Ինչպե՞ս է վերահսկվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների իրացումը
18:45, July 13, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԻր իրավունքների պաշտպանության նպատակով 2018 թ.-ի հունիսի 23-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել նախկին պայմանագրային զինծառայող Արմեն Մարգարյանը, որը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում իր ծառայության ընթացքում և դրանից հետո առնչվել է մի շարք խնդիրների։
2003-2005 թթ. նա անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն Կապանի զորամասում։
2008 թ.-ից զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2014 թ.-ին ծառայել է որպես սերժանտական ուսուցման ջոկի հրամանատար։ Սերժանտական դպրոցի փակվելուց հետո իր դիմումի համաձայն՝ ընտանեկան դրությունից ելնելով (անչափահաս երեխաներ, վատառողջ ծնողներ), տեղափոխվել է նույն զորամասի մեկ այլ տեղակայում` նշանակվելով որպես դիզվառելիքի սպասարկման բաժնի աշխատակից՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստապետ։ 2015 թվականի սեպտեմբերին աշխատանքային պարտավորությունների հանձնման-ընդունման ընթացքում բացահայտել է 718 կգ (ավելի քան 1000 լ) բենզինի պակասորդ։ Պարզվել է, որ նախկին պահեստապետը հանձնում-ընդունման ընթացքում բենզինի պակասորդը կոծկելու նպատակով բենզինի տարայի մեջ ջուր է ավելացրել, հետագայում այդ պակասորդը փորձել են վերագրել Արմեն Մարգարյանին: Ի դեպ, 2016 թ. հունիսին փոխհատուցելով իր կողմից զորամասին պատճառված վնասը նախկին աշխատակիցը նշանակվել է այլ պաշտոնի։
Զորամասը, ըստ Արմեն Մարգարյանի, բենզինը ստանում է Երևանում տեղակայված «Ֆլեշ» ՍՊԸ-ից։ 2015 թ.-ի նոյեմբերին բենզին ստանալուց հետո հայտնաբերվել է 1700 կգ (մոտ 2300լ) պակասորդ։ Այդ մասին հեռախոսազանգով տեղեկացնելով տվյալ պահին առողջական խնդիրների կապակցությամբ Մոսկվայի զինվորական հոսպիտալում գտնվող ծառայության իր պետին՝ մայոր Կոկչյանին, Մարգարյանին հանձնարարվել է պակասորդի փաստը ստուգելու նպատակով բենզինը դատարկել այլ տարայի մեջ, քանի որ, ըստ ծառայության պետի, հնարավոր է խնդիրը կապված լինի զորամասում առկա տարայի չափերի հետ։ Արդյունքում, ըստ Մարգարյանի, պակասորդն էլ ավելի է մեծացել։
2015 թ.-ի դեկտեմբերին հոսպիտալից վերադառնալուց հետո ծառայության պետը, ստուգելով բենզինի չափը, հայտնել է, որ բացահայտված պակասորդը չնչին է՝ չնշելով դրա կոնկրետ քանակը։ Նա Մարգարյանին առաջարկել է իր անունից դիմել զորամասի վարորդներին՝ խնդրելով կոծկել պակասող բենզինի քանակը։ Մարգարյանը, որն աշխատել է զորամասում ոչ միայն որպես պահեստապետ, այլև բենզին լիցքավորող, ստիպված է եղել ավտոմեքենաները բենզինով լիցքավորելիս դրանք թերի լիցքավորել, ինչի մասին միշտ զեկուցել է իր անմիջական ղեկավարին՝ մայոր Կոկչյանին եւ թիիկունքի պետին՝ փոխգնդապետ Յերաֆեեւին։ Զորամասի վարորդներն իրենց հերթին պակասող բենզինի ծավալը կոծկելու նպատակով ավտոմեքենաների վարման կիլոմետրերի չափը հատուկ փաստաթղթերում արձանագրելիս նշել են իրականությանը չհամապատասխանող՝ ավելի մեծ թվեր, ինչի արդյունքում հավասարակշռվել է պակասող բենզինի քանակը։ Իսկ թե ինչ ծավալի բենզինի չարաշահում է կոծկվել դրա արդյունքում, Մարգարյանին ճշգրիտ հայտնի չէ։
2 ամիս անց՝ 2016 թ. փետրվարին, Մարգարյանի խնդրանքով իրականացվել է «P 50 N 8» տարայի տարողունակության ճշգրտության հանձնաժողովային ստուգում: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է, որ ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից կազմված չափման աղյուսակը չի համապատասխանում տարայի փաստացի տարողությանը։ Հաստատվել է, որ խնդիրը, իբր, ոչ թե ստացված բենզինի քանակն է, այլ զորամասում առկա բենզինի տարաների ոչ ճշգրիտ գնահատված ծավալները։
2016 թ. հունիսին Արմեն Մարգարյանը, չունենալով զորամասի համար վառելիքի ստացման փորձ, խնդրել է զորամասի հրամանատարին բենզին ստանալիս սպայակազմից իր հետ կցել սպաների։ Նրա հետ կցվել են զորամասի թիկունքի պետը, իրային ծառայության պետը, դիզելային վառելիքային նյութերի ծառայության պետը, ինչպես նաև մեկ հոգի Ներքին անվտանգության ծառայությունից (Օтдел собственной безопасности)։ Երևանում տեղեկայված «Ֆլեշ» ՍՊԸ-ից 7 բենզատարայով Արտաշատ է տեղափոխվել 102000 լ բենզին՝ ըստ փաստաթղթերի։ Բենզինը ստանալու ամբողջ գործընթացում, ինչպես նաեւ հետագա պակասորդի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը արձանագրվել է այդ հանձնաժողովի կողմից:
Զորամասում բենզատարայից բենզինը դատարկելիս նկատվել են անհամապատասխանություններ բենզինի ծավալի չափման համար նախատեսված անձնագրերի մեջ կատարված նշումների և տարաներում փաստացի առկա բենզինի ծավալի մեջ։
Զորամասի հրամանատարությունը Արմեն Մարգարյանին խորհուրդ է տվել բենզինի ծավալի լրացուցիչ ստուգումներ չկատարել, այլ առաջնորդվել չափման անձնագրերում առկա (կեղծ) տվյալներով, այլապես նա ստիպված է լինելու անձամբ վճարել պակասող բենզինի գումարը։ Այնուամենայնիվ զինծառայողը չի համաձայնել։
2016 թ.-ի օգոստոսին Մարգարյանը զեկուցագիր է ներկայացրել զորամասի հրամանատարին՝ առկա բենզինի քանակը ստուգելու նպատակով այն դատարկել և ստուգել հաշվիչի միջոցով։ Արձանագրվել է՝ 10500 կգ (մոտ 14000 լ) բենզինի պակասորդ։ Բենզինի պակասորդի պատճառների հայտնաբերման նպատակով 2016 թ. սեպեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՌԴ ԴԱԾ հանձնաժողովի և ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 40 օր տարվել է վարչական հետաքննություն։ Զորամասում իրականացվել են Չափագիտության ազգային ինստիտուտի աստիճանագրման աղյուսակների հայտնաբերման գործողություններ։ Արդյունքում պարզվել է, որ 2014 թվականից զորամասում կեղծվել են բենզինի ծավալի վերաբերյալ փաստաթղթերը. նյութական ապահովության պահեստից հայտնաբերվել են նման աղյուսակների 12 օրինակ, ևս 18-ը հայտնաբերվել են նյութական ապահովության ծառայության պետի աշխատասենյակում, ընդ որում՝ բացահայտվել է, որ նույն տարայի վերաբերյալ առկա են մի քանի չափման անձնագրեր՝ յուրաքանչյուրում բենզինի ծավալի մասին միմյանցից տարբերվող նշումներով։
Ըստ Մարգարյանի՝ հետագայում ևս գրանցվել են բենզինի պակասորդի դեպքեր, մասնավորապես՝ 2016 թ. սեպտեմբեր – 2017 թ. ապրիլ ամիսների ընթացքում տարբեր հրամանատարների մասնակցությամբ բենզինի ծավալը ստուգելու նպատակով այն դատարկվել է այլ տարաների մեջ։ Յուրաքանչյուր անգամ նույն քանակի բենզինը չափելիս արձանագրվել է պակասորդ տարբեր քանակով, մասնավորապես՝ 13500 կգ (մոտ 18000 լ), 8000 կգ (մոտ 10500 լ) և 9000 կգ (մոտ 12000 լ)։
2017 թվականի ապրիլի 15-ին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով Արմեն Մարգարյանը արձակվել է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերից՝ չցանկանալով վերակնքել պայմանագիրը։ Արձակվելով ծառայությունից՝ նա այնուամենայնիվ թողնվել է կադրերի հայեցողության տակ, զորամասում բենզինի պակասորդի վերաբերյալ տարվող գործի քննության շրջանակներում։
Բենզինի պակասորդի հիմքով վարույթ իրականացնող մարմինը՝ Երևանում (Չարբախ) տեղակայված ՌԴ թիվ 312 կայազորային զինվորական դատախազությունը, հաստատել է Արմեն Մարգարյանի որպես վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի մեղքը, իսկ ՀՀ-ում ՌԴ զորքերի դատարանը 2017 թ. հունիսին նրա նկատմամբ նշանակել է տուգանք 4.900.000 ՀՀ դրամի չափով։
Մարգարյանը բողոքարկել է կայացված որոշումը։ Արդյունքում նրա հանդեպ նշանակված տուգանքի չափը իջեցվել է՝ հասցվելով 3.500.000 ՀՀ դրամի։
Տեղեկանալով, որ Արմեն Մարգարյանը պատրաստվում է որոշումը բողոքարկել Դոնի Ռոստովում գտնվող Երկրորդ ատյանի դատարանում, նրան զորամասի հրամանատարության կողմից գործարք է առաջարկվել՝ իրեն նշանակել ցանկացած պաշտոնում, հնարավորություն տալով 3 տարվա ընթացքում մարել «պարտքը»։ Արմեն Մարգարյանը, սակայն, չի համաձայնել։ Նա բողոքարկել է որոշումը Դոնի Ռոստովի դատարանում։ Դատական նիստերին նա իր մասնակցությունն ապահովել է առցանց (skype-ի միջոցով)։ Դատարանի կողմից որոշում է կայացվել տուգանքի չափն իջեցնել՝ հասցնելով 2.500.000 ՀՀ դրամի։
Նախկին պայմանագրային զինծառայողը 2018 թ. հուլիսի սկզբին որոշումը կրկին բողոքարկել է, այս անգամ՝ Դոնի Ռոստովի գերագույն դատարան։
Այնուամենայնի, խնդիրներն այսքանով չեն ավարտվել։ 2018 թ. հունիսին անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրանալու հիմքով Արմեն Մարգարյանը դիմել է Անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի բաժին։ «Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ անձնագիր ստանալու համար զինապարտները պետք է ներկայացնեն զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք։
Արտաշատի զինվորական կոմիսարիատում չեն կարողացել Մարգարյանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը՝ անձնական գործը զինկոմիսարիատում չլինելու պատճառով, և սա այն դեպքում, երբ նա, ըստ իր տեղեկատվության, արձակվել է պահեստազոր ավելի քան 1 տարի առաջ՝ 2017 թ.-ի ապրիլին։ Փաստորեն քաղաքացու անձնական գործն ավելի քան 1 տարի առանց որևէ հիմնավորման պահվել է զորամասում։ Խնդրի բարձրաձայնելուց մոտ 2 շաբաթ անց Մարգարյանի անձնական գործը կիսատ է ստացվել Արտաշատի զինվորական կոմիսարիատում, որի հետեւանքով Ա. Մարգարյանին չեն կարողանում հաշվառել, սակայն այնտեղ բացակայել է զինվորական ծառայությունից արձակման մասին գրառում եւ պաշտոնական կնիքը։
Զինկոմիսարիատում Մարգարյանին տեղեկացրել են, որ նա հաշվառման է վերցվելու զորամասից անձնական գործը ստանալուց հետո։ Իսկ քանի որ գործը ստացվել է 2018 թ.-ի հունիսին, ապա նրա հաշվառման վերցվելու ժամկետը փաստաթղթերում նշվելու է 2018 թ.-ը։ Սակայն Մարգարյանը չի համաձայնել՝ մեղադրելով զորամասի հրամանատարությանը իր անձնական գործը ավելի քան 1 տարի զորամասում անհիմն պահելու համար։ Նախկին զինծառայողի համար անհասկանալի է, թե 2018 թ.-ին հաշվառվելու դեպքում ինչ կարգավիճակ պիտի վերագրվի իրեն զինծառայության այն 1 տարվա համար, երբ ինքը փաստացի չի հանդիսացել զինծառայող և արձակված է եղել պահեստազոր եւ որի մասին որեւէ գրառում չկա։
Զորամասի անգործության դրսևորման հետևանքով խախտվել են քաղաքացու մի շարք իրավունքները, մասնավորապես՝ աշխատանքի, ազատ տեղաշարժի, սեփականություն ձեռք բերելու և այլ իրավունքներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ դրանց գործունեության պայմանների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ 30.09.1992 թ-ին կնքված պայմանագրի 10-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների եւ ստորաբաժանումների կենսաապահովման գործառույթներն (բնակարանային, կոմունալ ծառայություններ, բժշկական օժանդակություն եւ այլն) իրականացվում են Հայաստանի Հանրապետության կողմից, իսկ ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական աջակցությունը երկու Կողմերի միջոցով, որի մասին կնքվել է առանձին պայմանագիր:
Այսինքն՝ եթե յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեով որոշակի (Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին հատկացվող բյուջեի չափի մասին հրապարակային տվյալներ հասանելի չեն) գումար է տրամադրվում հայ-թուքական եւ հայ-իրանական սահմանի պաշտպանության ապահովման համար ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերին, ապա հարց է առաջանում, թե արդյոք իրականացվում է որեւէ աուդիտ, վերահսկողություն այդ հատկացումների իրացման նկատմամբ, եւ ինչպես են կանխարգելվում այդ միջոցների տնօրինման ընթացքում կոռուպցիոն ռիսկերը: