Untitled-2Անի Բոշյանի ներկայացուցիչներ՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը, 2015թ.-ի հունիսի 3-ին դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով:

Անի Բոշյանը և նրա հայր՝ Հակոբ Բոշյանը տուժել են ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի աշխատակիցների ապօրինություններից:

Ոստիկանության աշխատակիցները Անի Բոշյանին անօրինական կերպով զրկել են ազատությունից, նրա նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել արժանապատվությունը, նրան համոզել են ու ցուցմունքներ կորզել, որի արդյունքում Անի Բոշյանը ինքնասպանության փորձ է կատարել:

Անի Բոշյանի հորը՝ Հակոբ Բոշյանին, ոստիկանության աշխատակիցները հայհոյել են և սպառնացել ծեծել և ապօրինի պահել են ոստիկանությունում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը 2014 թվականի նոյեմբերի 26-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն քաղաքացի Անի Բոշյանի և նրա հոր՝ Հակոբ Բոշյանի իրավունքների խախտման փաստի հիման վրա:

2014թ.-ի դեկտեմբերի 12-ին Անի Բոշյանի դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, մինչդեռ ոչ պատշաճ կերպով նախաքննություն վարելուց հետո ՀՀ ՀՔԾ-ն որոշում է կայացրել ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծանր հետևանք պատճառելու և ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքերով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով և վարույթը կարճել:

Գործի շրջանակներում ՀՔԾ-ն իր տրամադրության տակ ունենալով ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ Բոշյանների ցուցմունքները, անհասկանալի պատճառներով, հիմնավոր է համարել ոստիկանների տված ցուցմունքները և անհիմն՝ Բոշյանների տված ցուցմունքները:

ՀՔԾ-ն, ոչ լիարժեք նախաքննություն վարելով, որոշել է, որ ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից Անի Բոշյանի նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու, նրան համոզելու և ցուցմունքներ կորզելու հանգամանքները հիմնավորող միակ ապացույցը շահագրգռված կողմի՝ Անի Բոշյանի ցուցմունքն է: Այնինչ գործի նախաքննության փուլում նախաքննություն վարող մարմինը չի նշանակել համապատասխան հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություններ՝ պարզելու համար, թե Անի Բոշյանի մոտ իսկապես կան վախի, տագնապի կամ թերարժեքության զգացում:

Արդյունքում՝ ՀՔԾ-ն, իր սխալ համոզմամբ, վերլուծելով ու գնահատելով այլ փաստական տվյալներ՝ արձանագրել է, որ քննության արդյունքում ի հայտ չեն եկել այնպիսի հիմնավոր փաստեր ոստիկանության և քննչական վարչության աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու առթիվ, ինչպիսիք անհրաժեշտ են քրեական գործ հարուցելու համար:

ՀՔԾ-ն չի անդրադարձել այն հանգամանքին, որ Անի Բոշյանը 2014թ.-ի նեյոմբերի 11-ին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ժամը 18:00-ին և այնտեղից դուրս է եկել միայն գիշերը ժամը 03:00-ին: Մինչեռ, ըստ օրենքի՝ գիշերային ժամերին չի թույլատրվում քննչական գործողություններ իրականացնել և միայն խիստ անհրաժեշտության դեպքերում կարող են իրականացնել: Իսկ թե արդյոք նման անհրաժեշտության կար այս դեպքում, ՀՔԾ-ն նույնպես չի անդրադարձել: Կամ այն, որ Անի Բոշյանը 2015թ.-ի նոյեմբերի 18-ին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ժամը 18:00-ին և նրան հարցաքննել են մինչև 23:30-ը ևս անօրինական է, հարցաքննության համար օրենքով սահմանված է ոչ ավել քան 4 ժամ:

Անդրադառնալով Հակոբ Բոշյանին ոստիկանությունում ապօրինի պահելու հանգամանքին, ՀՔԾ-ն այն ևս գնահատել է անհիմն, պատճառաբանելով, որ ոստիկանների ցուցմունքներից պարզ է դարձել, որ Հակոբ Բոշյանը ոստիկանության բաժնում մնացել է իր կամքով, համեմատելով ոստիկանությունը ժամանցի վայրի հետ, ուր քաղաքացիները գնում են և որքան ուզում մնում են:

Նախաքննություն իրականցնող մարմինը, նախաքննության շրջանակներում թերանալով, չի հարցաքննել Բոշյանների տանը խուզարկության ժամանակ ներկա գտնված ընթերականերին, որոնք կարող էին ցուցմունք տալ Անի Բոշյանին ոստիկանություն տանելու մանրամասների վերաբերյալ:

ՀՔԾ-ն գործի նախաքննության փուլում չի առգրավել և վերծանել Վանաձոր քաղաքի Տարոնի բաժանմունքում տեղադրված տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնք կարող էին հիմնավորել տուժածների ցուցմունքների որոշ հանգամանքներ:

Հիմնվելով այս և մի շարք այլ հանգամանքների վրա՝ Անի Բոշյանի ներկայացուցիչներ՝ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջով դիմում բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ով որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Այնուհետև Անի Բոշյանի ներկայացուցիչները, վերոնշյալ մի շարք հիմնավորումներով հերթական դիմում-բողոքն են ներկայացրել ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

20.12.72015 թ. ապրիլի 22-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Ս. Համբարձումյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկեց ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թ. մարտի 19-ի բողոքը մերժելու մասին որոշման օրինականությունը:

Հիշեցնենք, որ դեռևս 2014 թ. ապրիլի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա Ռոբերտ Մուրադյանի, Անդրանիկ Մխիթարյանի և Ջոն Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված անմարդկային վերաբերմունքի փաստով հարուցվել էր քրեական գործ: Մասնավորապես, Ռոբերտ Մուրադյանը, Անդրանիկ Մխիթարյանը և Ջոն Մարտիրոսյանը խոշտանգումների և վատ վերաբերմունքի էին ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում, որի առթիվ նախ հարուցվել է քրեական գործ, ապա կայացվել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում: Հիշյալ որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկվել էր նախ վերադասության կարգով, ապա՝ ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն օրինական ուժի մեջ էր թողել նախաքննական մարմնի կողմից  կայացված որոշումը:

Սույն գործով 2015 թ. ապրիլի 22-ի բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Ա. Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը և դատախազ Կարեն Բիշարյանը:

Բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Զալյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները: Ա. Զալյանը նշեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ռ. Գևորգյանի կողմից ձեռնարկված միջոցառումները կատարվել են թերություններով և օբեկտիվորեն չեն գնահատվել գործում առկա ապացույցները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինն արժանահավատ է համարել միայն ոստիկանության աշխատակիցների կողմից տրված ցուցմունքները, իսկ Ռոբերտ Մարտիրոսյանի, Անդրանիկ Մխիթարյանի, Շողիկ Մուրադյանի ցուցմունքներն արժանահավատ չի համարել: Այս առնչությամբ Ա. Զալյանը վկայակոչեց նույնանման գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այն մասին, որ դեպքից մի քանի օր անցնելու պայմաններում ոստիկանության աշխատակիցները հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ, ու միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն:

Ա. Զալյանը նաև նշեց, որ նախաքննության ընթացքում հարցաքննվել է Անդրանիկ Մխիթարյանի շահերի պաշտպան, ՀՀ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ժորա Պետրոսյանը, մինչդեռ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածն արգելում է փաստաբանին որպես վկա հարցաքննել այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ իրեն դիմելու կապակցությամբ:

Բացի այդ, հիմնավորումներ ներկայացվեցին նաև Ռոբերտ Մուրադյանին և Անդրանիկ Մխիթարյանին սահմանված կարգի խախտմամբ բերման ենթարկելու, նախաքննության ընթացքում դեպքի մանրամասների վերաբերյալ մի շարք անձանց չհարցաքննելու և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում տեղադրված տեսախցիկների կողմից ֆիքսված ձայնագրությունները չառգրավվելու և չվերծանելու մասին:

Այդպիսով, Ա. Զալյանը խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015թ. մարտի 19-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Վերաքննիչ բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց դատախազ Կ. Բիշարյանը: Վերջինս, նախ նշեց, որ վերաքննիչ բողոքի պահանջն անօրինական է, քանզի դատարանը մինչ դատական վարույթի ընթացքում կայացված որոշումը վերացնելու իրավասությամբ օժտված չէ, այլ կարող է միայն պարտավորեցնել վերացնել անձի իրավունքների և ազատությունների խախտումը: Այնուհետև, Կ. Բիշարյանը ներկայացրեց գործով ձեռք բերված այն տվյալները, որոնցով հերքվել է խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի փաստը: Դատախազը նշեց, որ այդ փաստի բացակայության մասին վկայում են նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ–ում կազմված անձնական գործի և բժշկական անկետաների տվյալները, քանզի դրանցում որևէ նշում չկա մարմնական վնասվածքներ հայտնաբերելու մասին: Բացի այդ, Կ. Բիշարյանը նշեց, որ իրենց դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոբերտ Մուրադյանը և Անդրանիկ Մխիթարյանը հնարավորություն են ունեցել խոշտանգման փաստի մասին նշել իրենց մասնակցությամբ կատարված քննչական գործությունների արձանագրություններում, սակայն նմանատիպ նշումներ չեն կատարել: Կ. Բիշարյանը վկայակոչեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումն այն մասին, որ պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում քննություն կատարել այն դեպքում, երբ կա խոշտանգման մասին վստահելի հայտարարություն: Մինդեռ, ըստ դատախազի, ներկայացված հայտարարությունը վստահություն չի ներշնչում, հատկապես, որ կատարվել է դեպքից ավելի քան 5 ամիս անց: Կ. Բիշարյանը նաև նշեց, որ տվյալ դեպքում Ռոբերտ Մուրադյանը և Անդրանիկ Մխիթարյանը բերման են ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի հիմքով, որը չի նախատեսում բերման ենթարկելու մասին որոշման կայացում: Իր առարկությամբ Կ. Բիշարյանը խնդրեց մերժել ներկայացված բողոքը:

Դատախազ Կ. Բիշարյանի առարկության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ա. Սաքունցի ներկայացուցիչ Ա. Զալյանը: Նա նշեց, որ տվյալ դեպքում կիրառել էիր բերման ենթարկելու այն իրավակարգավորումը, որն ամրագրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով, որի դեպքում պարտադիր է որոշման ընդունումը: Բացի այդ, Ա. Զալյանը հայտնեց, որ ի սկզբանե ներկայացված հաղորդմամբ նշվել է կիրառված վատ վերաբերմունքի մասին,  իսկ մարմնական վնասվածքներ  ստանալու մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, քանի որ այդպիսի վնասվածքներ առկա չեն եղել:

Կողմերը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չունեին, ուստի, բողոքի քննությունն ավարտված համարելով, դատարանն անցավ խորհրդակացական սենյակ՝ որոշում կայացնելու:

Քիչ անց հրապարակվեց դատարանի որոշումը, որով նախագահող դատավոր Ս. Համբարձումյանը մերժեց ներկայացված վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը:

«Դատախազությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ՝ ազատազրկման վայրերում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ»,- ՀՀ դատախազական համակարգի վերաբերյալ այս թերությունը միակը չէ, որն արձանագրվել է Օմբուդսմենի՝ 2014-ին ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում:

Փաստաթղթի համաձայն՝ ստացվել են բողոքներ, որ 2014 թվականի ընթացքում ձերբակալված և կալանավորված անձանց պահման մի շարք վայրեր, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներ (ՔԿՀ) ընդունված անձանց մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, սակայն դրանց առկայության փաստով բազմաթիվ դեպքերում կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում դադարեցնելու մասին որոշումներ՝ պնդումներով, թե այդ վնասվածքները առկա են եղել մինչև ՔՀԿ տեղափոխվելը:

Օմբուդսմենի զեկույցում ամրագրված մյուս մտահոգիչ փաստը հակառակորդի գնդակից մահացած զինծառայողների քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ Դատախազության կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ չուսումնասիրելու, ինչպես նաև քննությունը անհիմն ձգձգելու խնդիրներին է վերաբերում:

Նշենք, որ համաձայն զեկույցի՝ գործերից մեկի քննությունը ձգձգվել է շուրջ 8 տարի՝ արդյունքում հանգեցնելով գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման: Այսօրինակ նախադեպերից խուսափելու առաջարկվում է մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, այդ թվում` մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով՝ աջակցել հատուկ հանձնաժողովի ձևավորմանը:

Aravot.am-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցից հետաքրքրվեց՝ կա՞ նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն: Նա պատասխանեց. «Նոր մարմնի ստեղծման անհրաժեշտություն չկա: Դրանք այն քրեական գործերն են, որոնց փաստի առիթով հարուցվում են քրեական գործեր՝ հիմնավորումը ազգային թշնամանք է: Մինչդեռ ավելի ճիշտ կլիներ դիտավորյալ սպանության հոդված դնելը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը հենց դատախազությունն է: Հանձնաժողովն ի՞նչ է անելու, որը չի կարող անել դատախազությունը: Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված են պատասխանատու մարմիններ, որոնք էլ պետք է բազմակողմանիություն ու թափանցիկությունն ապահովեն:

Այլ հարց է, որ այդ գործերով ի սկզբանե քննության իրականացումը մինչև վերջ հնարավոր չէ իրականացնել, քանի որ խանգարող հանգամանքներ կան. ասենք ադրբեջանցիներին հարցաքննելը և այլն: Այլ հարց է, որ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորություն տրվի զոհված զինծառայողների հարազատներին կյանքի իրավունքի խախտման հիմքով դիմել Եվրադատարան»:

ՔՀԿ-ներում գտնվող անձանց մարմնական վնասվածքների հետ կապված՝ օմբուդսմենի զեկույցում նշված մտահոգությունների հետ պարոն Սաքունցը համամիտ է: Նա հաստատեց. «Իրապես պատշաճ քննություն չի կատարվում և հենց պատասխանատվությունը դատախազությանն է: Այն, որ անձը վայր է ընկել իբր պատահմամբ, այս հանգամանքը չպետք է հիմք հանդիսանա քրեական գործի հարուցումը մերժելու և նախաքննություն չիրականացնելու համար»:

Արթուր Սաքունցի փոխանցմամբ՝ նման նախադեպեր գրանցվում են հատկապես այն պատճառով, որ անձինք խուսափում են առնչվել իրավապահների հետ՝ վախի պատճառով: Նա այսօրինակ դեպքերից մի քանիսն առանձնացրեց. «Անձը հրաժարվում էր ցուցմունք տալուց, ասում, թե գրանտակերներին մենք չենք լիազորում մեր շահերի պաշտպանությունը: Մինչդեռ դատարանը բավարարեց մեր բողոքը և նորից քրեական գործ հարուցվեց: Նրանցից մեկը ազատվել էր, մյուսը դեռ ՔՀԿ-ում էր, բայց մենք տեղեկություններ ունեինք, որ ոստիկանությունում լավ ծեծել էին մեկին, դուբինկաների հետքերը կային, բայց վախենում էր խոստովանել, որ ոստիկանությունում ծեծել են: ՀՔԾ-ն և դատախազությունը պետք է անձի անվտանգության ապահովման համար արդյունավետ երաշխիքներ ապահովեն, ինչը չի արվում: Իրենք չեն կատարում քայլեր, որ անձի մոտ այդ վախը վերանա և վստահություն առաջանա իրավապահ մարմնի նկատմամբ»:

Աղբյուրը՝ www.aravot.am

57576ՀՀ կառավարությունը երեք ամիս անց՝ հունիսին, պետք է արձագանքի ՄԱԿ-իհամընդհանուր պարբերականդիտարկման ժամանակ Հայաստանին ուղղված շուրջ 180 հանաձնարարականներին: Դրանք վերաբերում են մարդու իրավունքների գրեթե բոլոր ոլորտներին. արդարադատություն, ընտրական իրավունք, կանանց ու երեխաների իրավունքներ, խոսքի ազատության իրավունք և այլն:

«Հետքի» զրույցը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հետ այդ հանձնարարականներից արդարադատությանը, դատական իշխանության անկախությանը վերաբերող հարցերի շուրջ է:

-Արդյո՞ք քաղաքական իշխանության համար օրախնդիր հարց է, որ դատական համակարգը իսկապես անկախ գործի:

- Մեր Սահմանադրությամբ ամրագրված է իշխանությունների տարանջատման սկզբունքը: «Անկախ դատավոր» հասկացություն ունենալու խնդիրը անհրաժեշտություն չունի լրացուցիչ հիմնավորման: Ուղղակի ՄԱԿ-ի անդամ շատ պետությունների արձանագրածը մեկ անգամ ևս բարձրաձայնելու միջոց է, որ դատական իշխանության անկախության խնդիրը Հայաստանում խրոնիկ բնույթ ունի: Համընդհանուր պարբերական զեկույցը պարզապես ևս մեկ գործիք է մարդու իրավունքների բնագավառում պետությունների ունեցած խնդիրները արձանագրելու համար: Օրինակ՝ շատ ուղղակի է նշվել Գերմանիայի կողմից, որ դատավորները չպիտի նշանակվեն հանրապետության նախագահի կողմից: ԱՄՆ-ն նշել է, որ դատական համակարգի ձևավորման գործում երկրի նախագահն առհասարակ պիտի ունենա միայն հայեցողական դեր: ԵԽ փորձագիտական խումբն էլ էր նույնի մասին բարձրաձայնել դեռ 2011 թ-ին:

- Օրինակ, նույն Գերմանիան ինչպե՞ս  է ձևավորում դատական համակարգը:

- Եվրոպական զարգացած շատ երկրներ, երբ դատական իշխանություն են ձևավորել, չեն ունեցել, օրինակ, ՄԱԿ-ի պես կառույց: Իրենք ինքնուրույն են գտել այդ լուծումները: Հիշում եմ մի դեպք. Բեռլինի հողային սահմանադրական դատարանի (ընդ որում, այնտեղ դատավորները անվճար են աշխատում) նախագահի հետ զրույցում ասացի՝ պատկերացրեք, որ Դուք հակասահմանադրական ճանաչեք մի նորմ, բայց Ձեր հողային պառլամենտը դրանից հետո օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություն չկատարի: ՍԴ նախագահը չէր հասկանում իմ ասածը: Ես 2-3 անգամ կրկնեցի, բայց գերմանացի պաշտոնյան չէր էլ կարողանում պատկերացնել, որ հնարավոր է ՍԴ-ն մի բան որոշի, բայց պառլամենտը, օրինակ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, չկատարի ՍԴ որոշումը: Այսինքն՝ իրավունքի գերակայության սկզբունքն իրենց մոտ աքսիոմատիկ սկզբունք է, դա իրենց մշակույթի մի մասն է: Եվ կապ չունի, թե ով է պառլամենտի նախագահը, որ կուսակցությունից է: Ընդհակառակը՝ շատ վատ տոն կհամարվի, եթե իրավունքի գերակայության սկզբունքը չհարգվի որևէ պաշտոնյայի կամ քաղաքացու կողմից: Օրենքներն էլ այդ երկրում գրվում են ու կատարվում հենց այդ իրավական մշակույթից ելնելով:

- Իսկ մեզ մոտ, օրինակ, կա՞ հասարակության մեջ ձևավորված արդար դատաքննության պահանջ:

- Իրապես, մեր հասարակության մեջ իրավական մշակույթի նկատմամբ կենսական պահանջարկ գոյություն չունի: Հայաստանում նոր-նոր փորձեր ենք անում: Դեռ 25 տարվա դեգերումներ են տեղի ունենում, մենք դեռ, այսպես ասած, մեր յուղի մեջ ենք տապակվում: Մինչ այդ ունեցել ենք Խորհրդային համակարգը, որտեղ ապացույցների թագուհին համարվում էր ինքնախոստովանական ցուցմունքը: Դատարանը պիտի լինի ոչ թե վերջին, այլ միակ միջոցը: Ոչ թե պիտի ծանոթով, «դաբրոյով» լուծվեն խնդիրները, այլ օրենքով: Հաճախ կարելի է լսել «կխոսեմ դատավորի հետ, դատախազի հետ» արտահայտությունը: Հենց այստեղ իրավական մշակույթ ասվածը այլասերվում է, ու ամեն ինչ տեղափոխվում է «հարց լուծողների» դաշտ: Բայց նույն քաղաքացիները, երբ միգրացիայի հետևանքով հայտնվում են եվրոպական երկրներում, դառնում են շատ օրինապահ: Այսինքն՝ խնդիրը համակարգերի մեջ է, որը պիտի աշխատի բոլորի համար հավասար:

- Ընտրովի արդարադատության դեմ ինչպե՞ս պայքարել, երբ մարդկանց կարելի է դատապարտել, ըստ քաղաքական կամ այլ նպատակահարմարության: Ինչպե՞ս անել, որ քրեական օրենսգիրքը չդառնա վրեժխնդրության գործիք:

- Մուսոլինիի օրենքն էր. մեր ընկերներին ու բարեկամներին թույլատրվում է ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Արդարադատությունը կամ կա կամ չկա: Երբ ընտրովի ենք մոտենում հարցին, նշանակում է, արդարադատություն չկա: Նման օրինակներ Հայաստանում շատ են: ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանն, օրինակ, դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով ծանր հանցանքի մեջ, բայց մեկ տարի անց դիմեց նախագահին ու ներում ստացավ: Սա այն դեպքում, երբ շատ այլ քաղաքացիներ կարող են հազար անգամ դիմել, բայց չստանալ ներում կամ պայմանական ազատում նույնիսկ: Արդարադատություն ասվածը վերածվել է, գեներալ Մանվելի ասած, չագուչի: Մի օր մեկի գլխին կտան, մի օր՝ մյուսի, ում ուզենան: Սա տիպիկ եվրասիական մշակույթ է, որի կրողներն են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Իսկ իրավական մշակույթի եվրոպական մեխանիզմները մեզ համար շանսեր են, որ Հայաստանը չընկղմվի հակաքաղաքակրթական տիրույթի մեջ, ու ստիպված չլինենք անընդհատ կրկնել նույն պատմական ցիկլերը՝ ցարական, սովետական, հիմա էլ եվրասիական:

Մեր կենսական շահերից է բխում արդարադատության համակարգ ունենալը, այլապես ընտրովի արդարադատություն կիրառողները քաջ պիտի գիտակցեն, որ եթե գերական իրավունքը չէ, միգուցե մի օր էլ իրենց դեմ կարող է գործել նույն ընտրովի արդարադատությունը:

Աղբյուր՝  hetq.am

2015 թ. ապրիլի 1-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, կայացավ նախորդ տարվա հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կայանալիք բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված Տարոն Սիրադեղյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով ներակայացված հայցով նախնական դատական նիստը: Նախնական դատական նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը, պատասխանող Տարոն Սիրադեղյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Սույն գործով ՀՀ ոստիկանության հայցի հետ համատեղ քննվում է նաև պատասխանողի կոմից դատարան ներկայացված հակընդդեմ հայցը, որով պատասխանողը խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության գործողությունները:

Նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Ա. Դեմիրխանյանը ներկայացրեց հայցի առարկան ու հիմքերը:

Պատասխանողի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանն առակեց ներկայացված հայցի դեմ, նշեց, որ այն անհիմն է, ներկայացված չեն բավարար ապացույցներ, որոնք կվկայեն պատասխանողի կողմից վարչական իրավախախտում կատարելու փաստի մասին: Այնուհետև, պատասխանող կողմը որոշ հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցչին: Մասնավորապես պատասխանողի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը փորձել ճշտել, թե ինչ պահանջ է ներկայացվել պատասխանողին, որտեղ և երբ է ներկայացվել պահանջը: Ա. Դեմիրխանյանը պատասխանեց, որ ոստիկանության աշխատակիցները հավաքի մասնակիցներին փողոցը բացելու, երթևեկությանը չխոչընդոտելու պահանջ են ներկայացրել, այդ պահանջը ներայացվել էր ինչպես Ֆրիկ փողոցում ոստիկանության ավտոմեքենայի դիմացը փակած մասնակիցներին, այնպես էլ, ինչպես նշեց ներկայացուցիչը, դրանից հետո՝ ներքևում: Նա չկարողացավ նշել, թե կոնկրետ որտեղ և ոստիկանության որ աշխատակցի կողմից է Տարոն Սիրադեղյանին պահանջ ներկայացվել, հայտնեց, որ ներկայացվել է ընդհանրական պահանջ, որովհետև այն ներկայացվում է ընդհանուր՝ բոլոր իրավախախտներին: Ընդ որում, այդ պահանջն, ըստ ներկայացուցչի, յուրաքանչյուր ոստիկանի կողմից ներկայացվել է յուրովի: Որպես ոստիկանության պահանջի իրավական հիմք՝ Ա. Դեմիրխանյանը նշեց հավաքի մասնակիցների կողմից այլ անձանց իրավունքների խախտումը:

Պատասխանող կողմի հարցերից հետո հայցվորի ներկայացուցչին որոշ հարցեր ուղղեց նաև նախագահող դատավոր Հ. Այվազյանը: Մասնավորապես, դատավորը հարցրեց, թե կոնկրետ որ ոստիկանի կողմից է  հնչեցվել օրինական պահանջը և ինչ կերպ է այն հնչեցվել: Ա. Դեմիրխանյանը նշեց, որ բազմաթիվ աշխատակիցների կողմից հնչեցվել է պահանջ, սակայն զեկուցագիրը կազմվել է Ա. Կարապետյանի կողմից, այնուհետև միջնորդեց նրան գործով ներգրավվել որպես վկա: Պատասխանող և միաժամանակ հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը չառարկեց միջնորդության դեմ, նշեց, որ իրենք ևս բազմաթիվ հարցեր ունեն ուղղելու ոստիկանության աշխատակցին: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը:

Այն հարցին, թե արդյոք ներկայացված պահանջը եղել է լսելի կոնկրետ պատասխանողի համար, հայցվորի ներկայացուցիչը պարզաբանեց, որ ոստիկանության կողմից պահանջը բարձրախոսով չի հնչեցվել, ներկայացվել է անմիջական պահանջ:

Այնուհետև, սույն գործով հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանի ներկայացուցիչը  ներկայացրեց հակընդդեմ հայցի առարկան և հիմքերը: Մասնավորապես, նշեց, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից անօրինական կարգով սահմանափակվել է հավաքը, հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում հակընդդեմ հայցվորն ստացել է ֆիզիկական և գույքային վնաս, իսկ այնուհետև անօրինական կարգով ձերբակալվել է և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում պահվել շուրջ 4 ժամ: Ա. Դեմիրխանյանը փորձեց պարզել, թե ինչ հիմքով է հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշում, որ ոստիկանությունը անօրինական կարգով է սահմանափակել հավաքը: Ի պատասխան՝ հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ՀՀ ոստիկանությանը հավաքը սահմանափակելու լիազորություն վերապահված չէ, մինչդեռ, ՀՀ ոստիկանության աշխատակցներն, ի սկզբանե փակելով փողոցն ու մայթերը և թույլ չտալով հավաքի մասնակիցներին մոտենալ հանձնաժողովի շենքին, սահմանափակել են հավաքը, որն այդպես էլ չի կայացել:

Ա. Դեմիրխանյանը հայտարարությամբ նշեց, որ ոստիկանությունը չի սահմանափակել հավաքը, այլ ղեկավարվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով, որի համաձայն իրավունք ունի ժամանակավորապես սահմանափակելու տրանսպորտի երթևեկությունը և հետիոտնի շարժը, ինչպես նաև պարտավորեցնելու նրանց մնալ որոշակի տարածքներում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին` իրենց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանության ապահովման կամ քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար` այդ մասին անմիջապես տեղեկացնելով վերադասության կարգով:

Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը խնդրեց պարզաբանել, թե որոնք են եղել երթևեկության ժամանակավոր սահմանափակման նպատակները:

Ա. Դեմիրխանյանը նշեց, որ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել որոշ շենքերի, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի ազատ ելքն ու մուտքը:

Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը հարցրեց, թե արդյոք, փողոցը և մայթը փակելով, հնարավոր էր ապահովել հանձնաժողովի վարչական շենքի ազատ մուտքը և ելքը: Հարցին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց, նշեց, որ եթե հավաքի մասնակիցները բարձրանում էին դեպի հանձնաժողովի շենք, ոստիկանությունը չէր կարող այլ բան անել, քան իր կենդանի շղթայով փակել դեպի վերև տանող ճանապարհը: Տաթևիկ Սիրադեղյանը հարցրեց, թե արդյոք ճանապարհը փակելով ապահովվել է այլ անձանց և հանձնաժողովի աշխատակիցների ազատ մուտքն ու ելքը, դրան տրվեց միանշանակ պատասխան՝ իհարկե ապահովվել է:

Հակընդդեմ հայցվոր Տարոն Սիրադեղյանը հայտարարության հետ կապված հարցրեց, թե ինչպես է ոստիկանությունը տեղեկացել, որ հավաքի մասնակիցների կողմից պետք է փակվեր հանձնաժողովի վարչական շենքի մուտքը: Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ ոստիկանությունն իրավունք ունի արգելել մոտենալ շենքին, այդ պատճառով փակել է ճանապարհը:

Այնուհետև, հակընդդեմ հայցվորի ներկայացուցչին հարց ուղղեց նախագահող դատավոր Հ. Այվազյանը, մասնավորապես, դատարանը փորձեց պարզել, թե հավաքն ինչ բնույթ է կրել և ում կողմից է նախաձեռնվել: Հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ հավաքը կազմակերպվել է 2014 թ. հունիսի 18-ին մի խումբ քաղաքացիների կողմից, եղել է շտապ հավաք, կրել է խաղաղ բնույթ, ավելին հավաքի մասնակիցների մոտ զենք կամ որպես զենք գործադրվող առարկաներ չեն եղել, հավաքի մասնակիցներից մեկը հավաքի մեկնարկին բարձրախոսով հայտարարել է, որ իրենք ցանկանում են մոտենալ հանձնաժողովի շենքին և իրենց դիրքորոշումը ներկայացնել հանձնաժողովի անդամներին, նրա կողմից բռնության և անօրինական գործողություններ կատարելու կոչեր չեն եղել, հավաքը կրել է խաղաղ բնույթ, սակայն այն այդպես էլ չի կայացել:

Հակընդդեմ հացվորի ներկայացուցիչը ապացույցներ ներկայացնելու միջնորդություններ չներկայացրեց, նշեց, որ բոլոր ապացույցները հակընդդեմ հայցադիմումին կից ներկայացվել են դատարան, նոր ապացույցներ ունենալու դեպքում, դրանք կներկայացվեն դատաքննության համապատասխան փուլում:

Այսպիսով, գործը համարելով դատաքննությանը նախապատրաստված, նախագահող դատավորն ավարտեց նախնական դատական նիստը: Սույն գործով դատաքննությունը նշանակվեց 2015 թ. մայիսի 18-ին, ժամը 15:00-ին:

Հիշեցնենք, որ 2014 թ. հունիսի 23-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի կայացման օրը, մի խումբ անձինք նախաձեռնել էին բողոքի ակցիա, որը մեկնարկել էր Երևան քաղաքի Սարյան փողոցում: Հավաքի մասնակիցները ցանկացել էին երթով մոտենալ հանձնաժողովի վարչական շենքի մոտ և իրենց պահանջները ներկայացնել հանձնաժողովի անդամներից որևէ մեկին: Սակայն, ոստիկանության աշխատակիցները շղթայել էին Սարյան փողոցից դեպի հանձնաժողովի վարչական շենք տանող Ֆրիկ փողոցը, այնուհետև, ֆիզիկական ուժ կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ, նրանցից 27 մասնակիցներ ձերբակալվել էին և տեղափոխվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին, որտեղ կազմվել էին վարչական իրավախախտում կատարելու արձանագրություններ:

@nterka12014 թ. հունիսի 24-ին իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակչուհի Սվետլանա Պապիկյանը: Ս. Պապիկյանը հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունք խարդախության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Քաղաքացին հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողույթուններն ընթացել են խախտումներով, մասնավորապես քննիչի կողմից իրականացված զննության արձանագրության ներքո ստորագրած ընթերակաները իրականում գոյություն չունեցող անձիք են և ըստ Ս. Պապիկյանի ենթադրյալ ընթերակաների փոխարեն ստորագրել է հենց ինքը՝ քննիչը՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Տ. Թադևոսյանը:

Այս մտահոգությունները պարզաբանելու համար Ս. Պապիկյանի փաստաբանի կողմից հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բազումի անձնագրային բաժին: Հարցման արդյունքում պարզվել է, որ այդպիսի անուն ազգանունով անձանց մասինպետռեգիստրի համակարգչային պահոցում տվյալներ չկան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. հունիսի 24-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պահանջով բացահայտել նշված հանցագործությունը, հարուցել քրեական գործ և մեղավորներին ենթարկել համապատասխան պատասխանատվության:

2014 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին, սակայն սեպտեմբերի 29-ին կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Վերոնշյալ որոշումն ուղարկվել է վերահսկող դատախազին քննության օրինականությունը ստուգելու համար, ում կողմից էլ որոշում է կայացվել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը վերացնելու և քրեական գործը կրկին ՀՀ ՀՔԾ ուղարկելու վերաբերյալ:

2014 թ. սեպտեմբերի 16-ին քրեական գործը կրկին վարույթ է ընդունվել, սակայն նույն քննիչի՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կրկին որոշում է կայացվել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ:

2014 թ. դեկտեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումները և դեկտեմբերի 12-ին դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որով կազմակերպությունը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

2014 թ. դեկտեմբերի 26-ին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը նախաքննության նկատմամբ դատական ղեկավարումն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է:

20.12.72014 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Հ. Տեր-Ադամյանի, քննության առնվեց կալանավոր Հրաչյա Գևորգյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 28-ին կայացրած դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը: Հիշեցնենք, որ Հ. Գևորգյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո այնտեղ այցելած ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին պատմել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժանմունքի քրեական հետախուզության նախկին պետ Արթուր Գևորգյանի հետ 2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ունեցած կարճատև տեսակցության մասին: Տեսակցության ընթացքում վերջինս սպառնացել էր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջոցով հաշվեհարդար տեսնել Հ. Գևորգյանի նկատմամբ՝ պահանջելով հետ վերցնել իր դեմ ներկայացված բոլոր բողոքները և ինքնախոստովանական ցուցմունք տալ իր նկատմամբ հարուցված գործով դատաքննության ժամանակ: ՄԻՊ գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնց շրջանակներում, սակայն, կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, որն էլ օրինական ուժի մեջ էր թողնվել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բողոքարկված որոշմամբ:

Վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցում էին Հ. Գևորգյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը և վարույթն իրականացրած Ա. Մաթևոսյանը: Դատաքննության սկզբում նախագահող դատավորը հրապարակեց ստորադաս դատարանի դատական ակտի հիմնավորումները, վերաքննիչ բողոքի էությունը:

Հ. Գևորգյանի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը հրապարակեց վերաքննիչ բողոքը, ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք դրված էին բողոքի հիմքում և որոնք, ըստ բողոքաբեր կողմի, քննության առարկա չէին դարձել թե՛ նախաքննության, թե՛  դատաքննության ընթացքում: Հաշվի առնելով վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ Հ. Գևորգյանի ներկայացուցիչը նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և խնդրեց բեկանել ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 28-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնի քննիչ Ա. Մաթևոսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2014 թվականի հունիսի 24-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության:

Վարույթն իրականացրած Ա. Մաթևոսյանն առարկեց վերաքննիչ բողոքի դեմ, նշեց, որ կատարված քննությամբ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, քանի որ սպառվել էին այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:

Դատարանը փորձեց պարզել, թե արդյոք կողմերն ունեն այլ ապացույցներ, որոնք կարող են վկայել արարքի առկայության կամ բացակայության մասին: Հ. Գևորգյանի ներկայացուցիչը հայտնեց, որ նման ապացույցներ չկան, միաժամանակ նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը պետք է միջոցներ ձեռնարկեր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և րոպեներ անց հրապարակեց կայացված որոշման եզրափակիչ մասը, որով մերժեց ներկայացված բողոքը և օրինական ուժի մեջ թողեց ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2014 թ. հոկտեմբերի 28-ին կայացրած որոշումը:

1350_bՎանաձոր քաղաքի բնակչուհի Անի Բ.-ն հայտնել է, որ 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ պաշտոնատար անձինք իր նկատմամբ կիրառել են հոգեբանական ճնշումներ, նսեմացրել են արժանապատվությունը, ծաղրել և անձնական բնույթի վիրավորանքներ են հասցրել, ինչի արդյունքում ինքը տվել է համացանցով այլ անձին վերաբերող պոռնկագրական նյութեր տարածելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք: Այնուհետև, մի քանի օր անց դրանից դրդված կատարել է ինքնասպանության փորձ:
Քաղաքացի Անի Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Աղբյուրը՝ www.investigatory.am

Հիշեցնենք, որ Ա. Բ.-ի և նրա հոր նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված բռնությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին:

c41194dbfc090112aa0a24bcf9d47ce6«Հրազդան» ՔԿՀ-ի պետի տեղակալի կողմից իրականացված ապօրինությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

ՀՀ ՀՔԾ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գ. Վ. Բեգոյանը կայացրել է որոշում, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և սկսվել է նախաքննություն:

Հիշեցնենք, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի տեղակալի անմիջական հովանավորությամբ և ղեկավարությամբ քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Ա. Շամիրյանի միջոցով իրականացվել էր տարբեր մոդելի և տարբեր արժողությամբ բջջային հեռախոսների վաճառք, որից ստացված շահույթը պետք է հավասարապես կիսվեր Ա. Շամիրյանի և ՔԿՀ-ի պետի տեղակալ Ս. Բաբայանի միջև: Պետի տեղակալի հրամանով խցերում խուզարկությունները կատարվելու էին այնպես, որ գնված հեռախոսները առգրավվեին և այդպիսով ՔԿՀ-ում ապահովվեր բջջային հեռախոսների մշտական պահանջարկը:

Ա. Շամիրյանի և Ս. Բաբայանի միջև համագործակցությունը, սակայն, շուտով դադարել է՝ Ա. Շամիրյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, Ս. Բաբայանի հետ կապն ընդատվել է, իսկ Ա. Շամիրյանի ու նրա հարազատների ուսերին է մնացել մոտ 5 մլն դրամի պարտք՝ հեռախոսների վաճառքի կետերում:

Այս ապօրինությունների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին:

Այս գործի մանրամասները կարող եք գտնել նախորդ հոդվածում, իսկ ՀՀ ՀՔԾ կայացրած որոշումը այստեղ:

vostikanutyun2312014 թ. նոյեմբերի 25-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հաղորդում է ուղարկվել ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ  Հատուկ Քննչական Ծառայության  պետին՝  ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի  Տարոնի բաժնի աշխատակիցների ապօրինությունների վերաբերյալ, որոնք դրսևորվել են Վանաձոր քաղաքի բնակչուհի Ա. Բ.-ի և նրա հոր՝ Հ. Բ.-ի  նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հոգեբանական բռնությունների և հոգեբանական ճնշումների տեսքով, որոնք հասցրել են  Ա. Բ.-ին  ինքնասպանության փորձի կատարման:

Հաղորդումը փոստով ուղարկելուն զուգահեռ հրապարակվել էր նաև կազմակերպության պաշտոնական կայքէջում, որում ամբողջությամբ ներկայացված չէր անձանց անունները, որոնց  իրավունքները խախտվել էին ։ Կազմակերպության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը տարբեր լրատվական կայքէջեր բնականաբար տարածել էին, և ճիշտ էին վարվել՝ աջակցելով մարդու իրավունքի խախտման դեպքի հրապարակայնացմանը։

Մինչ ՀՀ ՀՔԾ-ից և ՀՀ գլխավոր դատախազությունից  պատասխանի կամ արձագանքի ստացումը, զարմանալի օպերատիվությամբ, 24-ամյա Ա․Բ․-ի անձնական հեռախոսներին է  զանգահարում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից ներկայացող անձը՝ հայտնելով Ա․Բ․-ից բացատրություն վերցնելու պահանջի մասին։

Նույն օրը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից ներկայացած անձին է զանգահարել  Կազմակերպության իրավաբան, ոչ թե փաստաբան, իրավական բաժնի համակարգող Ա․Զալյանը, և փորձում է ճշտել, թե ինչպես են իմացել, թե ով  է «Ա․Բ․» հապավումով անձի ինքնությունը կամ նրա անձնական հեռախոսահամարը, և ինչ հիմքով է իրականացվում ծառայողական քննություն, եթե ակնհայտ է քրեական հանցագործության հիմքերը, որով պետք է իրականացվի քրեական հետապնդում։

Ա․Զալյանը չի ներկայացել, և չէր կարող ներկայանալ, որպես փաստաբան, ինչպես փորձում է պնդել ՀՀ ոստիկանությունը իր պարզաբանման մեջ։ Առավել ևս դրա համար ոչ մի անհրաժեշտություն և հիմքեր չկար։ Հատկապես, որ արդեն իսկ հաջորդ օրը Ա․Բ․-ն ապահովված էր փաստաբանով ՝ հանձին Տիգրան Սաֆարյանի, որն արդեն իսկ մասնակցել է քննիչի մոտ Ա․Բ․-ի երկրորդ հարցաքննությանը՝ ինքնասպանության փորձից հետո։ Այսպիսով, չնայած ոստիկանության և քննիչի փորձերին համոզելու Ա․Բ․-ին, որ  փաստաբանի կարիք չկա, և «ամեն ինչ կարվի ծածուկ և առանց աղմուկի», Ա․Բ․-ն օգտվեց իր փաստաբան ունենալու իրավունքից։

Մեզ հայտնի է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայության պետ Արմեն Հակոբյանի գործելաոճը, որի անմիջական ղեկավարությամբ գործած քննչական խմբի կողմից էր իրականացվել հայտնի «Մատաղիսի» գործի քննությունը, երբ նա աշխատում էր որպես ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ՝ 1999-2007թթ, որը խայտառակ կերպով հերքվեց նույնիսկ ՀՀ դատական ատյաններում։ Հենց նման «աշխատանքային կենսագրություն ունեցող» վայ-աշխատակիցներից պետք է ազատվի ՀՀ ոստիկանությունը, որոնք հեղինակազրկում են ոստիկանությանը և չեն նպաստում ոստիկանության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը:

ՀՀ ոստիկանությունը իր պարզաբանման մեջ նաև փորձում է 24-ամյա Ա․Բ․-ին հրապարակավ բացասական կերպարով ներկայացնել՝ իբր թե նա ունեցել մի քանի մտերիմ ընկերներ։ Նման մոտեցումն իսկ արդեն անթույլատրելի է անձի անձնական կյանքին միջամտելու տեսակետից։ Ա․Բ․-ն ազատ է իր անձնական կյանքը տնօրինելու ըստ իր ընտրության և հայեցողության, և դա որևէ մեկին չպետք է անհանգստացնի, առավել ևս  ոստիկանությանը։ Մյուս կողմից ՀՀ ոստիկանությունը հանդես է գալիս բարոյախոսի դիրքերից ՝ փորձելով գնահատել անհատի անձնական կյանքը, վարքագիծը  ըստ բարոյականության իր, չգրված ու մեզ անհայտ պատկերացումների, որը ՀՀ օրենսդրական որևէ նորմով չի հանդիսանում նրա գործառույթը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման և պաշտոնական կայքէջում հստակ ներկայացված են ոստիկանության աշխատակիցների կողմից Ա․Բ․-ի և նրա հոր իրավունքների խախտմանը հանգեցրած գործողությունների նկարագրությունը, և ՀՀ ոստիկանությունը հենց այդ հանգամանքներին պետք է անդրադառնար իր պարզաբանումներով, ոչ թե բավարարվի միայն «չեմ հավատում» ձևակերպմամբ։

Մենք չենք կարող ղեկավարվել «հավատում եմ, չեմ հավատում» մոտեցմամբ, այլ միայն օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննության իրականացման սկզբունքներով և ընթացակարգերի հստակ իրականացման արդյունքում ստացված եզրակացությամբ, որի ստացման ուղղությամբ հուսով ենք կզբաղվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։

Հայտարարություն

1350_bԴատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս: Դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասն էլ տվել է ՔԿՀ-ում ծառայություն իրականացնող պաշտոնյային: Միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված պաշտոնատար անձը, ապահովելով հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, հետևել է նաև, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն` մինչև հեռախոսների գումարները չվճարելը:

Հեռախոսների վաճառքից ստացված գումարները իրենից ստանալուց հետո, ՔԿՀ պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսները առգրավվել են` հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Աղբյուրը՝ www.investigatory.am

vladimir-gasparyan-police-armenia_02014 թ. սեպտեմբերի 13-ին Արզնիում տեղի ունեցած ոստիկանության զորավարժությունների ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանելով լրագրողի Մարտի 1-ի դեպքերի և հանցագործների բացահայտման վերաբերյալ հարցին ասել էր. «Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, և ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ նույնպես»:

Այս հայտարարությունը հիմք է տալիս եզրակացնել, որ ռազմական ոստիկանությունը, Մարտի 1-ին գործել է անօրինական, քանի որ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում հստակ նշվում են, թե որ դեպքերում և ինչ գործողություններ կարող է իրականացնել ռազմական ոստիկանությունը:

Մասնավորապես «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածն ամրագրում է ռազմական ոստիկանության խնդիրները, այն է՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝

1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին.

2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը.

3) լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը.

4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը եւ անվտանգ երթեւեկությունը:

Ինչպես նաև «Ռազմական ոստիկանության առջեւ այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով»:

Ելնելով օրենքի վերահիշյալ դրույթից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին դիմում էր ուղարկել, որով պահանջել է  համապատասխան միջոցներ ձեռնարկել  ռազմական ոստիկանության  կողմից 2008 թ. Մարտի 1-ին կատարած գործողություններին իրավական գնահատական տալու, տվյալ արարքը կատարած այլ պաշտոնատար անձանց բացահայտելու և օրենքով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 Ի պատասխան դիմումի ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ. Գևորգյանը հայտնել է, որ կազմակերպության դիմումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՝2008 թ. մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ընթացքը լուծելու համար:

Ստորև ներկայացվում է նաև ՀՀ ՀՔԾ-ից ստացված պատասխան գրությունը:

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930