Օրենքով ամրագրված փոխհատուցման ձևերն իրականություն չեն դառնում բանակում որդի կորցրած ծնողների համար
00:00, February 1, 2011 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ բանակում խաղաղ պայմաններում որդի կորցրած ընտանիքի անդամների ամենամյա դրամական օգնությունը ընդամենը 9100 դրամ է կազմում:
Ծառայության ընթացքում մահացած զինծառայողների ընտանիքներին որդու մահից հետո տրվում է 700.000 դրամ հուղարկավորության համար և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման համար 1.400.000 դրամ: Այնուհետև պետության կողմից զինծառայողների ծնողները ստանում են միայն 9.100 դրամ (եթե ընտանիքի անդամները 5-ից ավելի են յուրաքանչյուր անձի հաշվարկով տրվում է 3.000 դրամ), որը դառնում է միակ օգնությունը, եթե ընտանիքի անդամները չեն ստանում ծերության կամ էլ հաշմանդամության թոշակ, կամ էլ «չեն ընկնում դռնեդուռ»՝ պահանջելով հարգել օրենքի տառը:
Կան ընդունված որոշումներ, որոնց մասին մահացած զինվորականների ծնողներն անգամ տեղյակ չեն լինում: Օրինակ, ՀՀ կառավարության 27.11.2000թ. N778 որոշման ու ՀՀ ՊՆ 04.03.2008թ. N225 հրամանի համաձայն՝ տարին մեկ սոցիալական աջակցություն կարող է տրվել մինչև 100.000 դրամի չափով: Սակայն ծնողները կա՛մ ընդհանրապես չեն ստանում այդ գումարը, կա՛մ էլ ստանում են միայն հատուկ դիմելու դեպքում ու հիմնականում այդ գումարը չի գերազանցում 10.000 դրամը:
Համաձայն ՀՀ օրենսդրության նաև ծնողները 50 տոկոսով ազատվում են հողահարկից, որը ոչ միշտ է գործում:
«Ինձ սկզբում գյուղապետն ասաց, որ ազատված եմ ոռոգման ջրի ու հողի հարկերից, բայց մի քանի տարի հետո ինձ ասացին, որ ես մեծ պարտքեր ունեմ, որոնք կարողացա փակել միայն Պաշտպանության նախարարություն դիմելու երկար քաշքշուկներից հետո, որից հետո այդ գումարը չկիսվեց, ու ես շարունակում եմ 9.000 դրամ միայն հողահարկ մուծել 1.500 մ հողակտորս մշակելու համար»,- ասում է էջմիածնի Բաղրամյան գյուղի բնակչուհի Անահիտ Ավետիսյանը՝ 9 տարի առաջ պաշտոնական տվյալներով անզգույշ պատճառներով, իսկ մոր կարծիքով, 100 դոլար բանակ չտանելու համար մահացած Արայիկ Ավետիսյանի մայրը: (Ավետիսյանն անցել է Հայաստանում բոլոր դատական ատյանները և հունվարի 10-ին դիմել է Եվրադատարան, քանի որ համոզված է, որ իր որդուն դավադրաբար սպանել են):
Ասում է, որ բախտը բերել է, որ աշխատում է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում» ու ստանում է մոտ 30.000 դրամ, իսկ ամուսնու հետ հաշմանդամության թոշակը կազմում է 57.000 դրամ:
Մեկ այլ ծնող՝ 4 տարի առաջ բանակում մահացած Գեղամ Սերգոյանի հայրը՝ Ռոբերտ Միրզոյանը ևս համոզված է, որ օրենքը բնավ սոցիալապես չի ապահովում ծնողներին: Նախկինում քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած Միրզոյանը այսօր իր ընտանիքը պահում է իր գործի շնորհիվ վաստակած 71.000 դրամ թոշակով:
«Կինս էլ իր 60.000 աշխատավարձը ստանում է արդար քրտինքով մանկավարժական գիտելիքներ ստանալու և այժմ դասավանդելու համար, թե չէ այդ օրենքով տրված միայն 9.100 դրամով ինչպե՞ս էինք ապրելու: Ես իմ միակ բարձրագույն կրթություն ունեցող տղային տվեցի բանակին, ու համոզված եմ, որ նա այսօր մի բարձր պաշտոն կզբաղեցներ, ու մեզ այսօր այդ չնչին գումա՞րն են տալիս»,- հարց է տալիս Միրզոյանը:
Միրզոյանը նաև սրտային հիվանդ է, որի համար էլ ստանում է հավելյալ 20.000 դրամ:
Եթե այս երկու ընտանիքների ներկայացուցիչները գոնե ապահովված են աշխատանքով, նույնը չես կարող ասել այլ ընտանիքների մասին, որոնցից է, օրինակ, Օհանջանյանների ընտանիքը: Հայրը, Ռուսաստանում ապրելով, վաստակում էր 5000-6000 դոլար, բայց որդու մահվան լուրը ստանալով՝ վաճառեց ամեն ինչ ու եկավ Հայաստան՝ իր խոսքով որդու մարդասպանին գտնելու, և այժմ ո՛չ ինքը, ո՛չ էլ կինը աշխատանք չունեն:
«Ռուսաստանից բերված բոլոր գումարները սպառվել են, մենք էլ այժմ չենք աշխատում, միայն 20000 հաշմանդամության թոշակ եմ ստանում և այդ 9.100 դրամը: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ վարչապետին և այլ պաշտոնյաների: Վարչապետն ասաց, որ մեր տարիքի մարդկանց չի կարող ընդունել, իսկ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում, երբ ասացինք, գոնե 60.000 դրամով աշխատանք տան, ասացին, որ մենք նախարարի աշխատավարձի չափ աշխատավարձ ենք ուզում»,- պատմում է Օհանջանյան հայրը:
Օհանջանյաններին միայն օգնել են մեկ անգամ. Պաշտպանության նախարարությունում սեփական դիմումի համաձայն համաձայնվել են վճարել իրենց մյուս որդու ուսման վարձը Եվրոպական ակադեմիայում:
«Մենք ախր առողջ ու ապահովված մարդիկ էինք, հենց այդ դեպքից հետո ամեն ինչ կորցրինք ու ձեռք բերեցինք առողջական խնդիրներ ու դեռ շարունակում ենք ձեռք բերել, քանի որ մինչև հիմա չենք կարողանում ապացուցել, որ մեր տղան չի էլեկտրահարվել բանակում, այն վայրում, որտեղ փորձաքննությունն էլ ցույց տվեց, որ հոսանք չի անցնում,այլ դավադրաբար սպանվել է»,- ասում են ծնողները:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ այս օրենքը չի գործում և սոցիալական առումով զինծառայողների ծնողներն ըստ էության հայտնվում են կոտրված տաշտակի առջև.
«Ինձ ծանոթ դեպքերով գիտեմ նաև, որ ծնողներին միայն 600 դոլար են տրամադրում, օրինակ, հուղարկավորությունը կազմակերպելու համար»,- հայտնում է Սաքունցը:
Նա ասում է, որ նույնիսկ Վանաձորի զինվորականների համար նախատեսված գերեզմանոցն է անմխիթար վիճակում գտնվում, ու ոչ ոք այդ խնդրով չի զբաղվում:
«Նույնկերպ չեն գործում օրենքի նաև մյուս կետերը, քանի որ չկա հստակ սահմանված կարգ, որ բանակում խաղաղ պայմաններում մահացած կամ սպանված զինծառայողների ընտանիքներին ինչ փոխհատուցում է սպասվում, այսինքն ստացվում է, որ օրենքը գործում է միայն պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորականներին ընտանիքներին»,- պարզաբանում է Սաքունցը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակած ոչ պաշտոնական տվյալներով այս տարի բանակում 44 հոգի է զոհվել: 1998-2005 թթ. տարեկան գրանցվում էր 100-170 զոհ, վերջին տարիներին այն չի հատում 100-ի սահմանը:
Աղբյուրը՝ http://www.hra.am/am/hr-reviews/2011/01/31/military