2018թ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Նա իր խոսքն ուղղել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին, Ալեն Սիմոնյանին և ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։

ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից Դանիել Իոաննիսյանին մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելը, ոչ այլ ինչ է, քան ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում և խորացում, որը շարունակում է խոցելի դարձնել նրանց։

Հայաստանի Հանրապետությունը 2010 թ վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որի շրջանակներում պարտավորություն է ստանձնել ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ նրանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքին, որոշումների կայացմանը։
Մտահոգիչ է նաև Արփինե Հովհաննիսյանի արձագանք-պարզաբանումը իր արտահայտությունների վերաբերյալ, որով խուսափում է իր խոսքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար վիրավորական լինելու մասին փաստից և ներողություն է հայցում միայն ձևակերպման անձնավորված բնույթի համար։

Անընդունելի համարելով մտավոր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և մտավոր խնդիրների շահարկումը՝ պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից սահմանված կարգով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և քննարկել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի վարքագիծը։

 

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

 

Հայտարարությանը միացել են հետևյալ իրավապաշտպան կազմակերպությունները՝

 

  1. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
  2. Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  3. «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ (նախկին «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ)
  4. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  5. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ
  6. «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
  7. «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
  8. «Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ
  9. «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
  10. «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»
  11. «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
  12. «Լիարժեք կյանք» ՀԿ
  13. «Իրավունքի զարգացման» կենտրոն ՀԿ
  14. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ
  15. «Մենք Կարող ենք» ՀԿ
  16. «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ
  17. «Կանանց Ռեսուրսային կենտրոն»
  18. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  19. Արև Մելքոնյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ
  20. «Լռության Ձայն» ՀԿ
  21. Արմինե Ղազարյան, անհատ, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա անդամ
  22. «Սկարպ» ՀԿ
  23. «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
  24. «Երեխաների հասարակություն. մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» ՀԿ
  25. «Տաթևիկ» ՀԿ
  26. Եղեգնաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն
  27. «Սոսե» Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
  28. Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  29. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրո
  30. Հրազդանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
  31. «Հույսի Մեծամոր» ՀԿ
  32. Արմավիրի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն

2018 թ. մայիսի 30-ին ՀՀ Վարչական դատարանում սկսվեց ՀՀ Դատական դեպարտամենտի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցի քննությունը:

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 2018 թ. մարտի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստից առաջ դատական կարգադրիչները, իմանալով, որ  Արթուր Սաքունցը մասնակցելու է վերոնշյալ դատական նիստին, խուզարկել են և վերցրել նրա անձնական տվյալները:

Մինչդեռ այլ դատական նիստերի մասնակցող քաղաքացիներին դատական կարգադրիչները չեն խուզարկել:

Դատարան ներկայացված հայցով Ա. Սաքունցը նշել է, որ խուզարկության գործընթացն ակնհայտ նվաստացման միտում է ունեցել, և պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Դատական դեպարտամենտի կարգադրիչների գործողությունները:

Հայցադիմումին կից ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, որ դատական կարգադրիչները ակնհայտ խտրական վերաբերմունք են ցուցաբերում՝ անձի պաշտոնից ու կարգավիճակից կախված:

Մայիսի 30-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը ներկայացրեց հայցի հիմքերն ու առարկան, պնդեց հայցադիմումում ներկայացված պահանջները:

ՀՀ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչը չժխտեց, որ միայն ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի մասնակիցների անձնական տվյալներն են վերցրել և հետո ոչնչացրել դրանք, սակայն պնդեց, թե խուզարկել են բոլոր դատական նիստերի մասնակիցներին:

Դատարանը պարտավորեցրեց Դատական դեպարտամենտի ներկայացուցչին ապացույց ներկայացնել վերջին պնդման վերաբերյալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2018 թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 10:00-ին:

Սպիտակի խնամքի տուն. դասընթաց բնակիչների համար

Սպիտակի խնամքի տուն. դասընթաց բնակիչների համար

«Սպիտակի խնամքի տան» անգործունակ ճանաչված բնակիչը դատարանում պահանջում է իրեն գործունակ ճանաչել և վերացնել իր նկատմամբ նշանակված խնամակալությունը:

Նա անգործունակ է ճանաչվել դեռևս 2004 թ.-ի ապրիլի 16-ին՝ մոր դիմումի համաձայն։ «Սպիտակի խնամքի տանը» բնակվում է 2016 թ. հուլիսի 17-ից, ուր տեղափոխվել է խնամքի փակ տիպի հաստատությունից:

14 տարի շարունակ անգործունակ ճանաչված լինելով՝ նա զրկված է իր հիմնարար իրավունքներն իրացնելու հնարավորությունից, չի կարողանում աշխատանք գտնել և հոգ տանել իր մասին:

Ի դեպ՝ ինչպես Խնամքի տանը գտնվելու ողջ ժամանակահատվածում, այնպես էլ դրանից առաջ՝ սկսած 2015թ.-ից, բուժման կարիք չի ունեցել, ապրում է բնականոն կյանքով:

Ի թիվս հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության մի շարք այլ դրույթների՝ ՄԱԿ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն 2017 թ. ապրիլի 12-ին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցի շուրջ իր եզրափակիչ դիտարկումներում անդրադարձել է նաև անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտին: Կոմիտեն մտահոգություն է հայտնել անձին գործունակությունից զրկելու և խնամակալ նշանակելու՝ ՀՀ օրենսդրության դրույթների, հատկապես՝ խնամակալի միջոցով որոշումների կայացման համակարգը որոշումների կայացման աջակցության համակարգով փոխարինելու մեխանիզմների բացակայության շուրջ:

Անգործունակության խնդրին բազմիցս անդրադարձել է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ներկայացնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ այլընտրանքային զեկույց և առաջարկություններ ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ:

Անգործունակ ճանաչվելու հետևանքով անձը զրկվում է հասարակության լիարժեք անդամ լինելուց և կախման մեջ է ընկնում այլոց որոշումներից:

Գործունակությունը վերականգնելու և խնամակալությունը վերացնելու՝ «Սպիտակի խնամքի տան» բնակչի դիմումը 2017 թ. հոկտեմբերի 19-ին դատարան է ներկայացրել նրա ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Նա հիմնավորումներ է ներկայացրել Խնամքի տան բնակչի գործունակությունը վերականգնելու անհրաժեշտության մասին՝ այդ թվում՝ վկայակոչելով մասնագետների կարծիքը՝ բնակչի առողջական վիճակի վերաբերյալ:

2018 թ. փետրվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Ա. Չատինյանը դիմումի հիմքերն ու առարկան ներկայացնելուց հետո միջնորդեց նաև դատահոգեբուժական փորձաքնննություն նշանակել նրա նկատմամբ:

Դատարանը բավարարեց միջնորդությունը և կասեցրեց գործի վարույթը: Այն կվերսկսվի փորձագիտական եզրակացությունն ստանալուց հետո:

 2018 թ. հունվարի 12-ին Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանին՝ Վանաձորի Երևանյան խճուղու 90-րդ հասցեի հանրակացարանի «հակաիրավական վարքագիծ ունեցող» բնակիչների նկատմամբ հսկողություն սահմանելու հարցով:

Դատախազն իր միջնորդագրում հիշատակել էր վերջին շրջանում հանրակացարանում կատարված մի դեպքի մասին և ընդհանրացնելով՝ նշել, որ «հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության [….] դեպքեր»:

Միջնորդագրում ասվում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Լոռու մարզի դատախազին ուղղված 2018 թ. հունվարի 15-ի հարցմամբ փորձել է պարզել, թե ինչ նկատի ունի Լոռու մարզի դատախազը  «հակաիրավական» հասկացության տակ, ինչպես է դա որոշել, և ինչ փաստական հանգամանքների հիման վրա է ներկայացրել այդ միջնորդությունը:

Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվական հարցումներով դիմել է ՀՀ Քննչական կոմիտեին և ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնին՝ տեղեկատվություն հայցելով 2016-2017 թթ. վերոնշյալ հանրակացարանում կատարված հակաիրավական դեպքերի և դրանց հիման վրա  հարուցված քրեական գործերի և ահազանգերի քանակի վերաբերյալ:

Չնայած Լոռու մարզի դատախազի միջնորդությամբ ներկայացված իրավախախտման և հանցագործության դեպքերի վերաբերյալ գնահատականին՝ ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության տրամադրած տեղեկատվությունն այլ պատկեր ունի. 2016 և 2017 թթ.-ին հանրակացարանում կատարված դեպքերի հիման վրա հարուցվել է 1-ական քրեական գործ:

Ինչ վերաբերում է Ոստիկանության ստացած ահազանգերին, ապա 2016 թ. ստացված 39 և 2017-ին ստացված 23 ահազանգերից միայն մեկական անձ է ենթարկվել վարչական պատասխանատվության:

Լոռու մարզի դատախազ Ա. Մարտիրոսյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցման պատասխանում հրաժարվում է մեկնաբանել «հակաիրավական» եզրույթի բովանդակությունը և բավարարվում է հղում կատարելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին, որում, սակայն, վերոնշյալ եզրույթը հիշատակված չէ:

Իսկ Վանաձորի քաղաքապետ Մ. Ասլանյանը, ՀՔԱՎ-ի հարցմանն ի պատասխան, վստահեցրել է, որ հանրակացարանում հսկողություն է իրականացվում ինչպես պարետի, այնպես էլ համայնքապետարանի ներկայացուցչի միջոցով: Մ. Ասլանյանը հավելել է, որ «հնարավորության դեպքում նախատեսված է սենսորային լուսավորության համակարգ և տեսախցիկներ տեղադրել»:

Ի դեպ, հանրակացարանում բնակվում են 31 ընտանիք և 6 միայնակ քաղաքացիներ, ընդհանուր թվով՝ 72 հոգի:

Այսպիսով՝ ակնհայտորեն գործ ունենք ըստ բնակության վայրի մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունքի, խարանի ձևավորման փաստերի հետ, որը ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի (Խտրականության արգելքը) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 14-րդ  հոդվածի խախտում է:

www.york.ac.uk

www.york.ac.uk

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Այն հաստատվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ և նշվում է 1992 թ.-ից:

Վերջին տարիներին ավելի շատ են բարձրաձայնվում հոգեկան առողջության բնագավառում պետական մարմինների կողմից  իրականացվող քաղաքականության և մարդու իրավունքների վիճակի խնդիրները: ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից շարունակում են խոցելի մնալ: Նրանք շարունակում են ենթարկվել խտրականության ու մեկուսացվել հասարակությունից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թ. իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ՝ մշտադիտարկված հրապարակումների 25 տոկոսը պարունակում են այնպիսի տեքստեր և ձևակերպումներ, որոնք նպաստում են  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ հասարակության մեջ առկա կարծրատիպերի ու խարանի ամրապնդմանը։

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք «ազատազրկվում են» հոգեբուժարաններում, խնամքի հաստատություններում՝ կորցնելով իրենց իրացնելու հնարավորությունը, իրենց եսը։ Դա հետևանք է թե առկա խարանի ու կարծրատիպերի, թե անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունների բացակայության և թե օրենսդրական անբավարար կարգավորումների:

2016 թվականի մայիսին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց ՀՀ-ում առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որն իրականացնում է  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց  անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու բացառիկ ծրագրեր:

Հանրապետությունում հաշվառված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 50 հազար անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:

timthumb (5)Ինչպես իր նախնական դիտարկումներում նշել է վերջին օրերին Հայաստանում գտնվող ՄԱԿ հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը, Հայաստանը կարող է և պատրաստ է հետևել հոգեկան առողջության ոլորտում միջազգային լավագույն փորձին՝ հրաժարվելով հոգեկան առողջության հնացած այն քաղաքականություններից և ծառայություններից, որոնք հիմնվում են մեծ հոգեբուժական հիվանդանոցների և երկարաժամկետ խնամք տրամադրող հաստատությունների վրա:

«Ես մեծապես խորհուրդ եմ տալիս Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ արագացնել հոգեկան առողջության ոլորտին ուղղված բարեփոխումները և ապահովել այսպիսի համայնքային ծառայությունների ընդլայնումը փորձնական ծրագրերի սահմաններից անդին, որպեսզի դրանք կրկնօրինակվեն և տարածվեն բոլոր մարզերում». նշված է ՄԱԿ հատուկ զեկուցողի դիտարկումներում:

1 (2)ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեի 17-րդ նստաշրջանի շրջանակներում 2017 թվականի մարտի 27-ին Կոմիտեում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման ընթացքը ներկայացրին հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները,  այդ թվում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Սուսաննա Դավթյանը և Մարիետա Թեմուրյանը: Կազմակերպության ներկայացուցիչները Կոմիտեի ուշադրությունը հրավիրեցին հատկապես Կոնվենցիայի՝ օրենքի առաջ հավասարության և անկախ ապրելու ու համայնքում ներգրավվելու իրավունքների ապահովմանը (Կոմիտեին ներկայացված քաղաքականության փաստաթղթերը հայերեն և անգլերեն լեզուներով կցված են):

IMG_1244

Նստաշրջանի շրջանակում 2017 թվականի մարտի 29-30-ը քննարկվեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զեկույցը։

Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի կողմից Կոնվենցիայի կատարման վերաբերյալ տեղեկատվության ներկայացումից հետո ՀՀ պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեի անդամների հարցերին։ Դրանցով Կոմիտեի անդամներն ուշադրություն հրավիրեցին մի շարք կարևոր հիմնախնդիրների վրա, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող կանանց, երեխաների հիմնախնդիրներին, սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձին անգործունակ ճանաչելու, հարկադիր բուժման ենթարկելու, ինստիտուցիոնալացման հիմնախնդիրներին։

Անդրադարձ կատարվեց նաև Խտրականության դեմ պայքարի օրենքի ընդունման ժամանակացուցին, որին ի պատասխան՝ ՀՀ Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ այն նախատեսվում է ընդունել մինչև տարվա վերջ, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրի ֆինանսավորմանը, որի առնչությամբ ՀՀ Կառավարության ներկայացուցիչը տեսակետ հայտնեց, որ պետական բյուջեն բավարար չէ  բոլոր «ցանկությունները» կատարելու համար։

Հարց բարձրացվեց նաև կոնվենցիոն պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի առկայության վերաբերյալ. Կառավարության ներկայացուցիչը հայտնեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն՝ որպես Կոնվենցիայի դրույթների կիրառման նկատմամբ մշտադիտարկում իրականացնող անկախ մեխանիզմ հանդես է գալիս Մարդու իրավունքների պաշտպանը:

Նշենք, որ վերը նշված հիմնախնդիրները, ի թիվս այլ հարցերի, բարձրացվել էին նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. պատրաստված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի/ՀՈՒԱԻԿ այլընտրանքային զեկույցում»:

ՀՀ զեկույցի երկօրյա քննարկումից հետո Հայաստանի Հանրապետության հատուկ զեկուցող, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով կոմիտեում Լիտվայի ներկայացուցիչ Ջոնաս Ռուսկուսն իր եզրափակիչ ելույթում առանձնացրեց  հետևյալ նկատառումները:

- Պետությունը պարտավոր է ապահովել օրենքի առջև հավասարությունը, պետք է վերացնել այն մեխանիզմները, որով սահմանվում է անձի փոխարեն որոշումներ կայացնելը՝ դրանք փոխարինելով որոշումների կայացման աջակցման մեխանիզմով։

- Պետությունը պետք է  ապահովի ֆիզիկական մատչելիությունը ենթակառուցվածքների, տրանսպորտի, հաղորդակցության  առնչությամբ՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը։

- Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է անկախ ապրելու, հասարակության/համայնքի մեջ ներառվելու հնարավորություն ունենան։ Այս նկատառումը, ինչպես նաև կոնվենցիոն պահանջները պետք է ներառվեն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում։ Ընդ որում՝ ցանկացած որոշում, ինչպես նաև կոնվենցիոն պահանջների կատարումը պետք է իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև վերջիններիս շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ սերտ քննարկումների միջոցով։

Ջ. Ռուսկուսն իր ելույթով նաև կոչ արեց Հայաստանի Հանրապետությանը.

- պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ, մշակել կոնկրետ քաղաքականություն, oրենսդրություն։

- ամրապնդել ներառական կրթությունը, աջակցել ուսուցիչներին՝ երեխաներին համապատասխանեցված  կրթություն ապահովելու տեսանկյունից:

Օրենքի առաջ հավասարության իրավունքի ապահովումը Հայաստանում

Սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի ապահովումը Հայաստանում

DSC_0625Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ և Սիգրիդ Րոսինգ Թրասթ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2017 թ. փետրվարի 11-12-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում լրագրողների և պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ՝ «Թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով:

Աշխատանքային քննարկման առանցքում նշված թեմաների լուսաբանման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրականացրած համապատասխան ուսումնասիրություններն ու դրանց արդյունքում վերհանված խնդիրներն էին:

Քննարկման սկզբում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը ներկայացրեց իրականացված մշտադիտարկումների արդյունքները, ըստ թեմաների՝ լուսաբանումների վիճակագրությունը, դրանց առանձնահատկություններն ու խնդրահարույց կողմերը:

Ի թիվս այլ հարցերի՝ ուշադրություն հրավիրեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորող նյութերի մեծ թվին, ինչպես նաև նրանց և թմրամիջոց գործածող անձանց վերաբերյալ նյութերում կարծրատիպային բառերի հաճախադեպությանը, անձնական տվյալներ պարունակող հրապարակումների առկայությանը: Ապա անդրադարձավ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, դրանք գործածելու նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորող նյութերին: Թեմայի շուրջ մասնակիցներն ակտիվ քննարկում ծավալեցին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Արայիկ Զալյանը և Կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների ծրագրերի համակարգող Սուսաննա Դավթյանն անդրադարձան խտրականության տեսակներին և խոսքի ազատության սահմանափակմանն ու պատասխանատվությանը: Մասնակիցները հարցեր հնչեցրին խտրականության դրսևորման ձևերի, օրենսդրության մեջ դրանց արտացոլման, ինչպես նաև իրավական ակտերի ընդունման ընթացակարգերի վերաբերյալ:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանն առանձին օրինակներով ներկայացրեց խոցելի խմբերի խնդիրների լուսաբանման մեջ մեդիայի դերը և ձևավորվող կարծրատիպերը, խմբային աշխատանքների միջոցով վեր հանվեցին ոլորտի լուսաբանման խնդիրներն ու դրանց հաղթահարման ճանապարհները:

Աշխատանքային քննարկման երկրորդ օրը ևս հագեցած էր:

Դժվար լուսաբանվող թեմաներին նախապատրաստվելուն, դրանց հերոսների հետ հաղորդակցման առանձնահատկություններին և թեմատիկ նյութերը ճիշտ տեսանկյունից ներկայացնելուն անդրադարձան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի թմրաբան Սուրեն Նազինյանն ու հոգեբույժ Խաչատուր Ավետյանը:

Փորձագետներն անդրադարձան նաև առանձին դեպքերի, տրամադրեցին նախնական գիտելիքներ իրենց ներկայացրած ոլորտերի վերաբերյալ:

Երկօրյա աշխատանքային քննարկումը եզրափակվեց խոցելի խմբերի վերաբերյալ լրագրողական նյութերում էթիկական խնդիրների ու դրանց լուսաբանման նորարարական տեխնոլոգիաների ներկայացմամբ:

Աշխատանքային քննարկման արդյունքում մասնակիցների կողմից կպատրաստվեն և կհրապարակվեն թեմատիկ լրագրողական նյութեր:

Հարակից հրապարակումներ՝

«Հոգեկան առողջության բնագավառում մարտահրավերները՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առողջապահական իրավունքների ապահովման դիտակետից»

Տեղեկանք պետական մարմինների պաշտոնական և զանգվածային լրատվության այլ միջոցների ինտերնետային էջերով 2015 թ. մայիս- դեկտեմբեր ամիսներին թմրամիջոց գործածող անձանց, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը և թմրամիջոցներին առնչվող այլ նյութերի մշտադիտարկման վերաբերյալ

Թմրամիջոցներ գործածող անձանց նկատմամբ իրականացվող քաղաքականության առանձնահատկությունները Հայաստանում: Հիմնական թերությունները և բարեփոխումների անհրաժեշտությունը

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքը՝ ըստ զանգվածային լրատվության միջոցներով և պետական մարմինների ինտերնետային էջերով 2015 թ. հրապարակված նյութերի

arm148101988119Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են լրագրողների հետ աշխատանքային քննարկում, որը վերաբերում է թմրամիջոցներ գործածող և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող թեմաների լուսաբանմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անցկացրած մշտադիտարկման համաձայն՝ հայաստանյան լրատվամիջոցներում նշված թեմաներով նյութերն առավելապես իրադարձային են, հաճախ են պարունակում կարծրատիպային տարրեր և չեն արտացոլում խնդիրների ամբողջական պատկերը: Քննարկումը հնարավորություն կտա իմանալու ավելին այս  հարցերի մասին՝ դիտարկելով դրանք տարբեր, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների տեսակետից, ծանոթանալու փորձագետների հետ, գտնելու նոր պատմություններ և օրինակներ՝ լրագրողական նյութերի համար, քննարկելու թեմայի լուսաբանման դժվարություններն ու էթիկական խնդիրները:

Աշխատանքային քննարկումը նախատեսված է լրագրողների համար (մասնակիցների թիվը՝ առավելագույնը 25 հոգի), որոնք հետաքրքրված են այս թեմաներով և/կամ լուսաբանում են դրանք իրենց լրատվամիջոցներում:

Աշխատանքային քննարկումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 11-12-ին Երևանից դուրս (տեղի մասին կհայտնենք լրացուցիչ): Ճանապարհածախսն ու կեցության հարցերը կհոգան կազմակերպիչները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 5-ը nsafaryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV) և աշխատանքային քննարկմանը մասնակցելու նամակ-հիմնավորում: Եթե ունեք թեմային առնչվող նյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց հղումները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (հեռ.՝ 010 583620)։

Աշխատանքային քննարկումը կազմակերպվում է «Սիգրիդ Րոսինգ Թրասթ» (The Sigrid Rausing Trust) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Օրակարգը՝ այստեղ

Աշխատանքային քննարկում լրագրողների հետ՝ թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները

pjimage(1)Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ հաստատված այս օրը նշվում է սկսած 1992թ.-ից:

Սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության ուղղություններից մեկն է ավելի քան տասը տարի:

Հայաստանի Հանրապետությունում կարևոր քայլեր են արվել հոգեկան առողջության, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչը պայմանավորված է ՀՀ Կառավարության՝ ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով:

Դրանց շրջանակում 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Կառավարությունը հավանության արժանացրեց «Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որպես արդյունք՝ 2016 թվականի ապրիլին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ներդրվեց սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված առաջին համայնքահեն ծառայությունը՝ Սպիտակի խնամքի տունը, որը սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց  անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու առաջին փորձն է:

Հանրապետությունում հաշվառված սոցիալ-հոգեբանական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 46000 անձանց գերակշիռ մասը զրկված է այդ հնարավորությունից. նրանց մի մասը գտնվում է փակ տիպի հաստատություններում՝ մեկուսացված համայնքից, մյուս մասը, ապրելով համայնքում, լիարժեք ներառված չէ համայնքային կյանքին, չի ստանում պատշաճ խնամք և բուժում:

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից մշակվել և 2015 թ. օգոստոսին շրջանառության մեջ է դրվել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր որոշակի հստակություն մտցնել հոգեբուժական օգնության ոլորտում։

Չնայած դրան՝ պետք է արձանագրենք, որ հոգեկան առողջության ոլորտը մեծ առումով դուրս է մնացել օրենքի նախագծից:

Մտահոգիչ է վերոնշյալ ծրագրերով սահմանված ժամկետներում նախատեսված մյուս գործողությունների չիրականացումը. դրանք չեն կատարվում բավարար ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Շարունակում է մտահոգիչ մնալ  հոգեբուժական հաստատություններում  մարդու իրավունքների վիճակը։

Կարևոր ենք համարում ոլորտում կատարվող գործողությունների համապատասխանեցումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթներին:

Արձանագրում ենք, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շարունակվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խարանավորումը ինչպես հանրության կողմից, այնպես էլ լրատվամիջոցներով և պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքէջերում տարածվող  հրապարակումներում:

2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի վայրից բռնությամբ ոստիկանության բաժին բերված և այնտեղ ապօրինաբար պահված Դավիթ Սելիմյանի գործով 2015 թ. դեկտեմբերի 23-ին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում), 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելության իրավունք), 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 10-րդ (Արտահայտվելու ազատություն), 11-րդ (Հավաքների և միավորման ազատություն), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք), 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով:

2016 թ. փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունը հաստատել է դիմումի ստացումը:

Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում իրականացվող բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառվել է ջրանետ մեքենա, ինչից հետո Դավիթ Սելիմյանը, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, բռնությամբ տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ ապօրինաբար պահվել է մոտ 10 ժամ:

Դ. Սելիմյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Չիլինգարյանը և Կազմակերպության կողմից այս գործով ներգրավված փաստաբան Արտուր Հարությունյանը:

Untitled-1ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության թիրախ ոլորտներից է հանդիսանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Կազմակերպությունը 2007, 2009 և 2013 թվականներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական հաստատություններում, կազմել զեկույցներ, ներկայացրել առաջարկություններ համապատասխան մարմիններին: 2014 թ. Կազմակերպությունը ներկայացրել է ՀՀ կողմից Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջների կատարման վերաբերյալ այլընտրանքային զեկույց:

2014թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության 303-Ն որոշմամբ հավանության արժանացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված գործողություններից մեկը վերաբերում է հոգեկան առողջության և (կամ) մտավոր խնդիրներ ունեցող անձին անգործունակ ճանաչելու հիմքերի հստակեցմանը և անգործունակության գնահատման տարբերակված չափանիշների մշակմանը:

Գործունակության ճանաչումը, անձի` որպես իրավունքի սուբյեկտ հանդես գալու կարևոր նախապայմաններից մեկն է: Գործունակության սահմանափակման կամ անգործունակ ճանաչվելու հետևանքով անձը զրկվում է հասարակության լիարժեք անդամ լինելուց: Նա` հանրային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ հանդիսանալու փոխարեն դառնում է այլոց որոշումներից կախում ունեցող` հանրային կյանքի, իրավական հարաբերությունների կարգավորման օբյեկտ:

Ելնելով անձի արժանապատվության, օրենքի առջև հավասարության և մարդու  իրավունքների համընդհանուր այլ սկզբունքներից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշակել է ուսումնասիրություն և առաջարկություններ ուղղված չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի փոխարեն` անձի իրավունքների լիարժեք իրացման և այլոց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված այնպիսի ինստիտուտի ներդրմանը, որը անհամաչափ կերպով չի սահմանափակի անձի իրավունքները:

Ստորև տեսեք ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի դիրքորոշումը և առաջարկությունները ՀՀ-ում չափահաս անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի վերաբերյալ: Սույն դիրքորոշումը ընդգծում է անգործունակության ինստիտուտի վերացման, խոցելի վիճակում գտնվող անձի իրավունքների իրացման, օրինական շահերի պաշտպանությանը և պարտականությունների կատարմանն աջակցող մեխանիզմի ներդրման և սույն ոլորտում բարեփոխումների իրականացման համար գործողությունների ծրագրի մշակման  անհրաժեշտությունը:

LGBTnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս անգամ մեր զրուցակին է իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

- Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը:

- ԼԳԲՏ անձանց նկատմամբ ակնհայտ խտրական վերաբերմունք կա ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ՝ իրավական առումով և հասարակության ընկալման տեսանկյունից: Ակնհայտ է նաև, որ անգամ Մարդու իրավունքների պաշտպանը մինչև վերջ չի ընկալում ԼԳԲՏ համայնքի իրավունքների խնդիրները, և դրա ցայտուն օրինակն ու ապացույցը հենց նրա կողմից Կոմայգու վերաբերյալ արված հայտարարություն է (օմբուդսմենը 2013-ի վերաբերյալ տարեկան զեկույցում նշել էր, որ Կոմայգում «պոռնկությամբ զբաղվող մի շարք տրանսգենդեր անձինք» իրենց գործողություններով ոչ միայն վտանգել են հասարակության բարոյականությունը, այլև «բնակչության մոտ ծնում են հոմոֆոբիա» – խմբ. ): Նրա հայտարարությունից պարզ է դառնում, որ նա խտրական վերաբերմունք է դրսևորում մարմնավաճառությամբ զբաղվող սեռական փոքրամասնության ներկայացուցիչների հանդեպ:

- ԼԳԲՏ անձինք հաճախ մեղադրվում են նույնքան անհանդուրժող լինելու մեջ, որքան՝ նրանց ճնշող խմբերը, և մեղադրողները պնդում են, որ ԼԳԲՏ անձինք ցանկանում են իրենք ճնշել մյուսներին և որ իրենց նկատմամբ դրական խտրականություն ցուցաբերվի:

- ԼԳԲՏ անձինք իրականում որևէ մեկի իրավուքների խախտման կոչ չեն անում, թշնամանք չեն տարածում, նրանք ընդամենը ցանկանում են իրացնել իրենց իրավունքները, իսկ իրավունքի հարցում շատ և քիչ չկա. իրավունքը կամ կա, կամ չկա: Նրանք ուզում են ցույց անել, իրենց կարծիքն արտահայտել հանրային, լրատվական դաշտում: Այդ ամենը կլինի այն դեպքում, եթե Հայաստանը դառնա իրավական պետություն, հասարակությունն ազատվի նախապաշարմունքներից, որն, ի դեպ, խոսում է գրագիտության մասին, քանի որ իրազեկ մարդու կյանքում նման նախապաշարմունքները տեղ չունեն, և նա իրենից տարբերվող անձանց նկատմամբ ունի հանդուրժողական վերաբերմունք: Պետք է մարդկանց իրավունքի նկատմամբ հարգանք լինի հատկապես պետական մարմինների կողմից: Սակայն մենք տեսնում ենք, որ քաղաքական բոլոր ուժերը ԼԳԲՏ համայնքի նկատմամբ վերապահում ունեն, այսինքն՝ դա լուրջ խոչընդոտող հանգամանք է, քանի որ այդ նույն ուժերն են, որ Ազգային ժողովում օրենքներ են ընդունում, գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնում, և եթե նրանք չեն ընկալում այս ամենի լրջությունն, ապա բնական է, որ ԼԳԲՏ անձանց իրավունքների վերաբերյալ ո՛չ պատշաճ օրենք կընդունվի և ո՛չ էլ պատշաճ վերահսկողություն կիրականացվի, ուստի չեն ապահովվի իրավունքների իրականացման համար պատշաճ պայմաններ: Պետք է նշել նաև, որ ոչ բոլոր լրատվամիջոցներն են կարողանում ղեկավարվել մարդու իրավուքների և արժանապատվության սկզբունքներով, և այս կամ այն խմբի նկատմամբ ստերեոտիպային մտածելակերպի ձևավորման կամ ամրապնդման հարցում շատ նշանակալի դեր ունեն նաև լրատվամիջոցները:

-Այսինքն՝ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող երկու կարևորագույն օղակների՝ պետական պաշտոնյաների և լրատվամիջոցների մեծ մասը չեն նպաստում Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը: Այս պայմաններում դուք ինչպե՞ս եք տեսնում ԼԳԲՏ անձանց ունեցած խնդիրների լուծումը Հայաստանում:

- Ժամանակի ընթացքում ԼԳԲՏ անձանց խնդիրները լուծվելու են, և հենց ԼԳԲՏ անձինք են, որ լուծելու են իրենց խնդիրները, իսկ մենք նրանց ամեն կերպ աջակցելու ենք:

- Ձեր կարծիքով՝ հասարակական կազմակերպությունների՝ ԼԳԲՏ անձանց ցուցաբերած աջակցությունը բավարա՞ր է՝ եթե ոչ միանգամից, այլ գոնե ժամանակի ընթացքում նրանց խնդիրները լուծելու համար:

- Ցավոք սրտի, հասարակական սեկտորում ևս նրանց նկատմամբ որոշակի վերապահումներ կան: Պետք է շատ կրթվել ու շատ իմանալ և ոչ թե ելնել լսածից ու ըստ այդմ այս կամ այն երևույթի կամ անձի մասին պատկերացում կազմել, վերաբերմունք դրսևորել: Պետք է ճանաչել, նրանց հետ շփվել, իմանալ, ուսումնասիրել: Շատ կարևոր է գիտակցել, որ անձի իրավունքի նկատմամբ վերաբերմունքը չպետք է պայմանավորել անձով. այսօր թե՛ իշխանության, թե՛ հասարակության խնդիրն իրավունքի նկատմամբ խտրական վերաբերմունքն է:

- Ձեր կարծիքով՝ խտրականության մասին օրենքի ընդունումը կնպաստի՞ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի վերացմանը:

- Օրենքը կանխարգելող նշանակություն ունի, և մարդիկ հասկանում են, որ այս կամ այն բանը չի կարելի: Հայաստանը ընտրել է ժողովրդավարական, իրավական պետություն դառնալու ուղին, սակայն այդ շաբլոնային ձևակերպումից դեպի իրական ժողովրդավարական ու իրավական պետության հասնելը շատ դժվարությունների հետ է կապված, քանի որ երբ իշխանության ձևավորման ճանապարհը անօրինական է, այդ անօրինականությունը դառնում է նաև իշխանության պահպանման միակ միջոցը: Այդ դեպքում հնարավոր են նաև մանիպուլյացիաներ, երբ մարդկանց ու ընտրազանգվածին ուղղորդում են դեպի այնպիսի խնդիրներ, որոնք հենց նպաստում են իշխանության պահպանմանը: Ըստ որում, բոլոր բռնապետական ու սահմանփակող համակարգերն իրենց գաղափարական հիմքում դնում են ազգային պատկանելության բացարձակացումը, ընտանիքի մասին որոշակի պատկերացումներն են բացարձակացվում, կրոնը: Այս համակարգերում իշխանություններն առաջնորդվում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով և անում են այնպես, որ մարդիկ միմյանցով, այլ ոչ թե իշխանություններով զբաղվեն:

- Օրինակ՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հենց այդ նպատակո՞վ է պարբերաբար Ազգային ժողովի ամբիոնից ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի և ատելության կոչեր անում: 

- Մի՛ հավատացեք, որ առանց Բաղրամյան 26-ի իմացության և թույլտվության ՀՀԿ-ից որևէ մեկն Ազգային ժողովից նման մի բան ասի: Բաղրամյան 26-ն ունի իր իշխանությունը պահելու խնդիր: Տեսեք թե ինչ է ստացվում. իրավական և ժողովրդավարական պետություն հիմքերն ամրապնդելու համար պետք է լինեն ազատ ու անկախ ընտրություններ, անկախ դատական իշխանություն, խոսքի ազատություն, պետք է լուծվի տնտեսական ազատությունների խնդիրը, սակայն այս հարցերի շուրջ բանավեճ չի ծավալվում, այլ քննարկում է հրահրվում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ, ըստ որում՝ ԼԳԲՏ անձանց ձայնը լսելի դարձնելու համար նրանց երբեք չի տրամադրվում, օրինակ, հարթակ Հանրային հեռուստաընկերությանում: Իշխանությունները, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ավելի են սրում ԼԳԲՏ անձանց խնդիրը, ապա ասում՝ մենք մեղավոր չենք, հասարակությունը չի ընդունում նրանց, բայց եթե իշխանությունների համար այդ նույն հասարակության կարծիքն իսկապես կարևոր լիներ, ապա նրանք իշխանության չէին լինի:

- Նկատի ունեք՝ իշխանությունները շահարկու՞մ են ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հարցերը:

- Իշխանություններն ապատեղեկատվություն են տարածում:

Աղբյուրը՝  www.lgbtnews.am

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930