չեն լինում, «Իրավաբանական կլինիկան» տալիս է այդ հնարավորությունը:
Մեզ հետ զրույցում Նաիրան կարևորեց 4 տարվա ընթացքում բուհում ստացած գիտելիքները համալրելու ու վերագնահատելու հնարավորությունը և հույս հայտնեց, որ դրանք կկիրառի աշխատանքային գործունեության մեջ. «Մենք պրակտիկա ենք անցնում դպրոցներում և հնարավորություն ենք ունենում մեր ստացած գիտելիքները կիրառելու հիմնականում մանկավարժական տեսանկյունից, իսկ իրավաբանության ոլորտում գործնական հմտություններ գրեթե ձեռք չենք բերում:
Ակնկալում եմ, որ «Իրավաբանական կլինիկայի» շրջանակում ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ինչպես աշխատանք գտնելու հարցում, այնպես էլ աշխատանքային գործունեությանս ընթացքում»:
Ավետն էլ հավելում է. «Իրավաբանական կլինիկան» ստացած գիտելիքները հենց գործնականում կիրառելու հնարավորություն է տալիս: Ակնկալում եմ, որ Կլինիկայի արդյունքում ավելի շատ փորձ ու հմտություններ ձեռք կբերեմ»:
«Իրավաբանական կլինիկայի» համակարգող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը նշում է, որ ծրագիրն առաջին անգամ ընդգրկում է ՀՀ տարբեր մարզեր, նախկինում այն իրականացվում էր միայն Լոռու մարզի շրջանակում. «Իմ կարծիքով ծրագիրը շատ արդյունավետ կլինի, քանի որ ուժեղ ու մոտիվացված թիմ է հավաքվել»: Արդյունքները, իհարկե, կարող ենք արձանագրել ծրագրի ավարտին, սակայն ծրագրի առաջին ու մեկնարկային փուլը փայլուն ավարտ է ունեցել, որի մասին է վկայում մասնակիցների կարծիքն ու գնահատականը: Ծրագրի այս ձևաչափը մեզ թույլ է տալիս ՀՀ ամբողջ տարածքում ունենալ մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստված իրավաբաններ, որոնք, գնահատելով մարդու իրավունքների անհրաժեշտությունն ու կարևորությունը, պատրաստ կլինեն պայքարելու դրանց խախտման դեմ:
Ծրագիրն ավարտվում է 2018 թ. օգոստոսի 31-ին:
Ծրագրի մի քանի մասնակիցներ արդեն իսկ համագործակցում են ՀՔԱ Վանաձորի հետ՝ իրենց մարզերում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, իրավաբանական փաստաթղթերի կազմման, Կազմակերպության թիրախ խմբերին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու շրջանակներում:
Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ