Yerevan_State_University_15Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանող Կ. Ղ.-ի մայրը այս տարվա հոկտեմբերին ահազանգել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, որ ապրիլյան քառօրյայի մասնակից որդուն ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն տրամադրում:

Կ. Ղ.-ը մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է զինված ուժեր, որտեղ էլ մասնակցել է 2016 թ. ապրիլի պատերազմական գործողություններին: Զորացրվելուց հետո 2017 թ. օգոստոսին մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթղթերը ներկայացրել է Համալսարան, սակայն նախ հայտնել են, որ ծրագրային խնդիրների պատճառով պետք է ավելի ուշ դիմում ներկայացնել և ստանալ ուսման վարձի փոխհատուցում, ապա դիմումը երկրորդ անգամ ներկայացնելուց հետո հայտնել են, որ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն անցել է, և նա այլևս չի կարող օգտվել այդ արտոնությունից:

Կ. Ղ.-ի խախտված իրավունքները վերականգնելու և ուսման վարձի զեղչ տրամադրելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. հոկտեմբերի 12-ին դիմեց ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որից հետո խնդիրը լուծվեց:

Այնուամենայնիվ ԿԳ նախարարի տեղակալ Վ. Մկրտչյանը պատասխան գրությամբ պնդել էր, թե Կ. Ղ.-ի առաջին դիմումում ուսման վարձի զեղչման մասին խոսք չի եղել, այն միայն վերաբերել է ուսանողական իրավունքները վերականգնելուն, այդ մասով էլ դիմումը քննարկվել է դեկանատում: ԿԳ նախարարի տեղակալը անուղղակի կերպով հերքել է նաև երկրորդ դիմումի պատասխանի վերաբերյալ ուսանողի պնդումները և հայտնել, որ ռեկտորատի 2017 թ. հոկտեմբերի 16-ի նիստում որոշվել է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Կ. Ղ.-ին:

Ուշագրավ է, որ Նախարարի տեղակալի վկայակոչած ռեկտորատի նիստը տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ԿԳ նախարարին գրություն ուղարկելուց հետո միայն, սակայն Վ. Մկրտչյանը իր պատասխանում դրա մասին որևէ ակնարկ չի անում և իրադարձությունները ներկայացնում այնպես, կարծես խնդիրը լուծվել է դրանից առաջ:

http://vanadzor22.schoolsite.am

Վանաձորի 22-րդ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտի մայրը ահազանգել է, որ դասվար Ն. Անտոնյանը պարբերաբար բռնություն է կիրառում աշակերտի նկատմամբ, որի պատճառով երեխան հրաժարվում է դպրոց հաճախելուց: Ծնողի փոխանցմամբ՝ դպրոցի տնօրենությունը մերժում է տրամադրել երեխայի փաստաթղթերը՝ նրան այլ դպրոց տեղափոխելու նպատակով:

Երկրորդ դասարանի աշակերտ Ա. Ծ.-ի մայրը՝ Զ. Ծ.-ը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել այս տարվա հոկտեմբերին և հայտնել, որ 2017 թ. փետրվարին ուսուցչուհի Ն. Անտոնյանը հանձնարարությունը ոչ բավարար կատարելու պատճառով հարվածել է երեխային, որի պատճառով երեխայի ականջի վրա կապտուկներ են առաջացել, և երեխան վախից միզել է: Ծնողի փոխանցմամբ՝ դասվարը երեխային ամբողջ դասարանի առջև խայտառակել և այդ վիճակում է թողել մինչև դասերի ավարտը:

Ահազանգի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Վանաձորի թիվ 22 դպրոցի տնօրեն Դ. Մելքոնյանին:

Նախարարությունից հայտնել են, որ հետամուտ են լինելու երեխայի կրթության իրավունքի վերականգնմանը և ներկայացրել են Լոռու մարզպետարանից ստացված պարզաբանումը: Ավելի ուշ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած գրությանը պատասխանել է նաև դպրոցի տնօրեն Դ. Մելքոնյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Զ. Ծ.-ը իրադարձությունները չափազանցված է ներկայացրել: Նա պնդել է, թե ծնողի վկայակոչած կապտուկները ոչ թե ուսուցչի գործողությունների, այլ համադասարանցիների հետ վեճի արդյունք են, որը դպրոցի փոխտնօրենի միջամտությամբ հարթվել է:

Ինչ վերաբերում է դասվար Ն. Անտոնյանի գործողություններին, ապա վերջինս խոստովանել է, որ իրեն թույլ է տվել մանկավարժին ոչ վայել պահվածք, երեխային բարձր տոնով է նկատողություն արել և բարձրաձայնել, որ երեխայի վրայից տհաճ հոտ է գալիս: Դրա համար նա նկատողություն է ստացել տնօրենության կողմից:

Իսկ երեխայի անձնական գործը չտրամադրելը տնօրենը մեկնաբանել է նրանով, որ երեխայի մայրը Հանրապետությունում չէ, իսկ երեխայի խնամքով զբաղվող մորաքույրն ու տատիկը նրա օրինական ներկայացուցիչները չեն, հետևաբար՝ անձնական գործը նրանց տրամադրել չի կարող:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ահազանգերի արդյունքում 2017 թ. նոյեմբերի 2-ին հարցը քննարկվել է  Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում, ապա Կրթության, մշակույթի և uպորտի վարչությունում:

Քննարկմանը մասնակցող բազմամասնագիտական կազմը եզրակացրել է, որ երեխայի ծնողի բացակայության պայմաններում պետք է հիմք ընդունել վերջինիս էլեկտրոնային դիմումը և երեխայի կրթության իրավունքի իրացման նպատակով կազմակերպել նրա տեղափոխումը այլ դպրոց:

Երեխան արդեն հաճախում է Վանաձորի թիվ 1 դպրոց:

2017 թ. սեպտեմբերի 27-ին Armtimes.com կայքը տեղեկություններ եւ լուսանկարներ էր հրապարակել այն մասին, որ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունն անցկացրել է կուսակցական ժողով, որի ընթացքում կուսակցության շարքեր են ընդունվել նոր անդամներ, բաժանվել են անդամատոմսեր: Այս հրապարակմանը անդրադարձավ նաև ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը` պարզաբանում պահանջելով մարզպետից և իջեցնելով շրջաբերական, ինչը, անհամաչափ լինելով չի կարգավորում խնդիրը և, նույնիսկ, քողարկում է այն:

Սույն հայտարարությամբ ցանկանում ենք առաջ քաշել մի քանի հարցադրումներ:

  1. Հիշյալ հրապարակումը հայտարարություն է օրենքի խախտման մասին, առնվազն. դպրոցների տարածքում արգելված է ցանկացած քաղաքական (հատկապես կուսակցական) միջոցառում և/կամ քարոզչություն: Ակնկալում ենք, որ սույն հայտարարությունը կընդունվի որպես օրենքի ակնհայտ խախտման մասին հայտարարություն` հրավիրելով ՀՀ Արդարադատության ու Կրթության և գիտության նախարարությունների ուշադրությունը խնդրին, եթե նախորդ հրապարակումը վրիպել է նրանց ուշադրությունից:
  2. Ցանկանում ենք հստակ համեմատական անցկացնել Մեղրիում գումարված կուսակցական ժողովի և վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների և հակակոռուպցիոն այն ռազմավարության միջև, որին մեծ խանդավառությամբ սատարում են արդեն երկու վարչապետ և մեկ նախագահ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը, որում կրթությունն առանձնացվում է որպես մտահոգիչ եւ թիրախային ոլորտներից մեկը, հստակորեն անդրադառնում է կրթական համակարգի` որպես մեկ ամբողջի քաղաքականացվածությանը` վերջինս համարելով կոռուպցիայի առաջին և կարևորագույն պատճառը: Վերջին ընտրությունները` ինչպես բոլոր նախորդները, ցույց տվեցին, թե ինչպես է կրթության համակարգն ընտրությունների ընթացքում ենթարկվում հետևողական և համակարգային չարաշահման: ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների պարագայում տարբերությունն այն էր, որ հանրությունը ստացավ նման չարաշահման և Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 84 ակնհայտ դեպքի մասին անհերքելի ապացույց, և չնայած դրան` որեւէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Ընդհակառակը, համակարգի այդօրինակ կոռուպցիայի դատապարտման դեպքերի իսպառ բացակայության ֆոնին ականատես  եղանք իշխող կուսակցության բարձրաստիճան ղեկավարներից շատերի կողմից  84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններին ցուցաբերված լիարժեք և անվերապահ զորակցությանը: Այժմ կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարելու մասին բոցաշունչ հայտարարությունների հետ մեկտեղ ակնհատ դիմադրություն ենք տեսնում այդ խնդիրներից ձերբազատվելու ուղղությամբ որևէ իմաստավորված քայլ կատարելու հարցում, չնայած կրթական համակարգի քաղաքականացվածությունը միջազգային, առնվազն, 4 ուսումնասիրություններում մատնանշվել է որպես կոռուպցիայի առաջնային պատճառ:
  3. Ի լրումն այս ամենի ՀՀ ԿԳ նախարարությունը ջանքեր չի խնայում հայոց լեզվի դերի նվազեցման, շատ կասկածելի հիմնավորումներով օտար լեզվի գերազանցության հատկանշման համար: Հայոց լեզվի բարեխիղճ և խորացված ուսուցման հայեցակարգի մշակման, հանրության համաձայնությունն ստանալու և ներդնելու փոխարեն, բազմաթիվ օտար լեզուներից մեկի խորացված ուսուցման հայեցակարգի մշակումը և առաջխաղացումը արժանացավ հանրության խիստ քննադատությանը, e-draft.am կայքում դպրոցներում ռուսաց լեզվի խորացված ուսուցման հայեցակարգին կողմ արտահայտվեցին քվեարկության մասնակիցների ընդամենը 25 տոկոսը, իսկ դեմ՝ 75 տոկոսը:
  1. Վերջին մի քանի տարիներին և հատկապես այս մի քանի օրերին, շարունակում ենք ընթերցել մարդատյաց նենգափոխություններ, դիտում ենք իշխանական հեռուստահաղորդումներ, որոնցում նույն մեկնաբանները պատմում են, թե ինչպես են օտարերկրյա ուժերը «ներթափանցում մեր ազգի մեջ» և «այլասերում ազգի հոգին», սասանում նրա անվտանգությունը, թշնամանք սերմանում Հայաստանի և Ռուսաստանի միջև, և թե ինչպես են միլիոններ տրվում «մեր ազգի դավաճաններին» այդ կեղտոտ գործն անելու համար: Հիստերիան շարունակվում է` ասելով, թե իբր այդ «դավաճանները» ներթափանցել են անգամ մեր դպրոցներ: Ավելի քան համակարծիք ենք, որ մեծ մասշտաբների են հասնում մեր կրթության ոլորտում տեղի ունեցող չարաշահումները: Եթե կրթությունը համարենք սերնդի, ուստի` ողջ ազգի ապագան, ապա արդարացի կլինի ասել, որ այդ չարաշահումը հավասարազոր է դավաճանության: Այդ չարաշահման դրսևորում է, Հայաստան ՌԴ ԿԳ նախարարի ընդունելության համար ուսանողների անհասկանալի երգուպարը, որով լրացուցիչ անգամ ընդգծվեց իշխանությունների (կամ ԿԳ նախարարության) անհասկանալի ծառայամտությունը, ինչը մեկնաբանում ենք որպես քաղաքական կարճատեսության, քծնանքի և ստորաքարշության դրսեւորում, որին մեր երկիրը եւ քաղաքացիները չպիտի արժանանային: Չարաշահման դրսևորումներն են նաև կրթության որակի շարունակվող վատթարացումը, որակյալ կրթության հասանելիության առումով սոցիալական անարդարության խորացումը, ուսուցչի մասնագիտության նկատմամբ իրականացվող ահաբեկումը և անարգանքը` երբ ուսուցիչներին ճնշում են քվեներ ապահովել, քաջալերելու փոխարեն, որպեսզի նրանք ուժերը ներածի չափ կատարեն իրենց սուրբ պարտքը` կրթեն և դաստիարակեն մեր երեխաներին:
  2. Քանի դեռ իշխող վերնախավը շարունակում է չարաշահել կրթական համակարգը և անուշադրության մատնել կրթության կարիքները` ճոռոմաբանելով «մտավոր Հայաստանի» մասին, Հայաստանը որևէ հաջողություն չի ունենա կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում: Ընտրված հատուկենտ դպրոցների` այսպես կոչված գերազանցության կենտրոնների, մեջ միլիոններ լցնելով հնարավոր չէ քողարկել համակարգի շարունակական բարոյալքվածությունը և որակազրկումը: Այդպիսի ներարկումներով ընդամենը խորացվում է որակյալ կրթության մատչելիության խտրականությունը:

Համարում ենք, որ այս ահագնացող ճնգաժամից դուրս գալը համակարգի անհապաղ, ամբողջական ապաքաղաքականացումն է մի կողմից, և մյուս կողմից` ինքնակառավարման կենսունակ մեխանիզմների ներդրմամբ կրթական բոլոր հաստատությունների ինքնուրույնության և ինքնահարգանքի վերականգնումը: Այս հիմքով պահանջում ենք իրականացնել հետեւյալ բարեփոխումները և չսահմանափակվել դրանցով.

1. Իրականացնել և ուսուցիչների, և սովորողների որակի ազնիվ գնահատում,
2. Թե ֆինանսական, թե կրթության որակի տեսանկյունից հանրային վերահսկողության առարկա դարձնել հանրակրթությունը` հրապարակելով «TIMMS 2015» և այլ միջազգային ստուգատեսների արդյունքները,

3. Հրատապ քայլեր ձեռնարկել հանրակրթությունը համահավասար կերպով բոլորի համար հասանելի դարձնելու ուղղությամբ` անկախ ընտանիքի հարստությունից, երեխայի սոցիալական դրությունից կամ բնակության վայրից, սեռից, կրոնից և այլ առանձնահատկություններից,

4. Հանրակրթական բոլոր հաստատությունները ազատել պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզի բոլոր հնարավոր տարրերից,

5. Խստորեն կարգավորել կրթական համակարգն այնպես, որ որևէ հաստատություն չծառայի քաղաքական կամ կուսակցական գործընթացների կամ միջոցառումների,

6. Վերջ տալ կրթության համակարգում ինքնագլուխ և կասկածելի փոփոխությունների պրակտիկան, հանրության մասնագիտացված, փորձագիտական խմբերին արդյունավետորեն և ոչ թե ձևականորեն ներգրավել վերոհիշյալ և այլ բարեփոխումների մշակման և իրականացման գործընթացներում:

Հայտարարությունը բաց է միանալու համար: Գրել karine@partnership.am հասցեին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հայաստանի հելսինկյան կոմիտե

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հանուն հավասար իրավունքների

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ներբեռնել՝ ԱՅՍՏԵՂ

8c57142d92e0b39af4dbdd66d8af83dcԱվելի քան մեկ ամիս առաջ Սպիտակ քաղաքի բնակիչ Բ. Սարգսյանի ահազանգի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի անբարեկարգ վիճակի և ջեռուցման հարցով:

Ինչպես նշել ենք դրա վերաբերյալ մեր նախորդ հրապարակմամբ, Բ. Սարգսյանը Կազմակերպություն ներկայացրած իր դիմումում հայտնել էր, որ դպրոցի անբարեկարգ վիճակը և թիթեղյա վառարաններով դիզելային վառելիքով ջեռուցում իրականացնելը, առավել ևս, որ այն չի ապահովում անհրաժեշտ ջերմաստիճան, վտանգում է աշակերտների առողջությունը:

e1b64900b10cc566b9a54fa5e2d27e3e

Քաղաքացու ահազանգով խնդրին անդրադարձել է նաև hraparak.am լրատվական կայքը, որում հրապարակվել էին նշված խնդիրները փաստող լուսանկարներ:

Չնայած դրան՝ և լրատվամիջոցի հետ զրույցում, և ՀՀ Կրթության և գիտության նախարարության պահանջով Արագածոտնի մարզպետարան ներկայացրած գրավոր բացատրությամբ դպրոցի տնօրեն Ա. Հովհաննիսյանը հերքել է Բ. Սարգսյանի հայտնած տեղեկատվությունը: Նա նշել է, որ Բ. Սարգսյանը դպրոցում մեկ անգամ է եղել միայն և պնդել, որ այդ այցի արդյունքում նման եզրահանգումներ չէր կարող անել: Դպրոցի տնօրենը չի հերքել, սակայն, որ դասասենյակների հատակը բետոնապատ է, առաստաղն էլ քայքայված, վերջինը պատճառաբանել է տարիներ առաջ քամու հետևանքով տանիքի վնասմամբ:

Չի հերքել նաև Բ. Սարգսյանի պնդումները՝ դիզվառելիքով ջեռուցման վերաբերյալ՝ նշելով, որ այլ տարբերակ չկա, սակայն հավաստիացրել է, որ չնայած դպրոցի տարածքն ամբողջությամբ հնարավոր չէ ջեռուցել, այնուամենայնիվ դասասենյակները ջեռուցվում են նորմայի սահմաններում:

dedb235af908a4540d3816b9f5d71c1b

Տնօրենը հավելել է, որ դպրոցում պարբերաբար վերանորոգման աշխատանքներ կատարվել են, իսկ իր աշխատասենյակը վերանորոգել է սեփական միջոցներով:

Ա. Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ Բ. Սարգսյանի «մեղադրանքները համարել է անհիմն զրպարտանք», միաժամանակ Արագածոտնի մարզպետից խնդրել միջոցներ ձեռնարկել դպրոցի վերանորոգման և ջեռուցման խնդիրները լուծելու համար:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատասխան նամակում նշվել էր, որ Բ. Սարգսյանը նախկինում ևս նույն հարցով դիմել է Նախարարություն, սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիրը շարունակում է չլուծված մնալ:

Լուսանկարները՝ hraparak.am-ի

zekuyc«Կոնգրես» հյուրանոցում այսօր ներկայացվեց ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) և ՀՀ տարածքային կառավարման (ՏԿ) նախարարությունների ենթակայության տակ գտնվող 22 հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի երրորդ հաշվետվությունը, որը ներառում է 2013 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին հանրային դիտորդական խմբի կողմից (31դիտորդ 13 հասարակական կազմակերպություններից) կատարված մոնիթորինգի արդյունքները:

Մոնիթորինգն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է եղել խթանել և պաշտպանել երեխաների իրավունքները հատուկ կրթական հաստատություններում՝ ներդնելով երեխաների իրավունքների անկախ մոնիթորինգի մեխանիզմ ԿԳ և ՏԿ նախարարությունների ենթակայության տակ գտնվող հաստատություններում:

Ըստ զեկույցի՝ 22 հատուկ կրթական հաստատություններում խնամվում / կրթվում է 2106 երեխա, այդ թվում 876-ը՝ ՏԿ նախարարության և 1230-ը՝ ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում: Այս հաստատություններում գիշերում են 1081 երեխաներ, որոնց մեծ մասը տղաներ են: Զեկույցի համաձայն՝ ընդամենը մեկ այցելության արդյունքում երեխաների հիմնարար կարիքների և իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվել այս հատուկ կրթական հաստատություններում՝ ներառյալ երեխաների կարգապահության համար կիրառվող անընդունելի մեթոդները, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական բռնության և անտեսման դեպքերը:

«Ես, հավանաբար, երբեք էլ չեմ կարողանա հասկանալ այն մեծահասակներին, որոնք կարծում են, որ երեխաների նկատմամբ բռնությունը լավ բան է: Շատերը մտածում են, որ երեխային ծեծելով կարող են հասնել ցանկալի արդյունքի: Դա սխալ պատկերացում է,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռզեհակը՝ ընդգծելով, որ երեխաների նկատմամբ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող արդարացված լինել. «Երբ աշխատավայրում ղեկավարդ բարկանում է քեզ վրա, ծեծո՞ւմ է, իսկ եթե ծեծի, քեզ դո՞ւր կգա»,- հռետորական հարց է տալիս Ռ. Ռզեհակը:

Ինչ վերաբերում է պատժի ձևերին, զեկուցման մեջ նշված է, որ դրանք խիստ բազմազան են՝ սկսած լայնորեն տարածված՝ անկյուն կանգնեցնելուց, բղավելուց, ականջ քաշելուց մինչև հայհոյանք, մութ տեղում պահել, անգամ դպրոցից հեռացնել և այլն: Մոնիթորինգի զեկույցի համահեղինակ, հասարակական դիտորդական խմբի անդամ Միրա Անտոնյանին մտահոգում են ոչ միայն վերը նշված պատժամիջոցները, այլև այն, որ, ըստ նրա, այս հաստատությունները բավարար ջանքեր չեն գործադրում երեխաների ու ընտանիքի անդամների միջև կանոնավոր կապ ստեղծելու հարցում:

Բացի այդ, անտեսվում են երեխաների կանոնավոր բժշկական ստուգումները, իսկ հագուստի, սննդի և ժամանցի կազմակերպման հարցերում երեխաների կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում. «Բայց ամենավատն այն է, որ երեխաները չեն էլ փորձում փոխել իրենց դրությունը, իսկ դա նրանից է, որ չգիտեն իրենց իրավունքները, բավարար չափով իրազեկված չեն»,- ասում է տիկին Անտոնյանը: Ընդունելով ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված երեխայի խնամքի հաստատությունների վերակազմավորմանը՝ մոնիթորինգի զեկույցում առաջարկվում է փակել այն հատուկ կրթական հաստատությունները, որոնք գործում են երեխայի խնամքի անընդունելի չափանիշներով և կիրառում են ոչ պատշաճ կրթական և ուսուցման մեթոդներ:

Արձագանքելով զեկուցման արդյունքներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունում է ինչպես այս հաստատություններին վերաբերող քննադատությունները, այնպես էլ մասնագիտական խմբի կողմից արված առաջարկները: Նախարարի խոսքով՝ այս ոլորտում թեև ձեռքբերումներն զգալի են, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան. «Ուռա՜ գոռալով գնալ առաջ՝ այս հարցում չի կարելի: Ասել՝ ռեֆորմ ենք անում ու վերջ, չի կարելի, որովհետև ամեն մի ռեֆորմի հետևում երեխաների ճակատագրեր են, և պետք է զբաղվել յուրաքանչյուր երեխայի ճակատագրով, իսկ դա, իհարկե, թիմային աշխատանք է պահանջում. սոցիալական ծառայության աշխատակիցները մեծ անելիքներ ունեն, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է մեր կողքին լինեն և բազմաթիվ այլ կառույցներ ևս»,- ասում է պարոն Աշոտյանը:

Նրան մտահոգում է նաև սոցիալական խնդիրների պատճառով նման դպրոցներում հայտնված երեխաների խնդիրը. «Հատուկ դպրոցներում հայտնված ոչ բոլոր երեխաներն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք,- ասում է Ա. Աշոտյանը,- նրանց զգալի մասը, պարզապես, սոցիալապես անապահով ընտանիքներից է: Երեխաներ են, որոնց կարիքներն ընտանիքը չի կարողանում հոգալ, և նրանք հայտնվում են պետության ձեռքերում, որը կարողանում է հոգալ այդ կարիքները: Այս տեսակետից երկրորդ լրջագույն խնդիրն այդ երեխաների վերադարձն է ընտանիք: Հատուկ դպրոցներում պետք է լինեն բացառապես այն երեխաները, որոնք իսկապես ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք»:

Սակայն սոցիալապես անապահով երեխաների վերադարձն ընտանիք իրականում այնքան էլ դյուրին չէ, ինչպես փաստում է ԿԳ նախարարը. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ հաջողությամբ երեխային վերադարձնում են տուն, բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ վերադարձնում են տուն, բայց այդ երեխան հետո կամ հետ է գալիս, կամ հայտնվում է փողոցում, կամ էլ ավելի վատ դրության մեջ է ընկնում»,- ասում է Ա. Աշոտյանը:

Աղբյուրը՝  www.aravot.am

hqdefault2014 թ. մարտի 13-ին civilnet.am կայքում հրապարակվեց մի տեսանյութ, որը ներկայացնում էր Սպիտակի 10-ամյա բնակչուհի Ինգա Դումանալյանի պատմությունը: Երեխան ունի առաջին կարգի հաշմանդամություն, որը ոչ մի կերպ կապ չունի նրա սովորելու ընդունակությունների հետ:

Համաձայն հրապարակված նյութի՝ երեխայի համար դպրոցի տնօրենի որոշմամբ սահմանվել է տնային պայմաններում ուսում. նրա համար կազմակերպվում են միայն մայրենի լեզվի և մաթեմատիկայի դասեր: Ինգան և նրա մայրը պնդում են, որ Ինգան ընդունակ է սովորելու բոլոր առարկաները, սակայն պետությունը գումար է խնայում և չի կազմակերպում երեխայի լիարժեք կրթությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2014 թ. մարտի 14-ին գրություն է ներկայացրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ Սպիտակ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի վարչակազմի դրսևորած ոչ իրավաչավ վարչարարության հիմքով վարչական վարույթ հարուցելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու պահանջներով:

2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող  Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձել էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները: Ինչպես հայտնի է Սևան-Երևան մայրուղու վրա այդ փորձը կոպտորեն կանխվեց ուժային կառույցների կողմից:

Քանի որ քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային խոչընդոտելը և առավել ևս դրանում զինված ուժերի ներգրավումը հակասահմանադրական է, 2013 թ. մայիսի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հարցում է հղել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ով կամ ովքեր էին զինված ուժերի ստորաբաժանումներին հրամայել իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխվել:

2013 թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի «18.05.13թ. Երևան-Սևան մայրուղում կազմակերպված բողոքի ակցիային խոչընդո­տելու կամ կանխելու հրաման պաշտպանության նախարարության ռազմական ոստի­կանության ստորաբաժանումներին չի տրվել, առավել ևս այդպիսի մտադրություն չի էլ եղել:

ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկություն ստանալով, որ Երևան-Սևան մայրուղում մարդկային մեծ կուտակումներ կան, որը էական դժվարություններ կարող էր առաջացնել ինչպես զինվորական ավտոշարասյունների ռազմավարական տեղաշարժերին, այնպես էլ ՊՆ ռազմական ոստիկանության աշխա­տակիցների կողմից օպերատիվ հրատապ միջոցառումների իրականացմանը, այդ իսկ պատճառով ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի համապատասխան աշխատա­կիցները մեկնել են այնտեղ և ընդամենը փորձել են պարզաբանել»:

Փաստորեն ստացվում է, որ Երևան-Սևան մայրուղով տեղաշարժվող քաղաքացիները տեսականորեն կարող էին խոչընդոտել զինվորական ավտոշարասյուների ռազմավարական տեղաշարժին (ի դեպ նմանատիպ ռազմավարական տեղաշարժ կամ դրա անհրաժեշտություն կարծես թե նշված ժամանակահատվածում այդ տարածքում չի նկատվել), այդ պատճառով թույլատրելի է համարվել մեծաքանակ ամբողջական ստորաբաժանումների տեղափոխությունը տվյալ տարածք՝ ուղղակի «պարզաբանման համար»: Իսկ այն, որ նշված «պարզաբանումը» զուգորդվում է Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ բռնության կիրառմամբ, թերևս պաշտպանական գերատեսչության կողմից համարվում է երկրորդական կամ հանդիսանում է «պարզաբանման» ընդունված ռազմավարական միջոց:

Թերևս ավելի ընդունելի կլիներ, եթե ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այս անօրինական հրամանը բացատրեր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով զինվորական ստորաբաժանումների տեղափոխման անհրաժեշտությամբ, նաև նշեր, որ ՊՆ նախաձեռնությամբ նմանատիպ ուշադրության կարժանան զինվորական ծառայության ընթացքում մահացած բոլոր զինծառայողները և նրանց ընտանիքները՝ անկախ մահվան պատճառներից և ընտանիքի գործողություններից: Փոխարենը գերատեսչությունը կրկին արդարացնում է զինված ուժերի ապօրինի կիրառումը սեփական քաղաքացիների դեմ և որպես հիմնավորում ներկայացնում առնվազն անտրամաբանական պատճառաբանություններ:

Պատասխանից թերևս պետք է ենթադրել, որ Գեղարքունիքի և Տավուշի մարզի քաղաքացիները մինչ Սևան-Երևան մայրուղով խմբակային ենթևեկության մեկնելը, նախապես պետք է ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ձեռք բերեն հնարավոր զինվորական տեղաշարժերի մասին, հակառակ դեպքում՝ կարող են ենթարկվել ռազմական ոստիկանության և զինվորական ստորաբաժանումների կողմից անակնկալ շրջափակման:

«ԱԱԾ-ի պետը և ոստիկանապետը պետք է հրաժարական տան,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ դիտարկելով Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը:

Աղբյուրը` http://lragir.am/index.php/arm/0/right/view/78007

Հրապարակումների արխիվ
Միջոցառումների արխիվ
April 2019
M T W T F S S
« Sep    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930