Ընդդիմադիր խմբակցությունները նոր հակակոռուպցիոն խորհրդում ընդգրկվելու դիմում չեն ստացել
February 26, 2015Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններից առնվազն 3-ը՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը» դեռ դիմում չեն ստացել Ազգային Ժողովի նախագահից նոր ստեղծվելիք հակառուպցիոն խորհրդում ընդգրկվելու համար։ Մինչդեռ երեկ կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում էր հակառակը։
Ըստ այդ հաղորդագրության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ընդունելով է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին, անդրադարձել է իր իսկ գլխավորությամբ ստեղծված նոր հակակոռուպցիոն խորհրդին։
«Վարչապետը նշել է, որ նոր խորհրդի կազմում ընդգրկվել են նաև քաղաքացիական հասարակության խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ», – մասնավորապես ասված էր կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հայտնի չէ, թե ինչու է կառավարությունը նման լուր տարածել։
«Ես չգիտեմ՝ ինչ են արել, համենայնդեպս ճշմարտությունն այն է, որ մենք ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չունենք», – «Ազատությանը» փոխանցեց Զուրաբյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Կառավարության վերջին հաղորդագրությունը«ոչ կոռեկտ» է համարում՝ մանրամասնելով, որ նոր խորհրդում ընդգրկվելու համար հասրակական կազմակերպությունները պետք է մրցույթի մասնակցեն, որը դեռ չի անցկացվել։
Անկցավելու դեպքում էլ՝ ամենայն հավանակնությամբ չեն մասնակցի, ասում է այս ոլորտում հայտնի «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ղեկավարը:
«Դա ունի խորհրդատվական բնույթ, այսինքն, սա ոչ անկախ մարմին է, ոչ էլ հավակնում է ինչ որ շատ լուրջ հարցեր որոշել: Նա պետք է խորհուրդներ տա կառավարությանը», – ասաց Հոկտանյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ից բացի մի շարք այլ հայտնի հասարակակակն կազմակերպություններ էլ են հրաժարվում մասնակցել նոր խորհրդի աշխատանքներին։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած հակակոռուպցիոն նոր կենտրոնը հերթական իմիտացիոն քայլն է, ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Արթուր Սաքունցը, ով ևս հրաժարվում է մասնակցել դրա աշխատանքներին։
«Իմիտացիոն, մեռած մարմին է ի սկզբանե: Ի՞նչ է նշանակում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կոռուպցիայի դեմ պայքարի, դա աբսուրդ է», – ասաց իրավապաշտպանը:
Սաքունցը կասկածներ ունի, որ կառավարությունն այս նախագիծն իրականացնում է պարզապես Արևմուտքից դրամական միջոցներ ստանալու համար։ Սաքունցը հավելեց, որ պատահական չէ, որ երեկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցը վարչապետի հետ հանդիպմանը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը:
«Հայաստանի Հանրապետության իշխանությանը հիմա օդի պես անհրաժեշտ է գումար, որը կտրամադրի ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը, այլ Արևմտյան գումարներ կլինեն: Այն հարցում որում մեզ՝ հասարակական կազմակերպություններին, մեղադրում են՝ գրանտակերության մեջ, հենց գրանտակերությամբ հիմա զբաղվում է կառավարությունը նման իմիտացիոն քայլերով, երբ որ գումար է վերցնում և բովանդակային որևէ քայլ չի կատարում», – ասաց Արթուր Սաքունցը:
«Ազատության» հետ զրույցում այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս նշեց, թե մտադիր չէ ընդգրկվել վարչապետի գլխավորած նոր խորհրդի կազմում։
«Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, ոչ մի կերպ չեմ պատկերացնում մի սեղանի շուրջ կոռուպցիայի հարցեր քննարկել հետները: Հիմա ես, օրինակ, թունդ խաղամոլ եմ, ես շատ սիրում եմ բլոտ խաղալ կամ ուրիշ թղթախաղ, կլինի՞, որ ես սկսեմ գլխավորել բլոտի դեմ պայքարի ֆեդերացիան, կամ բլոտի դեմ համաժողովրդական պայքարի հանձնաժողովը», – ասաց Լևոն Բարսեղյանը:
Աղբյուրը՝ azatutyun.am